Ինչպես ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի ներկայացուցիչների հանդիպումից հետո այսօր հայտարարեց Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը, ընդդիմադիր եռյակում քննարկումները կշարունակվեն ևս մեկ-երկու օր, ինչից հետո «Բարգավաճ Հայաստան»-ը, «Ժառանգություն»-ը ու Հայ ազգային կոնգրեսը կհրապարակեն հետագա անելիքները:
«Ազատության» հետ զրույցում Տոնոյանը մանրամասնեց, որ ԲՀԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպում է ունեցել ՀԱԿ-ի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, որին մասնակցել են նաև ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը և ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանն ու Լևոն Զուրաբյանը:
Այնուհետև կայացել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, որին մասնակցել են Վարդան Օսկանյանը և Ստեփան Մարգարյանը, իսկ «Ժառանգություն» կուսակցությունից՝ Ռուբիկ Հակոբյանն ու Արմեն Մարտիրոսյանը:
Իվետա Տոնոյանն ընդգծեց, որ թեև հանդիպումներն առանձին-առանձին են կայացել, սակայն դրանք տեղի են ունեցել եռյակի ձևաչափով:
Հանդիպումներն անցան փակ դռների հետևում, և լրագրողները չկարողացան հարցեր ուղղել:
Եռյակի առաջնորդների (Ծառուկյան - Տեր-Պետրոսյան - Հովհաննիսյան) հանդիպումը նախապես ծրագրված էր փետրվարի 15-ին, բայց նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթից հետո անհապաղ քննարկումների կարիք է առաջացել:
Հայ ազգային կոնգրեսից ու «Ժառանգություն»-ից ընդդիմադիր ուժերի հանդիպումների վերաբերյալ առայժմ ոչինչ չեն հաղորդում: Սերժ Սարգսյանի ելույթին ևս ՀԱԿ-ը առայժմ չի արձագանքել:
«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը այսօր ավելի վաղ հրավիրած ասուլիսում հայտարարեց․ - «Սերժ Սարգսյանի երեկվա ելույթը Հայաստանում բռնապետության հաստատմանն ուղղված քայլ է: Ոչ միայն բռնապետություն, այլև իրական միակուսակցական պետություն դառնալուն ուղղված քայլ»:
Մարտիրոսյանի խոսքով՝ նախագահ Սարգսյանի երեկվա ելույթից հետո Հայաստանն ունի երկու ուղի․ - «Կարող է իշխանափոխությունը արագանա, կարող է Հայաստանի հյուսիսայինկորեացումը արագանա: Ես չգիտեմ որ ուղին մենք կբռնենք»:
«Եթե մենք որոշում ենք, թե ով կարող է զբաղվել քաղաքականությամբ, ով չի կարող, համարում եմ դա ժողովրդավարության սկզբունքին հակասող: Բացարձակ չեմ ընդունում նաև անձնական վիրավորանքների դաշտ մտնելը», - ասաց «Ժառանգության» փոխնախագահը՝ շարունակելով․ - «Հենց այն խոսքը, որ ասեց Սերժ Սարգսյանը երեկ, ցույց է տալիս, որ դա ոչ թե քաղաքականություն է, այլ ամեն ինչ բացի քաղաքականությունից: Որովհետև երբ անցնում ես անձնական վիրավորանքների դաշտ՝ առանց փաստարկների, դա արդեն քաղաքականություն չի, ամեն ինչ է, բացի քաղաքականությունից»:
Նա բացառեց, որ «Ժառանգություն»-ը կարող է դուրս գալ եռյակից:
Հնչած հարցին, թե հնարավո՞ր է, որ եռյակը պահանջի նախագահի հրաժարականը, Մարտիրոսյանն արձագանքեց․ - «Քննարկումները ցույց կտան»:
Ավելի ուշ հրապարակվեց նաև Դաշնակցության դիրքորոշումը: «Համոզված ենք, որ առկա հակամարտությունն ու առճակատումը չի բխում մեր պետականության ու հասարակության շահերից: Մենք խոհեմության, սթափության և միասնականության կոչ ենք անում», - yerkir.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: