Մատչելիության հղումներ

Դիվերսիայի ութ փորձ. Դիպուկահարի կրակոցից հայ զինծառայող է զոհվել


Դիվերսիայի ութ փորձ. Դիպուկահարի կրակոցից հայ զինծառայող է զոհվել
please wait

No media source currently available

0:00 0:03:03 0:00

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հայտնում է, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում նախորդ գիշեր դիպուկահարի կրակոցից զոհվել է հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում ծառայող 20-ամյա Սուրեն Խաչիկի Փիլոսյանը։

Հաղորդվում է նաև, որ անցած գիշերվա ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից կատարվել է ութ դիվերսիոն գործողության փորձ, որոնք ժամանակին կանխվել են, և հակառակորդը կորուստներ կրելով նահանջել է։

Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ լարվածությունը հասել է նոր մակարդակի։

«Նրանք փորձում են ինչ-որ նոր որակ հաղորդել իրենց այդ խախտումներին։ Բնական է, որ մինչ այդ երբեք չէին համարձակվում խոցել մեր ուղղաթիռը։ Գնդակոծում են այլ տիպի զինտեխնիկայով, ասենք, նռնականետեր և այլն, որը նույնպես նախկինում չի եղել»,- ասաց Բաբայանը։

Պաշտպանության բանակի հաղորդմամբ, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմը նախորդ գիշեր խախտվել է 220 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 2000ից ավելի կրակոց։ Դավիթ Բաբայանը նշում է, որ իրենք այս ամենի մասին միջազգային ատյաններին, այդ թվում՝ ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահներին տեղյակ են պահում։

«Արդեն անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը դիմի ավելի կոշտ քայլերի։ Եվ հիմա կա սրա որոշ նշանները, մանավանդ երբ քննադատում են ալիևյան ռեժիմի այդ չարաշահումները, ժողովրդավարական նորմերի կոպիտ խախտումները»,- ասաց Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղարը։

Ռազմական փորձագետ Սերգեյ Մինասյանը կարծում է, որ ադրբեջանական կողմը օգտվում է ստեղծված իրավիճակից և գործողությունների սրացումն օգտագործում է որպես լծակ հայկական և միջազգային հանրության վրա ճնշում գործադրելու համար, իսկ միջազգային արձագանքը համարժեք չէ։

«Միջազգային հանրությունը կամ Մինսկի խումբը փորձում է բոլոր լծակները օգտագործել, որ չսկսվեն լայնամասշտաբ ռազմական գործողություններ, բայց թվում է, թե որևէ ձևով չեն կարողանում ներգրավվել բուն շփման գոտում տեղի ունեցող իրադարձություններին, որոնց հետևանքով տասնյակ զինծառայողներ են զոհվում։ Մինսկի խումբը կարծես թե մի վերջին օրինակն է Ռուսաստանի և Արևմուտքի համագործակցության, բայց դրա հետ մեկտեղ, կարծում եմ, Ադրբեջանի մոտ կան կասկածներ, որ արդյոք այդ ֆորմատը աշխատում է, թե՝ ոչ»,- ասաց Մինասյանը։

Ըստ փորձագետի՝ լարվածությունը մոտ ապագայում դեռ կշարունակվի, բայց Ադրբեջանը պատրաստ չէ լայնամասշտաբ ռազմական գործողությունների, քանի որ գիտակցում է՝ ինչ մեծ կորուստներ կարող է կրել։

Ի տարբերություն ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի՝ վիճակը համեմատաբար խաղաղ է եղել Հայաստան-Ադրբեջան սահմանագծին։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Անցնող գիշեր և ցերեկը խախտումներ չեն գրանցվել։ Մեկ, երկու տասնյակ կրակոցներ են եղել։ Որոշակի լարվածություն պահպանվում է, բայց համեմատաբար կայուն իրավիճակ է»,- փոխանցեց Հովհաննիսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG