Մատչելիության հղումներ

Թոմ դը Վաալ․ Հայ - թուրքական արձանագրություններին վերադարձ չի լինելու


Քարնեգի հաստատության ավագ վերլուծաբան Թոմ դը Վաալ, արխիվ
Քարնեգի հաստատության ավագ վերլուծաբան Թոմ դը Վաալ, արխիվ

Ապրիլի 24-ի մոտենալու հետ միասին՝ Վաշինգտոնում փորձագետները փորձում են հասկանալ, թե որն է Միացյալ Նահանգների դերը հայ - թուրքական հարաբերություններում:

2015-ը Երևանի և Անկարայի հարաբերությունների համար բարդ տարի է լինելու, սակայն հայ - թուրքական հարաբերությունների հետագա ընթացքը կախված կլինի նաև նրանից, թե ինչպես իրենց կդրսևորեն կողմերը այս տարվա ընթացքում սպասվող իրավիճակներում:

Վաշինգտոնի Քարնեգի հաստատության ավագ վերլուծաբան Թոմ դը Վաալի կարծիքով, 2015-ին Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում լուրջ առաջընթաց չի սպասվում: Այնուամենայնիվ, ոչ պաշտոնական մակարդակով երկկողմ քաղաքացիական և մշակութային կապերը, ըստ նրա, շարունակում են զարգանալ․ - «Արվում են քայլեր, որոնք թեև փոքր են, սակայն օգնում են երկկողմ հարաբերությունների դրական մթնոլորտի ձևավորմանը»:

Գերմանական Մարշալի հիմնադրամի փորձագետ Ջոշուա Ուոքերը հիշեցնում է, որ 2014-ին Թուրքիայի իշխանություններն առաջին անգամ պետական մակարդակով ցավակցություն հայտնեցին 1915 թվականի կոտորածների կապակցությամբ: «Նախորդ տարի Թուրքիան ազդանշաններ ուղարկեց, որոնք վկայում են, որ նրանք ցանկանում են առաջ շարժվել այդ հարցում: Այս բոլորը խոստումնալից նշաններ են», - ասում է նա:

Այդուամենայնիվ, հայ - թուրքական արձանագրություններին վերադարձ չի լինելու, համոզված է Թոմ դը Վաալը: Նրա կարծիքով, երկրորդ անգամ անդրադառնալ արձանագրություններին չի կարող իրեն թույլ տալ երկու կողմերից և ոչ մեկը: «Կարծում եմ, անչափ դժվար կլինի արձանագրություններին վերադառնալ, որովհետև դրանց նկատմամբ հսկայական բացասական վերաբերմունք կա ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում», - ընդգծում է նա:

Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների ջանքերին, ապա, դը Վաալի կարծիքով, Վաշինգտոնը կարող է լուրջ ոգևորություն դրսևորել միայն նոր նախագահի օրոք: «Ցավոք, երբ Միացյալ Նահանգները նախագահի մակարդակով կենտրոնացնում են ջանքերը մի հարցի վրա և այն տապալվում է, նրանք անցնում են հաջորդ հարցին՝ նախորդ հարցով զբաղվելու ցանկություն չունենալով», - ընդգծում է վերլուծաբանը:

Այս առումով հայ - թուրքական հարաբերությունների համար հեռանկարային կարող է լինել Հիլարի Քլինթոնի հաղթանակը հաջորդ նախագահական ընտրություններում, կարծում է դը Վաալը:

Ջոշուա Ուոքերի կարծիքով, Միացյալ Նահանգները պետք է շահագրգռի հայկական և թուրքական կողմերին լայն տնտեսական աջակցությամբ և նպաստի երկկողմ հարաբերությունների հաստատմանը՝ կենտրոնանալով դրանց դրական արդյունքների վրա:

Թոմ դը Վաալն իր կողմից հիշեցնում է, որ Միացյալ Նահանգների նախագահները նախկինում օգտագործել են «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը, մասնավորապես՝ իր նախագահության օրոք Հայոց ցեղասպանության մասին պաշտոնապես հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանը, իսկ ավելի շուտ՝ 1918 թվականին, Միացյալ Նահանգների նախկին նախագահ Թեոդոր Ռուզվելտը կոչ էր անում պատերազմ հայտարարել Օսմանյան կայսրությանը, քանի որ, Ռուզվելտի խոսքով, հայկական կոտորածները պատերազմի ամենագարշելի ոճրագործություններից մեկն էին:

Ամերիկյան փորձագետները կոչ են անում կենտրոնանալ ոչ թե բառերի, այլ գործողությունների վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG