«Մարտի 1»
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսն այսօր հրապարակած զեկույցում ամփոփել է հոկտեմբերին Հայաստան կատարած այցը, գնահատել է դրա ընթացքում «Մարտի 1»-ի վերաբերյալ հնչած պնդումներն ու քրեական գործի արդյունքը:
«․․․Պահպանվում է այն խորը կարծիքը, թե արդարադատությունն ի կատար է ածվում «չափաբաժիններով» և ընտրողաբար, և որ ըստ երևույթին ցցուն հակասություն գոյություն ունի, մի կողմից, իշխանությունների հետ ենթադրաբար կապված կամ նրանց ներկայացնող անձանց նկատմամբ դրսևորվող ակնհայտ մեղմ վերաբերմունքի (նույնիսկ, եթե նրանք մեղադրվել են ծանր խախտումների մեջ), իսկ մյուս կողմից՝ իշխանություններին ընդդիմացողների նկատմամբ կիրառվող խիստ վերաբերմունքի և պատիժների միջև: 2008 թվականի մարտի իրադարձությունների ընթացքում տեղի ունեցած մահվան 10 դեպքերի քննության արդյունքների բացակայությունը է՛լ ավելի է խորացնում վերոհիշյալ կարծիքը և նպաստում է, որ հանրության շրջանում ցածր լինի դատական իշխանության նկատմամբ վստահությունը», - մասնավորապես ասված է զեկույցում:
Հանձնակատարը հիշեցրել է 2008 թվականի մարտի 1-ի 10 սպանությունների վերաբերյալ նախկին հանձնակատարի դեռևս 2011 թվականի կոչը հայաստանյան իշխանություններին՝ եռանդագին հետամուտ լինել մահվան դեպքերի քննությանը և ընդդիմադիրների ձերբակալության ու կալանավորման ընթացքում ոստիկանության չարաշահումների դեպքերին: Նիլս Մուժնիեկսը ևս մեկ անգամ հիշեցրել է Թոմաս Համմարբերգի երեք տարի առաջ հրապարակած պնդումը ոստիկանության և անվտանգության ուժերի բարձրաստիճան պաշտոնյաների պատասխանատվության վերաբերյալ:
«Արժեքների հեղափոխության» գործով
Հանձնակատարն անդրադարձել է նաև «արժեքների հեղափոխության» գործով 15-ամյա Շահեն Հարությունյանի դատապարտմանը:
«Դատախազությունն այս անչափահասի նկատմամբ դատարանից պահանջել էր 5 տարով ազատազրկում, ընդ որում՝ նա տվյալ իրադարձությունների ժամանակ եղել էր 14 տարեկան», - նշված է զեկույցում:
Նիլս Մուժնիեկսը, գնահատելով Շահեն Հարությունյանին 4 տարվա պայմանական ազատազրկման դատապարտելու դատավճիռը, նշել է. - «Այս գործի կապակցությամբ առաջ են գալիս անչափահասների արդարադատության ոլորտի ընդհանուր հիմնախնդիրները. տարբեր սուբյեկտներ նշել են, որ անչափահասները հատկապես խոցելի են Հայաստանի քրեական արդարադատության համակարգում, և որ գործնականում նրանք անհրաժեշտ երաշխիքներով պաշտպանված չեն իրենց իրավունքների խախտումներից»:
Հոկտեմբերին Հայաստան այցի ժամանակ Նիլս Մուժնիեկսի հետ հանդիպմանը Շանթի և ընկերների հարազատները տեղեկացրել էին, որ նախքան դատավճիռը նախագահ Սերժ Սարգսյանը Կոլումբիայի համալսարանում իր ելույթում «հանցագործ» է համարել Շանթին:
Այսօր հրապարակած զեկույցում հանձնակատարը գրել է. - «Դատական, պետական և քաղաքական սուբյեկտները պետք է խղճմտորեն հարգեն անմեղության կանխավարկածի սկզբունքը՝ նախքան իրավասու դատական մարմնի կողմից փաստերի գնահատումը»:
Նիլս Մուժնիեկսը հարկ է համարել նաև պնդել. - «Արդար դատաքննությունը չպետք է սասանվի կանխակալ հայտարարություններով, հատկապես եթե դրանք արվում են դատական իշխանությունների և հանրային պաշտոնյաների կողմից: Հանձնակատարը տեղեկություններ է ստացել, որոնք պարունակում են անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտման մասին պնդումներ: Բազմաթիվ հարցազրույցների հիման վրա ՀԿ-ների անցկացրած մշտադիտարկմամբ բացահայտվել է, որ այս սկզբունքը գործնականում անարդյունավետ է, քանի որ դատավորները «կանխակալ» են և «բացասական տրամադրվածություն» ունեն քրեական գործերով կասկածյալների նկատմամբ: Դատական քննության ընթացքում ամբաստանյալների տված ցուցմունքն ընդհանուր առմամբ հաշվի չեն առնում դատարանները, և սեփական մեղքը հաստատող ու նախաքննության փուլում ստացված ցուցմունքները հերքող հայտարարությունները և/կամ դաժան վերաբերմունքի կամ հարկադրաբար ինքնախոստովանական ցուցմունք կորզելու վերաբերյալ հայտարարությունները դիտարկվում են որպես «պատասխանատվությունից խուսափելու փորձեր»:
Հանձնակատարը փաստել է՝ տարբեր զրուցակիցներ տեղեկացրել են, որ դատախազությունը շարունակում է գերիշխող դիրք ունենալ Հայաստանի քրեական արդարադատության համակարգում, «այսինքն՝ վերջինը դեռևս կրում է դատախազամետ կողմնակալության ժառանգությունը»:
Բանակ
ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարն ի մի է բերել նաև բանակում մարդու իրավունքների կոպիտ խախտումներին և անարդար դատավարություններին վերաբերող փաստարկները:
Հանձնակատարն ափսոսանքով է նկատում, որ Հայաստանի բանակում շարունակվում են ոչ մարտական իրավիճակներում տեղի ունեցող բռնության դեպքերը, որոնք երբեմն հանգեցնում են մահվան: Նա կոչ է անում հայաստանյան իշխանություններին՝ լրացուցիչ թափ հաղորդել այս խնդրի դեմ արդյունավետ պայքարի ջանքերին:
«Մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ բոլոր բողոքների արդյունավետ քննությունը հույժ կարևոր է ապագա խախտումները կանխելու համար: Այս համատեքստում պետք է ուշադրության դարձնել տուժողների ընտանիքների և հանրության վստահության ամրապնդմանը», - ասված է զեկույցում:
Ըստ զեկույցի, հանձնակատարը մտահոգիչ տեղեկություններ է ստացել ազգականներից զինծառայողների մահվան քննությունների առնչությամբ, որոնք երբեմն չափազանց երկար են տևում:
«51 ստացված տեղեկությունների մեջ նշված հիմնախնդիրներից շատերը բնորոշ են քրեական արդարադատության ողջ համակարգին, և անհարկի ձգձգումներից զատ, վերաբերում են դատական փորձաքննությունների թերություններին, հարկադրված ցուցմունքներին և խոստովանություններին, հանցագործությունների ոչ պատշաճ որակմանը և տուժողների ազգականներին չներգրավելուն: Հանձնակատարին ապշեցնում է տուժողների ընտանիքների և քաղաքացիական հասարակության՝ այդ քննությունների նկատմամբ անվստահության բարձր մակարդակը», - նշված է զեկույցում, - «Անգամ այն գործով, որի արդյունքում կայացվել էին մեղադրական դատավճիռներ (2010 թվականին Արտակ Նազարյանի մահվան դեպքը, որի առնչությամբ հինգ անձանց նկատմամբ ազատազրկման պատիժներ էին նշանակվել՝ 3-10 տարի ժամկետներով), հանգուցյալի ազգականները կարծում են, որ արդարադատություն չի իրականացվել՝ պնդելով, թե նա սպանվել է, այլ ոչ՝ հասցվել ինքնասպանության, ինչպես քննությունն էր եզրակացրել»:
«Դատական բարձր ատյանները միջամտում են»
ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարը դատական համակարգի խնդիրները գնահատել է. - «․․․ Մտահոգիչ են ստացված տեղեկություններն այն մասին, որ դատական բարձր ատյանները միջամտում են ավելի ցածր ատյանների դատավորների աշխատանքին: Առանձին դատավորներին պետք է թույլատրել, որ նրանք գործերով դատական ակտերը կայացնեն անկախ՝ թե´ արտաքին սուբյեկտների, թե´ ավելի բարձր դատական ատյանների ցանկացած անպատշաճ ազդեցությունից զերծ: Պետք է գոյություն ունենան արդարադատության իրականացման շրջանակում դատավորների գործունեության նկատմամբ անհարկի միջամտության դեպքերին արձագանքելու արդյունավետ մեխանիզմներ: Կարգապահական վարույթները չպետք է օգտագործվեն որպես ազդեցության կամ վրեժխնդրության գործիք դատավորների նկատմամբ, և դրանց կամայական օգտագործումը կանխելու համար պետք է ներդրվեն անհրաժեշտ երաշխիքներ»:
«Հաճախակի կալանք»
Հանձնակատարին մտահոգում է այն հանգամանքը, որ մինչդատական կալանքը Հայաստանում հաճախակի է կիրառվում որպես խափանման միջոց: Հանձնակատարը վերահաստատում է, որ մինչդատական կալանքը պետք է լինի ոչ թե նորմ, այլ՝ բացառություն, և կոչ է անում հայաստանյան իշխանություններին անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնել օրենսդրության մեջ և պրակտիկայում, որպեսզի հնարավոր դառնա ազատազրկում չառաջացնող խափանման միջոցների արդյունավետ կիրառումը:
Ոստիկանական բռնություններ
«Հանձնակատարին լրջորեն մտահոգում են շարունակաբար ստացվող տեղեկությունները ոստիկանության և իրավապահ այլ մարմինների կողմից խոշտանգման ու դաժան վերաբերմունքի մասին, ինչպես նաև՝ դրա հետ կապված անպատժելիության խնդիրը, որոնց նպատակը հաճախ ինքնախոստովանական ցուցմունք ստանալն է», - նշված է զեկույցում:
Ամփոփելով իր այցի ժամանակ իրավապաշտպանների պնդումները պաշտոնատար անձանց մասնակցությամբ բռնությունների վերաբերյալ՝ Նիլս Մուժնիեկսը, այդ գործերի քննության համար պատասխանատու մարմինների անկախության բարձրացման ուղղությամբ գործադրված ջանքերն ի գիտություն ընդունելով հանդերձ, Հայաստանի իշխանություններին կոչ է անում «է՛լ ավելի բարձրացնել Հատուկ քննչական ծառայության անկախությունը և ավելացնել վերջինի կարողությունները, որպեսզի դաժան վերաբերմունքի հնարավոր գործերով ապացույցների հավաքման հարցում Հատուկ քննչական ծառայությունն ստիպված չլինի դիմել ոստիկանների օգնությանը»:
Ըստ զեկույցի՝ «լուրջ մտահոգության տեղիք տվող հաջորդ խնդիրը վերաբերում է այն տեղեկություններին, որոնց համաձայն՝ դատարանները հենվում են ենթադրյալ հարկադրանքի պայմաններում ստացված ապացույցների վրա, հատկապես, երբ դա հիմք է ծառայում մեղադրական դատավճռի համար»: