Մատչելիության հղումներ

Օհանյանը չի կարծում, թե լարվածությունը կարող է վերաճել լայնածավալ ռազմական գործողությունների


Օհանյանը չի կարծում, թե լարվածությունը կարող է վերաճել լայնածավալ ռազմական գործողությունների
please wait

No media source currently available

0:00 0:03:32 0:00

Հայ-ադրբեջանական սահմանին անցած գիշեր դարձյալ լարված է եղել:

«Հակառակորդը կրակահերթերի տակ է պահել սահմանը, ինչպես նաև դիվերսիոն փորձ է նախաձեռնել, ինչին հայկական կողմը պատասխանել է ու հետ մղել դիվերսիոն հարձակումը: Հայկական կողմը կորուստներ չունի», - հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

«Դեռ նախորդ տարեվերջից սահմանին տիրող լարվածությունը պահպանման միտում ունի», - «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ շարունակելով․ - «Իրավիճակը հայկական զինված ուժերի կողմից և՛ հայաստանյան հատվածում, և՛ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի կողմից վերահսկելի է: Չկա հակառակորդի մի այնպիսի գործողություն, որին արժանի հակահարված չի տրվում, և այնուհետև համապատասխան վերլուծությունների արդյունքում արդյունավետ որոշումներ չեն ընդունվում, որպեսզի է՛լ ավելի կայունացնենք իրավիճակը: Բայց, այնուամենայնիվ, կարող եմ ասել, որ որոշակի լարվածություն կա»:

Հարցին, թե որքանով է հավանական, որ լարվածությունը վերաճի լայնածավալ ռազմական գործողությունների, նախարարն արձագանքեց․ - «Չեմ կարծում, թե սա կարող է տանել լայնամասշտաբ գործողությունների: Բայց, այնուամենայնիվ, ես գտնում եմ, որ ի վերջո հակառակորդի ռազմաքաղաքական ղեկավարությունը և ռազմական ղեկավարությունը պետք է գիտակցի, որ այս խնդրի լուծման ռազմական ճանապարհը իրական ճանապարհը չէ։ Ընդհակառակը՝ պետք է ռազմական ղեկավարները վստահության մթնոլորտ ստեղծեն քաղաքական ղեկավարների բանակցային գործընթացի շարունակական ապահովման համար»:

Տարեսկզբից ադրբեջանական զինուժի դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձերի հետևանքով հայկական կողմն արդեն 7 զոհ ունի՝ 6 զինծառայող և 80-ամյա հովիվ Սերյոժա Սարգսյանը:

Ադրբեջանական կողմը, մինչդեռ, իր կորուստների մասին ոչ միշտ է հայտարարում: «Իրենց կորուստները միշտ էլ մեծ են եղել: Անցած տարվա շրջանակներում մենք անհամաչափ պատասխանների արդյունքում նրանց ավելի քան վեց անգամ կորուստներ ենք պատճառել՝ ընդհանուր եթե տարվա մակարդակով հաշվի առնենք: Այսօր նրանք պարզապես որդեգրել են այսպես շատ քաղաքակիրթ և ծածուկ կերպով թաքցնել այն բոլոր կորուստները, որ իրենք ունեն», - նշեց Սեյրան Օհանյանը:

Այդ առնչությամբ Պաշտպանության նախարարությունը տարածել էր հետևյալ հայտարարությունը․ - «Ադրբեջանի նախագահի 2014 թվականի սեպտեմբերի 24-ի «Հայաստանի և Ադրբեջանի զորքերի շփման գծում անվտանգության մի շարք կանոնների վերաբերյալ» հրամանագրից հետո Ադրբեջանի ռազմական ղեկավարությունն իր տեղեկատվական քաղաքականության մեջ սահմանել է տեղեկությունների սահմանափակման և փաստերի աղավաղման նոր՝ առավել բարձր նշաձող»:

Անդրադառնալով Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան 2016 թվականից պայմանագրային զինծառայողներով համալրելու մասին «Ինտերֆաքս» լրատվական գործակալության տեղեկություններին՝ Սեյրան Օհանյանն ասաց, որ դա անհրաժեշտություն է․ - «Ես գտնում եմ, որ ընդհանուր առմամբ պրոֆեսիոնալ տարրի ընդլայնումը ներկա պայմաններում, երբ ժամանակակից բանակները լայն թափով գնում են դեպի պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու իրավիճակին, անհրաժեշտություն է»:

XS
SM
MD
LG