Մատչելիության հղումներ

Որդեկորույս մայրերին կրկին չեն թույլատրել մոտենալ նախագահի նստավայրին


Որդեկորույս մայրերին կրկին չեն թույլատրել մոտենալ նախագահի նստավայրին
please wait

No media source currently available

0:00 0:03:28 0:00

Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերին այսօր ևս թույլ չեն տվել մոտենալ Բաղրամյան 26-ին։ Ծնողները նշում են, որ իրենք ոչ թե բողոքի ցույց էին անում, այլ պարզապես ցանկանում էին գնալ նամակների բաժին՝ ամիսներ առաջ երկրի նախագահին ուղղած իրենց նամակի մասին տեղեկություն ստանալու։

«Մեկ շաբաթ առաջ փողոցում մեզ քարշ տված նույն ոստիկաններն այսօր ընդհանրապես թույլ չտվեցին մոտենալ շենքին»,- «Ազատության» հետ զրույցում ասում էր խաղաղ պայմաններում մահացած զինվոր Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը։

«Ասացին՝ չենք թողնի անցնեք էդ կողմով, ասում ենք՝ ինչի՞ համար, իրավունք չունե՞նք անցնենք, իջնենք ներքև, որ մտնենք նաև նամակների բաժին՝ մեր պատասխանի համար։ Ամսի 27-ին երեք ամիսը արդեն կլրանա, որ մենք նախագահին դիմում ենք ուղարկել և մինչև էսօր ոչ մի պատասխան չունենք»,- պատմեց Մուրադյանը։

Զինվոր մայր Գոհար Սարգսյանն էլ խիստ վրդովված էր.- «Սպանել են էրեխուս, դժբախտ պատահարի զոհ է եղել, իրավական գնահատական տվեք քրեական գործին, ես փողոցում չհայտնվեմ, որ ինձ քարշ տան»։

Ծնողները պատմում են՝ երբ այսօր իրենք ոստիկաններին հարցրին, թե նախորդ անգամ իրենց ինչո՞ւ կոպտորեն քաշքշեցին, վերջիններս պատասխանեցին, որ պարզապես ցանկացել են օգնել։ Դեպքի առիթով նշանակված ծառայողական քննությունից հետո, մինչդեռ, պարզվել է, որ ոստիկանների գործողությունը ոչ թե օգնություն էր, այլ էթիկայի կանոնների խախտում և անհարգալից վերաբերմունք՝ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ։

«Մենք դեռ պատասխան չենք ստացել, կայքերից կարդացի, որ ոստիկանությունը ծառայողական քննություն է անցկացրել, կարգապահական տույժի են ենթարկել»,- ասաց Գոհար Սարգսյանը։

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արմեն Մալխասյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, որ կարգապահական տույժի մասին իրենք պարզաբանում արդեն տվել են։ Մալխասյանը չցանկացավ նշել, թե քանի ոստիկան են պատասխանատվության ենթարկվել, և ինչ տույժ է կիրառվել նրանց նկատմամբ: Մահացած զինվորների ծնողները, սակայն, նշում են, որ այսօր էլ ոստիկաններն իրենց նույն կերպ են պահել։ Անկախ ամեն ինչից պայքարելու ենք, ասում էին նրանք։

«Էս 5 տարի է՝ քննություն են անում։ Ես չեմ հասկանում ողջամիտ ժամկետ չկա՞։ Ո՞ւր է մեր առողջապահության նախարարությունը, ո՞ւր է մեր դատաիրավական համակարգը, թող պատասխանեն։ Ես ծնող եմ, մայր եմ, գոռում եմ, էրեխեն պիտի ունենա մահվան պատճառ, թե՝ չէ»,- ասում էր Սարգսյանը։

«Քննիչի դեմ բողոք ենք ներկայացնում, ասում են՝ քննիչը պետությանը վնաս չի հասցրել, դրա համար իրան չենք կարող քրեական պատասխանատվության ենթարկել։ Սպանել են էրեխուդ, գործը պիտի փակվի՞ ու վե՞րջ։ Հավերժ նախաքննություն է։ Հավերժ մենք չենք կարող փաստաբան պահել, հավերժ չենք կարող էդքան բան անել»,- ասում էր Նանա Մուրադյանը։

Զինվորների ծնողները նշում են, որ դեռ 2011-ին նախագահականի ճաղերի մոտ իրենց հանդիպած Սերժ Սարգսյանը խոստացել էր հարցին շուտափույթ լուծում տալ, այնինչ այժմ իրենց չեն թողնում անգամ շենքին մոտենալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG