Գյումրիում Ավետիսյան ընտանիքի սպանդի համար մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը «ենթակա չէ հանձնման Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին, քանի որ հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի»: Այդ մասին Հայաստանի Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին գրել են Ռուսաստանի գլխավոր դատախազությունից՝ վկայակոչելով այդ երկրի Սահմանադրության 61-րդ հոդվածը, այդպես էլ չհստակեցնելով՝ ինչու է Հայաստանի տարածքում ՌԴ Սահմանադրությունը գործում։
Փոստանջյանը հունվարի 20-ին Պերմյակովին հանձնելու պահանջով նամակ էր հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, պատճենը՝ երկրի գլխավոր դատախազ Յուրի Չայկային:
Փետրվարի 16-ով թվագրված պատասխանում, որի լուսապատճենը տարածել է «Ժառանգություն» կուսակցության գրասենյակը, Ռուսաստանի գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնակատար Ե․ Բ․ Ստեպանովան նաև հավաստիացնում է, որ «ներկայումս համաձայն միջազգային պայմանագրերի, որոնց մասնակիցներ են Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանի Հանրապետությունը, սերտ համագործակցություն է իրականացվում ռուսաստանյան և հայաստանյան իրավասու մարմինների միջև՝ ուղղված հիշյալ քրեական գործերի բազմակողմանի և անաչառ քննությանը»:
Նամակի հասցեատեր Զարուհի Փոստանջյանը ռուսական կողմի հիմնավորումները իրավազուրկ է համարում։
«Բոլոր իրավական հիմքերը կան, որպեսզի նա ոչ թե հանձվի, այլ ուղղակի փոխանցվի ՀՀ իրավազորության ներքո, բայց այդ նամակից ակնհայտ է դառնում, որ ՌԴ-ն մերժում է այդ փոխանցումը և մերժում է ոչ իրավական հիմքերին հղում կատարելով, այլ հղում կատարելով այն փաստաթղթերին, որոնք այս պարագայում չեն կարող հանդիսանալ իրավական հիմք»,- ասաց Փոստանջյանը։
Պատգամավորն ասում է, թե նամակ-հարցումներով այլևս անհնար է այս հարցը կարգավորել, անհրաժեշտ է հստակ քայլեր ու գործողություններ։
«Նամակի բովանդակությունը միանշանակ ասում է, որ նրանք չեն պատրաստվում կատարել այն պարտավորությունները, որոնք ստանձնել են, այսինքն չեն պատրաստվում հարգել Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված պայմանագրերը և ՀՀ քաղաքացիների իրավունքները։ Այստեղ, եթե իհարկե, մեզ մոտ գործում են իրավապահ մարմիններ և նրանք հայկական են, ապա պետք է կազմեն ձերբակալության որոշում, դրա հիման վրա պետք է գնան Ռուսաստանի 102-րդ ռազմաբազա, պարոն Վլադիմիր Գասպարյանը, պարոն Գորիկ Հակոբյանը պետք է գնան և այնտեղից այդ ձերբակալման որոշման հիման վրա Վալերի Պերմյակովին տեղափոխեն ՀՀ քրեակատարողական հիմնարկ»,- ասաց Փոստանջյանը։
Նույն խնդրով շաբաթներ առաջ ՌԴ գլխավոր դատախազին էր դիմել նաև Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։ Առայժմ դատախազությունը պաշտոնապես չի հրապարակում՝ Կոստանյանի այդ նամակին ռուսները պատասխանե՞լ են, և եթե պատասխանել են՝ ի՞նչ են գրել։
Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ արդեն ակնհայտ է, որ ռուսները մտադիր չեն Պերմյակովին փոխանցել հայ իրավապահներին.- «Ես չեմ կարծում, որ պատասխանները տարբեր կլինեն»։
Ավետիսյանների սպանդից հետո փողոց դուրս եկած ակտիվիստները պնդում են՝ Պերմյակովին հայ իրավապահներին փոխանցելու մնում է իրենց օրակարգում։ Բողոքի ակցիաների մասնակից Արմեն Ներսիսյանն ասում է, որ պատրաստ են շարունակել բողոքի ցույցերը։
«Խնդիրը արտառոց է, հետևաբար լուծումների մեջ էլ պետք է լիներ արտառոց մոտեցում։ Այդ փաստարկները՝ Ռուսաստանի քաղաքացի լինելը և այլն, արժեք չեն ներկայացնում, քանի որ 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ միջպետական պայմանագրի համաձայն, հանցագործությունը կատարվել ռազայի տարածքից դուրս, իսկ այս պարագայում հայկական իրավական կողմը պետք է խնդրին լուծում տար։ Այստեղ քաղաքական կամք էր պետք, որը մինչ այս պահը չկա։ Չեմ կարծում, որ մեր իշխանությունների՝ նման վարքագծի պարագայում ապագայում կլինի»,- ասաց Ներսիսյանը։
«Պահանջատերը ոչ միայն Գյումրիի հասարակությունը պետք է լիներ, այլ ամբողջ հայ ազգը, ներառյալ իշխանությունները»,- ընդգծեց «Ազատության» զրուցակիցը։
Ավետիսյանների հարազատները անցած շաբաթ դիմում են գրել գլխավոր դատախազություն՝ Գևորգ Կոստանյանի հետ հանդիպելու և իրենց հուզող տասնյակ հարցերի պատասխանը ստանալու համար։ Պաշտոնական արձագանք դեռ չեն ստացել։ Ավելի վաղ հարազատները պահանջել էին, որ Կոստանյանը անձամբ գար Գյումրի, ինչը ևս տեղի չունեցավ։
Այսօր էլ Երևանում դատարանը մեժել է Զարուհի Փոստանջյանի հայցը, որով պատգամավորը պահանջում է վերացնել դատախազության անգործությունը և պարտավորեցնել, որ քայլեր ձեռնարկեն սահմանախախտ Պերմյակովին հայկական կողմին փոխանցելու ուղղությամբ։ Փաստաբան Հարություն Բաղդասարյանի խոսքով՝ հնարավոր է առաջիկա 15 օրվա ընթացքում իրենք բողոքարկեն այս որոշումը Վերաքննիչ դատարանում։
«Մենք ընդամենը մի բան ենք ասում՝ լավ, բա ի՞նչ ճանապարհով կարող ենք ստիպել դատախազությանը կամ Քննչական կոմիտեին աշխատել։ Ակնհայտ է, որ տեղի է ունեցել հանցագործություն, եթե իհարկե ճիշտ են ասում... պետական սահմանը հատելու փորձ իրենց իսկ տված տվյալներով հայտնի է։ Այսօր ՀՀ ո՞ր քաղաքացին փորձի սահմանը հատել, կսպասեն 50 օր, որ հետո որոշեն հատում կա, թե՝ չկա»,- ասաց փաստաբանը։