Կասկադի աստիճաններն այսօր կեսօրին անց մի քանի րոպեով պատվեցին եռագույնով: Մի քանի տասնյակ քաղաքացիներ հատուկ եկել էին այստեղ՝ իրենց խոսքով, ցույց տալու, որ որևէ մեկը չի կարող իրենց արգելել Կասկադում «Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշը պարզել»։
Ակցիան իրականացվեց ազատամարտիկ Սրապիոն Գևորգյանի նախաձեռնությամբ, ով պնդում է, թե Գաֆեսճյան արվեստի կենտրոնի անվտանգության աշխատակիցները երեկ իրեն և ընկերներին արգելել են Կասկադի հարակից քանդակների պարտեզում լուսանկարվել եռագույնով: Ազատամարտիկի և անվտանգության աշխատակիցների միջև վեճ է ծագել:
Գևորգյանը նշում է, որ լուսանկարն արվում էր ազատամարտիկ Մովսես Գեորգիսյանի հիշատակին նվիրված միջոցառման համար, սակայն անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել նկարահանումն իրականացնել՝ պատճառաբանելով, թե տարածքը մասնավոր է:
«Իրավունք չունի՞ մարդը եռագույն դրոշով կանգնի նկարվի Կասկադում: Ասում է՝ սա մասնավոր տարածք է, շեշտում է՝ սա մասնավոր տարածք է և մինչև թույլտվություն չտան, դու իրավունք չունես նկարվելու: Զարմանում եմ, ինչո՞ւ են ծախել, տվել ինչ-որ մեկին: Երևանի սիրտը ծախո՞ւմ են: Արդեն կարող է մի քանի օր հետո ասեն, թե էստեղ պետք է վճարես օդ շնչելու համար: Այսինքն, Երևանում մենք ապրում ենք այսօր վարձով, կարելի է ասել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գևորգյանը:
Տվյալ տարածքը հանրային է, ասում է Գաֆեսճյան արվեստի կենտրոնի լրատվության պատասխանատու Մարիա Հովսեփյանը, սակայն տրամադրված է կենտրոնին՝ անհատույց վարձակալության հիմունքներով: Նույնիսկ Թամանյանի արձանի հետ լուսանկարվելու համար անհրաժեշտ է թույլտվություն ստանալ:
«Կանաչապատումը, մաքրությունը, ամեն ինչ այս տարածքում իրականացնում է Գաֆեսճյան արվեստի կենտրոնը և հետևաբար, գոյություն ունի ուղղակի ներքին կանոնակարգ, ըստ որի, նա իրավունք է վերապահում իրեն տեղեկանալ, թե իր տարածքում ինչ միջոցառումներ կամ նկարահանում է տեղի ունենում, և թույլ տալ, կամ չտալ», - փոխանցեց Մարիա Հովսեփյանը:
Բացի ներքին կանոնակարգին հղումից, մինչև օրվա վերջ չհաջողվեց արվեստի կենտրոնից ավելի հստակ պարզաբանում ստանալ տարածքում գործող կանոնների վերաբերյալ:
«Շատ եմ ուզում, որ հստակեցվի, թե կոնկրետ ինչ կարելի է անել այստեղ, ինչ՝ չի կարելի, ի՞նչ իրավական հիմունքներով, հրապարակվի, թե որոնք են այն չափորոշիչները, որով գրաքննություն է անցնում, այսինքն, հստակ չէ՝ ինչ-որ մեկի ճաշակի վրա է հիմնված, թե ինչ-որ կա չափորոշիչ ու որն է այդ չափորոշիչը», - ասաց լուսանկարիչ Էդգար Բարսեղյանը:
Կենտրոնի լրատվության պատասխանատուն ասում է, որ նման ցուցանակներ տեղադրելու տարբերակը դիտարկում են՝ նշելով, որ Գևորգյանի հետ վեճի բռնված անվտանգության աշխատակցին նկատողություն է արվել և հավելում է, որ արվեստի կենտրոնը դեմ չէ Հայաստանի Հանրապետության ազգային խորհրդանիշներին: