Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ին գոհացրել է շրջանառության հարկի մասին կառավարության նախագիծը


ԲՀԿ-ին գոհացրել է շրջանառության հարկի մասին կառավարության առաջարկած նախագիծը
please wait

No media source currently available

0:00 0:02:34 0:00

ԲՀԿ-ին գոհացրել է շրջանառության հարկի մասին կառավարության առաջարկած նախագիծը

Կառավարության դեմ օրեր շարունակ բողոքի ցույցեր անցկացնող ձեռնարկատերերը, սակայն, նույն կարծիքին չեն։

Այսօր կառավարությունը մերժեց եռյակի՝ շրջանառության հարկի մասին վիճահարույց օրենքի նախագիծը՝ պնդելով, թե շրջանառության մեջ է դրված այլ նախագիծ, որը շահեկան է փոքր և միջին ձեռներեցների համար։ Ոչ իշխանական պատգամավորներն առաջարկել էին ապրանքների փաստաթղթավորման պահանջը կիրառել կամավորության սկզբունքով:

Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանն պարզաբանեց կառավարության մերժումը.- «Հաշվի առնելով, որ կառավարությունը հենց վերջերս շատ արմատական փոփոխություններ է հավանության արժանացրել և ներկայացրել ԱԺ, առաջարկում ենք վերը նշված պատգամավորներին ձեռնպահ մնալ օրենսդրական նախաձեռնության այս քննարկումից»։

Կառավարությունն իր հեղինակած նախագծով համաձայն է շրջանառության հարկի վճարման կամավորության սկզբունքի հետ։ Սակայն ոչ թե 3.5 տոկոս է սահմանում ապրանքաշրջանառությունը չփաստաթղթավորելու դեպքում, այլ 1.5 տոկոսով ավելի՝ 5 տոկոս։ Իշխանական նախագծի դեմ ամիսներ առաջ պայքարող «Բարգավաճ Հայաստանը», սակայն, պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով, հիմա գոհ է կառավարության առաջարկած այս նախագծից։

«Մեզ բավարարում է։ Համարեք, որ մենք հանել ենք մեր նախաձեռնությունը։ Ես ինքս դա հանելու էի, քանի որ արդեն դրա արդիականությունը կորցրել է։ Եթե 3 պահանջ ենք ունեցել, 2.5-ը կատարվել է, էն կեսը չէ, դեմ լինե՞նք»,- ասաց Մելքումյանը։

Պատգամավորը հաստատեց, որ օրեր առաջ ինքը հանդիպել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ում հետ քննարկել են շրջանառության հարկի մասին փոփոխությունները: Հանդիպումից մանրամասներ չի հաղորդում, սակայն պնդում է, որ կառավարության հեղինակած նախագիծը բխում է ձեռներեցների շահերից, և որ այս դիրքորոշումը կապված չէ քաղաքական վերջին զարգացումների հետ։

Կառավարության դեմ օրեր շարունակ բողոքի ցույցեր անցկացնող Սամսոն Գրիգորյանը, սակայն, Կառավարության նախկին ու ներկա նախագծերում մեծ տարբերություն չի տեսնում։

«Մանր բիզնեսը նորից ստիպված է լինելու թաքցնել իր շրջանառությունը, որովհետև 5 տոկոսը շատ բարձր է, նորից հարկային տեսուչների համար բացվում է կոռուպցիայի մի մեծ դաշտ»,- կարծում Գրիգորյանը.- «Կարելի էր միջին տարբերակ ընտրել, և կոռուպցիան կվերանար այդ դաշտում։ Հարկային մուտքերը ավելի շատ կլինեին, քան հիմա»։

Մինչև վերջին փոփոխությունները ձեռներեցները 3.5 տոկոս շրջանառության հարկ էին մուծում։ Կառավարությունը հիմա առաջարկում է փաստաթղթավորման դեպքում վճարել 1 տոկոս, փաստաթուղթ չունենալիս՝ 5 տոկոս: Եթե հաշվի առնենք, որ խոշոր գործարարները փաստաթուղթ չեն տալիս, ստացվում է, որ հարկային բեռը ծանրացավ, ասում է «Կասեցում» շարժման ակտիվիստը:

«Դուրս է գալիս, որ բարեփոխում ենք անում և հարկը 3.5 տոկոսից բարձրացնում ենք 5-ի։ Կառավարությունը գիտի, որ մանր բիզնեսը չի կարող փաստաթուղթ հայթայթել»,- ասում է Գրիգորյանը։

Ձեռներեցներն ասում են, որ շարունակելու են իրենց պայքարը։

«Մենք պայքարելու ենք այնքան ժամանակ մինչև ստանանք օրենքի վերջնական տարբերակ, որը կթողնի մանր ու միջինին աշխատել, զարգանալուց չենք խոսում»,- նշեց Գրիգորյանը։

Առայժմ անորոշ է՝ քաղաքական որ ուժը կկանգնի ցուցարարների կողքին: Եռյակից ՀԱԿ-ն ու «Ժառանգությունն» առայժմ ձեռնպահ են մնում դիրքորոշում արտահայտելուց։

XS
SM
MD
LG