«Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է ազատամարտիկների նկատմամբ կատարվող «ահաբեկչական գործողությունները»:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան դիմակավորված անձինք ծեծի են ենթարկել ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչության անդամ Սուրեն Սարգսյանին: Նա գանգուղեղային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Նրա վիճակը կայուն է, առողջությանը վտանգ չի սպառնում։
Երեկ երեկոյան լրատվամիջոցները գրեցին ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ՝ «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանին և «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին ծեծի ենթարկելու մասին:
«Պահանջում ենք անհապաղ բացահայտել ու պատժել հանցագործներին: Հակառակ դեպքում սա կհամարենք իշխանությունների կողմից հովանավորվող հաշվեհարդար այն քաղաքացիների հանդեպ, ովքեր իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ընդդեմ երկրում տիրող անօրինականությունների, ամենաթողության ու օրեցօր վատթարացող սոցիալ-տնտեսական իրավիճակի», - ասված է «Ժառանգության» հաղորդագրությունում.- «Մարդու իրավունքների պաշտպանության, Արցախի անկախության հանրաքվեի տարեդարձի այս օրը, «Ժառանգություն» կուսակցությունը սույն ոտնձգությունները գնահատում է որպես ներկա չընտրված իշխանությունների՝ դրությունը շտկելու անզորության, մարդու ազատ խոսքի իրավունքի ոտնահարման, այլակարծության մերժման արտահայտություն, որը սպառնում է վարչախմբի՝ բիրտ ուժով ու կեղծիքով տիրացած աթոռին»։
Կուսակցությունն իր զորակցությունն է հայտնել «արդար պայքարի ելած բոլոր քաղաքացիներին, ազատամարտիկներին` կոչ անելով միասնական լինել ապօրինի իշխանությունների դեմ պայքարում և իրապես ազատ, անկախ ու իրավական Հայաստան կառուցելու գործում»: