«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նամակով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ընդգծելով, որ վերջինիս հղած ցավակցության ուշացած խոսքերը չմեղմեցին հայ ժողովրդի վիշտը։
Քննադատելով Ռուսաստանի նախագահի «երկարատև լռությունը և անօրեն վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը» Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո, պատգամավորը նշել է, թե Պուտինի հայտարարությունը, որ «բոլոր քննչական գործողությունները կանցկացվեն ամենակարճ ժամկետներում և մեղավորները կպատժվեն ըստ օրենքի» վստահություն չի ներշնչում:
«Սա պայմանավորված է այն փաստով, որ Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ կառավարման ղեկավար մարմինների ձեռքով Հայաստանի սահմանը խախտողի փոխանցումը 102 ռազմաբազայի հրամանատարին խախտում է Հայաստանի Սահմանադրությունը, Հայաստանի և Ռուսաստանի միջև Պայմանագրերը», - գրել է Փոստանջյանը՝ հավելելով. - «Ստեղծված իրավիճակում՝ խուսափելով միջպետական հարաբերությունների առճակատումից, Հայաստանի քաղաքացիներն ու ողջ աշխարհի հայությունն ակնկալում է Ձեր ողջամիտ որոշումը՝ վերականգնելու օրինականությունն ու Հայաստանի Հանրապետության իշխանություններին անհապաղ հանձնելու առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին»:
Նամակի պատճենը պատգամավորն ուղարկել է Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկային։