Մատչելիության հղումներ

«ԵՏՄ-ում խաղի կանոնները ոչ հօգուտ քաղաքացիական հասարակության են»


Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Միքայել Հովհաննիսյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, 2-ը դեկտեմբերի, 2014թ.
Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Միքայել Հովհաննիսյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, 2-ը դեկտեմբերի, 2014թ.

Միքայել Հովհաննիսյանի կարծիքով՝ Հայաստանն ունի այլընտրանք, ուղղակի այդ այլընտրանքն ավելի երկարարաժամկետ հեռանկարով է ձգվում։

Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Միքայել Հովհաննիսյանի համոզմամբ՝ Եվրասիական տնտեսական միությունում (ԵՏՄ) խաղի կանոնները ոչ հօգուտ քաղաքացիական հասարակության են։

«Եթե անդամակցում ենք այս ակումբին, պետք է փորձենք պատկերացնել այդ ակումբի կանոնները։ Ելնելով նրանից, թե ինչ է կատարվում թե՛ Ռուսաստանում, թե՛ Բելառուսում, թե՛ Ղազախստանում՝ կարելի է դատել, որ խաղի կանոնները հաստատ ոչ հոգուտ քաղաքացիական հասարակության են, և այդ վտանգներն այդքանով հիմք ունեն։ Դեռևս ասել, որ Հայաստանում այդ ազդեցությունը հստակ է, իմ կարծիքով, չի կարելի, բայց Հայաստանում քաղաքացիական հասարակության վիճակը, այսպես թե այնպես, չէի ասի, որ լավագույնն է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը։

Նա ընդգծեց, որ Հայաստանում բռնություններ են կիրառվում քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ, խոչընդոտվում են ազատ լրագրողների աշխատանքները և ակտիվիստների կազմակերպած ակցիաները, ու հավելեց, որ Հայաստանը դեռևս ԵՏՄ-ում չէ, բայց այդ տեսանկյունից հողը բավական պարարտ է։

Հարցին, թե սա միա՞կ ճանապարհն էր, որով կարող էր ընթանալ Հայաստանը, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Ես կարծում եմ, որ Հայաստանն ունի այլընտրանք՝ անկախ ամեն ինչից, ուղղակի այդ այլընտրանքն ավելի երկարարաժամկետ հեռանկարով է ձգվում՝ ոչ անմիջապես։ Պետք է ստեղծել մի այնպիսի իրավիճակ, որ Հայաստանում ձևավորվի իշխանություն, որը կանխատեսելի է թե՛ ներսից, թե՛ արտաքին քաղաքական բնագավառում և կարողանում է վարել արժանապատիվ արտաքին քաղաքականություն։ Իսկ դա հնարավոր է լայնածավալ հանրային կոնսոլիդացիայի միջոցով և վերաարժևորման միջոցով՝ Հայաստանի տեղը, դերը, անելիքը և հետագա ճակատագիրը։ Այլընտրանքը, իմ կարծիքով, դա է»։

Արդեն մի քանի օր է խորհրդարանը քննարկում է Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հեռանկարը, իսկ Ազգային ժողովի շենքի առջև հավաքված տասնյակ ցուցարարներ պատգամավորներից պահանջում են դեմ քվեարկել պայմանագրին:

Հովհաննիսյանը կարևորեց նման ակցիաների առկայությունը։ «Այդ բողոքի ակցիաները բավականին բարձր եմ գնահատում, կարևոր են իրենք իրենց բովանդակությամբ, բայց բոլորս էլ, և նաև այն մարդիկ, ովքեր կանգնած էին այսօր, երեկ, շատ լավ հասկանում էին, որ Ազգային ժողովի մեծամասնությունն առնվազն քվեարկելու է այնպես, ինչպես որ իրենց հրահանգվի Բաղրամյան 26-ից, և արդյունքում այս պրոցեսը հանգեցնելու է այդ պայմանագրի վավերացմանը», - ասաց Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգողը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG