Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր սահմանադրական բարեփոխումների շուրջ հանդիպումներ է ունեցել 7 կուսակցությունների ղեկավար կազմի, այդ թվում՝ «Բարգավաճ Հայաստանի» հետ, որի ներկայացուցիչները մինչ այս կտրականապես դեմ էին արտահայտվում այս նախաձեռնությանը։
Նախագահական նստավայրը հանդիպման վերաբերյալ մանրամասներ չի հաղորդում, տեղեկացնելով միայն, որ դրան մասնակցել են ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը և պատգամավորներ Միքայել Մելքումյանն ու Ստեփան Մարգարյանը։
ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը, մինչդեռ, «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ հանդիպման ժամանակ կուսակցությունը վերահաստատել է իր դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ։ - «Քննարկումները շարունակվում են», - հավելեց Բաբայանը:
Ամիսներ շարունակ նախկին առաջնորդ Ծառուկյանի գլխավորությամբ «Բարգավաճ Հայաստանը» քննադատում էր սահմանադրական բարեփոխումները, մերժում էր այս հարցը քննարկման դնելու ցանկացած առաջարկ, պնդելով, որ իրականում իշխանությունն ընդամենը վերարտադրության խնդիր է լուծում:
Այսօր Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո պատգամավոր Միքայել Մելքումյանը ասաց՝ ոչ թե բարեփոխումների բովանդակությունն են քննարկել, այլ գործընթացը, ներկայացրել են իրենց դիրքորոշումը, ընդ որում՝ ըստ Մելքումյանի, առաջիկայում լինելու են նաև այլ հանդիպումներ, քանի որ իրենք անտարբեր չեն կարող մնալ։
«Մենք ընդհանրապես առաջ ենք նայում, թե ոնց ենք պատկերացնում և մեր սկզբունքները, գաղափարները, դրույթները, որ մենք ունեինք, ոնց են տեղավորվում այդ առաջ նայելու գործընթացի մեջ, այդքանը», - մեկնաբանեց Մելքումյանը:
Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերի նախկին եռյակի մյուս անդամի՝ «Ժառանգության» ներկայացուցիչներ Ռուբիկ Հակոբյանի և Արմեն Մարտիրոսյանի հետ Սերժ Սարգսյանը հանդիպեց արդեն երեկոյան: Մինչև հանդիպումը «Ազատության» հետ զրույցում կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասել էր՝ պատրաստ են Սերժ Սարգսյանի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ, եթե իշխանությունները ընդունեն իրենց ներկայացրած երեք առաջարկները․ - «Մինչև բովանդակային քննարկումների մեջ մտնելը՝ այս փուլում անհրաժեշտ ենք գտնում, որ պառլամենտը ընտրական օրենսգրքում ընդունի հարյուր տոկոս համամասնական ընտրակարգի վերաբերյալ և քվեարկած քաղաքացիների ցուցակների հրապարակման վերաբերյալ [փոփոխություններ]: Երկրորդ առաջարկը վերաբերում էր նրան, որ այս փուլում արդեն ընդդիմությանը վերահսկողական լծակներ տրվեն, և երրորդը՝ մենք գտնում ենք անհրաժեշտ, որ եթե սահմանադրական փոփոխություններն ընդունվեն հանրության կողմից, ապա դրանից անմիջապես հետո պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ»:
Արմեն Մարտիրոսյանը նաև հաստատեց, որ «Ժառանգության» և Հանրապետականի միջև սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումներ եղել են, բայց պնդեց, թե դրանք եղել են ոչ պաշտոնական: «Ազատության» այն հարցին, թե արդյո՞ք na[kin եռյակի գործընկերները տեղյակ են «Ժառանգության» դիրքորոշումից, Մարտիրոսյանն ասաց, որ եռյակում ամեն մեկը իր դիրքորոշումն է ունեցել և իրենց կարծիքը հստակ է եղել:
Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, մինչդեռ, պնդում է, որ սահմանադրական բարեփոխումների շուրջ եռյակում մեկ դիրքորոշում է եղել․ - «Եռյակում կար լիակատար ըմբռնում, որ սահմանադրական բարեփոխումները ուղղված են Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգմանը և արվում են միայն այդ նպատակով: Եռյակում կար ըմբռնում, որ սահմանադրական փոփոխություններ, եթե անգամ դրանց անհրաժեշտությունը կա, կարող են լինել միայն այն բանից հետո, երբ որ Սերժ Սարգսյանի ռեժիմը հեռացվի և Հայաստանում հնարավոր լինի ազատ և արդար ընտրությունների մեխանիզմը հիմնել»:
Նախկին եռյակից Սահմանադրական բարեփոխումներին առնչվող քննարկումներին մասնակցելու համար նախագահականից հրավեր չի ստացել միայն Հայ ազգային կոնգրեսը: Լևոն Զուրաբյանն ասաց, որ իրենք մնում են նույն կարծիքին և շարունակելու են դեմ արտահայտվել բարեփոխումներին: Ըստ նրա, փետրվարի 20-ի հանրահավաքի չեղյալ հայտարարումից հետո եռյակում հանդիպումներ չեն եղել, բայց իրենք պատրաստ են անհրաժեշտության դեպքում միայնակ էլ պայքարել սահմանադրական բարեփոխումների դեմ:
Իշխող Հանրապետականում արդեն հայտարարում են, որ շուտով Սահմանադրական բարեփոխումների համար անհրաժեշտ քաղաքական ուժերի կոնսոլիդացիան կլինի: ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը տրամադրությունների փոփոխություն է նկատում նախկին եռյակում․ - «Հիմա այդ եռյակի մեջ մտած երեք քաղաքական ուժերն էլ, ինձ թվում է, որ արդեն կուսումնասիրեն և իրենց առանձին կարծիքները կներկայացնեն, ոչ թե միասնական կարծիքը: Եվ չի բացառվում, որ կլինեն քաղաքական ուժեր, որոնք նաև դեմ կարտահայտվեն: Իսկ ո՞վ է ասել, որ դա պետք է լինի միանշանակ»:
Նշենք, որ Սերժ Սարգսյանը հանդիպել է նաև «Օրինաց երկիր», Դաշնակցություն, Հայոց համազգային շարժում կուսակցությունների հետ, մինչդեռ մանրամասներ ներկայացվում են միայն մեկ հանդիպման դեպքում՝ ԲՀԿ ցուցակով պատգամավոր դարձած Միավորված աշխատանքային կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանի հետ Սերժ Սարգսյանը քննարկել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը հավանության արժանացնելու հետ կապված հարցեր։