Մատչելիության հղումներ

Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցած սպանության գործով բողոքը ներկայացվել է Եվրադատարան


Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցած սպանության գործով բողոքը ներկայացվել է Եվրադատարան
please wait

No media source currently available

0:00 0:04:18 0:00

Սյունիքի մարզպետի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, այսօր «Ազատությանը» փոխանցեց Բուդաղյանների ներկայացուցիչ Հայկ Ալումյանը:

Փաստաբանի խոսքով, օրերս ներկայացված գանգատով Բուդաղյանը ՄԻԵԴ-ից խնդրում է ճանաչել, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3 հոդված, որոնք վերաբերում են կյանքի իրավունքին, արդար դատաքննությանն ու անմեղության կանխավարկածին, ինչպես նաև տեղեկություն ստանալու իրավունքին:

«Ինչպես գիտեք՝ Ավետիք Բուդաղյանը սպանվել է, և սպանվել է Սուրիկ Խաչատրյանի որդու և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի կողմից: Բայց երկրորդ հոդվածը, որը պաշտպանում է կյանքի իրավունքը, պետության վրա պարտականություն է դնում ոչ միայն չսպանել՝ տվյալ դեպքում սպանողը պետությունը չի եղել, այլ քննել բոլոր դեպքերը, որոնք վերաբերում են սպանություններին և քննել լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի ձևով», - «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց Ալումյանը:

Ալումյանի խոսքով, արդար դատաքննության իրավունքը և անմեղության կանխավարկածը խախտվել են, որովհետև քննիչն է որոշել, որ սպանված Ավետիք Բուդաղյանը մեղավոր է ծանր հանցագործության կատարման մեջ՝ մերժելով իրենց պահանջը՝ քննել այդ հարցը դատարանում:

«Այսօր պետությունը Ավետիք Բուդաղյանի գործով պատշաճ քննություն չի իրականացրել, այսինքն՝ քննությունն ավարտվել է նախաքննությամբ, դատարանը Ավետիք Բուդաղյանի սպանության գործը չի քննել: Այսօր ընդամենը քննիչի որոշմամբ հաստատված է համարվել, որ Ավետիք Բուդաղյանին սպանողների գործողություններում չկա հանցակազմ», - ասում է նա:

2013թ․ հունիսի 1-ի ուշ երեկոյան Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանվեց Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, երեք անչափահաս երեխաների հայր Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը՝ գնդապետ Արտակ Բուդաղյանը, հրազենային ծանր վնասվածքով տեղափոխվեց հիվանդանոց: Փաստի առթիվ կալանավորվեցին Սուրիկ Խաչատրյանի 19-ամյա որդին` Տիգրան Խաչատրյանը, և թիկնապահը` 25-ամյա Զարզանդ Նիկողոսյանը: Նրանց մեղադրանք առաջադրվեց, այդ թվում՝ սպանության հատկանիշներով: Սակայն տեղի ունեցածից մոտ երեք ամիս անց Պաշտպանության նախարարության քննչական ծառայության որոշմամբ Խաչատրյանն ու Նիկողոսյանը ազատ արձակվեցին ու նրանց նկատմամբ դադարեցվեց քրեական հետապնդումը: Փոխարենը՝ մեղադրանք առաջադրվեց Արտակ Բուդաղյանին, ով ըստ նախաքննական մարմնի «սպանության սպառնալիքներ է հնչեցրել Սուրիկ Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին»: Բուդաղյանը մեղադրանքը չի ընդունում:

Ալումյանը հիշեցրեց՝ այս գործով Սյունիքի առաջին ատյանի դատարանում ընթացող դատավարությունում Արտակ Բուդաղյանը հանդես է գալիս որպես մեղադրյալ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ընդհանրապես որևէ կարգավիճակով ներգրավված չէ, մարզպետի տիկինը՝ Լորետա Բարսեղյանը, հանդես է գալիս որպես տուժող, իսկ որդիները՝ վկա են:

Չսպառելով հայաստանյան դատական ատյանները՝ Բուդաղյանները դիմել են ՄԻԵԴ, հիմք ընդունելով հրապարակված տեղեկությունը, թե Հայաստանի նախագահը, վարչապետը, արդարադատության նախարարը, բազմաթիվ այլ պաշտոնյաների հետ, անցած տարվա դեկտեմբերին մասնակցել են Սուրիկ Խաչատրյանի որդու հարսանյաց հանդեսին: Որևէ լրատվամիջոց մինչ օրս չի հերքել այս տեղեկությունը, պաշտոնյաներն էլ Ալումյանի հարցումներին չեն պատասխանել:

«Այսինքն, այսօր Հայաստանում անհնարին է ակնկալել, որ դատարանները կարող է Տիգրան Խաչատրյանի մեղավորությունը մատնանշող ինչ-որ դատական ակտ կայացնեն, եթե երկրի ամբողջ իշխանական վերնախավը այդ ընտանիքի հետ այս աստիճանի մտերիմ են», - ասաց փաստաբանը: Ալումյանը եզրափակեց՝ ՄԻԵԴ-ը չի պահանջում անցնել ներպետական բոլոր դատարաններով, եթե հայցորդը կարողանում է ապացուցել, որ տվյալ գործով ներպետական ատյանները արդյունավետ չեն: ՄԻԵԴ-ը առաջիկա ամիսներին կորոշի՝ գործը ընդունե՞լ քննության, թե՞ ոչ:

Խաչատրյանների ներկայացուցիչ Ռուբեն Սահակյանը չցանկացավ արձագանքել ՄԻԵԴ դիմելու՝ Բուդաղյանների քայլի վերաբերյալ «Ազատության» հարցերին:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG