Գյումրու սպանդի մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի սակավամտության (օլիգոֆրենիայի) մասին հայ իրավապահները այս պահին տեղեկություններ չունեն: Ռուս զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ հարցումներ են ուղարկվել ռուսական կողմին, պատասխաններ առայժմ չեն ստացվել:
Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին Հայաստանի քննչական կոմիտեից՝ հավելելով, որ հայկական կողմի հարուցած քրեական գործի շրջանակներում Վալերի Պերմյակովը առայժմ դատաբժշկական փորձաքննություն չի անցել:
«Նրա առողջական վիճակի վերաբերյալ կասկածահարույց տեղեկություններ այս պահին նախաքննական մարմինը չունի: Հարցումներ են ուղարկվել՝ նրա վերաբերյալ բժշկական բոլոր փաստաթղթերը ստանալու համար», - ասացին Քննչական կոմիտեից:
Նշենք, որ այսօր ռուսական մի շարք ինտերնետային պարբերականներ, վկայակոչելով անանուն աղբյուրներ, գրել էին, թե Վալերի Պերմյակովը սակավամտությամբ (օլիգոֆրենիա) է տառապում:
Gazeta.ru-ն, մասնավորապես, առանց պաշտոնական աղբյուրներ նշելու, հաղորդում է, որ Պերմյակովին ընդհանրապես իրավունք չունեին զորակոչելու, առավել ևս՝ մարտական զենք վստահելու:
Ընդ որում, այս վարկածը այսօր շրջանառության մեջ դրեցին ռուսական միանգամից մի քանի լրատվամիջոցներ՝ կրկին առանց պաշտոնական աղբյուրներ նշելու:
«Моссковский Комсомолец»-ը գրեց, որ մինչև զինվորական ծառայությանն անցնելը Պերմյակովը նույն՝ սակավամտություն ախտորոշմամբ, բուժվել է հոգեբուժարանում:
Նույն աղբյուրի հաղորդմամբ, արդեն իսկ քրեական գործեր են հարուցվել Պերմյակովի ծննդավայր Բալեյ քաղաքի զինկոմի՝ Ալեքսանդր Լոգինովսկիի, ինչպես նաև՝ Չիտայի զորամասի հրամանատար Եվգենի Սկվորցովի նկատմամբ: Նրանցից առաջինը պատասխանատու է Պերմյակովին զորակոչելու, երկրորդը՝ Գյումրի տեղափոխելու համար: Այս մասին հաղորդում է նաև НТВ հեռուստաալիքը, միևնույն ժամանակ մեջբերելով Բալեյ քաղաքի զինկոմի խոսքերը, թե Պերմյակովն ժամանակին անցել է ամբողջական բժշկական զննություն և բացարձակ առողջ ճանաչվել:
Ավելի վաղ՝ այս շաբաթվա սկզբին էլ, կրկին անանուն աղբյուրներին հղում անելով, Интерфакс-ը հաղորդագրություն էր տարածել, թե Պերմյակովը դատվելու է ռուսական դատարանում, որ Հայաստանի և Ռուսաստանի իրավապահները համաձայնեցնում են համատեղ մեղադրական եզրակացություն, որը հիմնվելու է Ռուսաստանի օրենսդրության վրա: Интерфакс-ի «իրադրությանը ծանոթ աղբյուրների» այս տեղեկությունները առայժմ ոչ ռուսական, ոչ հայկական կողմից չեն հաստատվել: