Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովն ընդունել է իր կատարած հանցանքը, այսօր Գյումրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը։
«Վալերի Պերմյակովը խոստովանական ցուցմունք է տվել։ Նա պատճառաբանել է, որ, նախնական, իբր քաղաքում է ցանկացել ման գալ, հետո պատահական այդ տունն է մտել՝ առանց իմանալու ներսում մարդիկ կան, թե՝ ոչ», - ասաց Պողոսյանը։
Վեց մարդու դաժան սպանության մեջ կասկածվող ռուս զինվորականն այս պահին գտնվում է ռուսական 102-րդ ռազմակայանում, հայ և ռուս իրավապահները դեռ քննում են քրեական գործը հայկական կողմին հանձնելու հարցը:
Երեկ մոտ 13 ժամ շարունակված օպերատիվ-հետախուզական որոնումներից հետո նրան հենց ռուս սահմանապահները հայտնաբերեցին՝ հայ-թուրքական սահմանի մերձակա Բայանդուր և Երազգավորս գյուղերի հատվածում:
Հարցին, թե ինչո՞ւ է կասկածյալը ռուսական կողմի մոտ և արդյո՞ք կհանձնվի հայկական կողմին ու ե՞րբ, Հայաստանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը պատասխանեց. - «Իրենք գտնում են նպատակահարմար գործը փոխանցել հայկական կողմին, այս պահին Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազությունների և գլխավոր դատախազների միջև այդ խնդիրն ու հարցերն են լուծվում»։
Նա նշեց, որ դեպքի առիթով ռուսական կողմը ևս քրեական գործ է հարուցել՝ դասալքություն և սպանություն հատկանիշներով, հավանաբար երրորդ հոդվածը ևս կավելացվի՝ սահմանը հատելու փորձ։
Գյումրիում է Մոսկվայից ժամանած հատուկ հանձնաժողովը՝ Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարի գլխավորությամբ: Գյումրիում է նաև Հայաստանի պաշտպանության նախարարը, ով հանդիպել է ռուսական պատվիրակության հետ: Հանդիպումը դռնփակ էր, լրատվամիջոցներին որևէ տեղեկության չտրամադրվեց:
Մինչ հանդիպումը Սեյրան Օհանյանն ասաց, որ տեղի ունեցածը պետք չէ քաղաքականացնել։
«Այսօր տեղին չէ սա քաղաքականացնել, և տեղին չէ՝ սրա մեջ փնտրել մեր հարաբերությունների մեջ ինչ-որ վատթարացում, որովհետև Ռուսաստանի Դաշնության հետ մենք բավականին բարձր մակարդակի՝ քաղաքական մակարդակի, հարաբերություններ ունենք, քաղաքական երկխոսություն ունենք, մանավանդ որ չափազանց բարձր մակարդակի վրա է գտնվում մեր ռազմական համագործակցությունը», - ասաց Հայաստանի պաշտպանության նախարարը։
Հարցին, թե դեպքերի մեջ հրամանատարական կազմի մեղքը կամ թերությունը կա՞, Օհանյանը պատասխանեց, որ մանրամասները դեռ կպարզվեն։
«Եկեք առանց քննության որևէ տեսակետ չարտահայտենք։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր այսպիսի դեպքերի շրջանակներում մեղավորների շրջանակ լինում է՝ անհատը, նրա շրջապատը, կոլեկտիվը, որտեղ որ այդպիսի բան է ձևավորվել, անմիջական այն ղեկավարներն, ովքեր աշխատել են տվյալ զինծառայողի հետ։ Քրեական ողջ գործընթացն այդ ամենը կպարզի», - ասաց նախարարը։
Հարցին, թե ինչպե՞ս են իրականացվում քննչական գործողությունները, և արդյոք ռուսական պատվիրակության ժամանումն ու ռուսական զորամասում Պերմյակովի գտնվելը չի՞ խոչընդոտում օբյեկտիվ քննությանը, փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը պատասխանեց, - «Բացարձակապես, նրանք եկել են միայն օբյեկտիվություն ապահովելու համար, նաև, ինչու չէ, պատժելու բոլոր նրանց, ովքեր ունեն մեղքի իրենց բաժինը»։
Արդեն իսկ Գյումրիում տեսակետ է շրջանառվում, որ Պերմյակովի հայտնաբերման գործողությունը միտումնավոր ձգվել է, որպեսզի նա, ի վերջո, հայտնվի ռուսական զորքերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում և նրանց կողմից հայտնաբերվի. այս դիտարկմանը փոխոստիկանապետն այսպես արձագանքեց. - «Ո՛չ։ Ինֆորմացիայի փոխանակման, համակարգման, ձեռքբերման լուրջ աշխատանքներ են կատարվել՝ Ազգային անվտանգության ծառայություն, Դատախազություն, Քննչական կոմիտե։ Աշխատել ենք շատ համակարգված, տեսել ենք անկեղծ շահագրգռվածությունը նաև մեր ռուս գործընկերների կողմից»։
Ռուսական կողմը նաև ծառայողական քննություն է նշանակել՝ պարզելու ռազմաբազայից զինծառայողի փախուստի հանգամանքները։
Երեկ առավոտյան Գյումրիում սպանվել են Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը բնակվող Սերյոժա Ավետիսյանը և ընտանիքի հինգ անդամները՝ կինը՝ Հասմիկ Ավետիսյանը, դուստրը՝ Աիդա Ավետիսյանը, որդին՝ Արմեն Ավետիսյանը, որդու կինը՝ Արաքսյա Ավետիսյանը և թոռը՝ Հասմիկ Ավետիսյանը: Ընտանիքից կենդանի է մնացել միայն մի քանի ամսական Սերյոժա Ավետիսյանը, ում իրավապահները հայտնաբերել են վիրավոր՝ կրծքի շրջանում կտրող, ծակող գործիքով ծանր վնասված։
Հիմնական կասկածյալը Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովն է, ով մինչ դեպքը փախուստի էր դիմել զորամասից:
Դատախազություն․ Պերմյակովին Հայաստանի իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում
Հայաստանի գլխավոր դատախազությունը այսօր հաղորդագրություն է հրապարակել, ըստ որի՝ Վալերի Պերմյակովին Հայաստանի իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում:
«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունները քննարկել են Գյումրիում նախօրեին տեղի ունեցած սպանության գործի մանրամասները: Երկուստեք ընդգծվել է, որ տեղի ունեցած ողբերգության բոլոր մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ», - տեղեկացնում է Հայաստանի դատախազությունը՝ շարունակելով․ - «Հանցագործության կատարման մեջ կասկածվող Վալերի Պավելի Պերմյակովը ՌԴ քաղաքացի է և գտնվում է ՌԴ իրավապահների հսկողության՝ նույնն է՝ ՌԴ իրավազորության ներքո: Հետևաբար Վ. Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում, նկատի ունենալով ՌԴ սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված արգելքը, համաձայն որի, ՌԴ քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետության: Համանման արգելք է սահմանված նաև ՀՀ Սահմանադրության 30.1 հոդվածի դրույթներով, որի գործողության պայմաններում ՀՀ որևէ քաղաքացի երբևէ չի հանձնվել այլ պետության»:
«Քննությունը վարում են ՀՀ և ՌԴ իրավապահ մարմինները: Քննությունն իրականացվելու է ՀՀ և ՌԴ իրավապահ մարմիների ակտիվ իրավական փոխգործակցությամբ: Հայկական կողմը հետևողական է լինելու, որպեսզի բոլոր մեղավորները օրենքով սահմանված կարգով ենթարկվեն պատասխանատվության», - ասված է հաղորդագրությունում: