Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու՝ իր նախաձեռնության տապալումից հետո մամուլի ասուլիսով հանդես եկավ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Նախ նա պատահական չհամարեց, որ իր նախաձեռնությանը չմիանալու վերաբերյալ ՀԱԿ-ի անունից հայտարարությամբ հանդես է եկել խմբակցության փորձագետը:
«Սա առաջին հերթին պատասխանատվությունից խուսափելու համար է։ Երբ հարց կլինի, փաստեր կպարզաբանվեն, կասեն՝ «էդ հայտարարությունը մենք չենք արել, արել է փորձագետի տեղակալի օգնականի հարևանը, և մենք էդ հայտարարության հետ որևէ կապ չունենք»»,- ասաց Փաշինյանը։
«Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչո՞ւ շրջանառության մեջ դնել, եթե չկա համոզվածություն, որ այդ հարցը ստանալու է անհրաժեշտ քվե, ես ուզում եմ հիշեցնել, որ Հայ ազգային կոնգրեսը շրջանառության մեջ է դրել մի քանի փաստաթղթեր, այդ թվում՝ եռյակը, նախապես իմանալով, որ այդ նախագծերը չեն անցնելու, որովհետև չկա անհրաժեշտ թվով ձայն։ Ես ուզում եմ հատկապես շեշտել Մարտի 1-ի հետ կապված հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը, որը երկու անգամ մինչև վերջ տարվել է և դրվել է քվեարկության՝ նախապես իմանալով, որ այդ նախաձեռնությունը չի անցնելու։ Հարց՝ ինչի՞ համար է դա արվել»,- ասաց պատգամավորը։
Փաշինյանն արձագանքեց նաև Արտաշես Գեղամյանի այն հայտարարությանը, որ եթե Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը 131 պատգամավորից կողմ են միայն 3-ը, ուրեմն երկրի նախագահն այսօր վայելում է խորհրդարանի լիակատար աջակցությունը:
«Ես կարող եմ ցույց տալ երեք պատգամավոր, որոնք իրենց դիրքորոշումը հստակ հայտարարել են։ Ոչ միայն հայտարարել են, որ համաձայն չեն Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության հետ, այլ հայտարարել են, որ Սերժ Սարգսյանը իր գործունեության ընթացքում թույլ է տվել պետական դավաճանություն և քրեական հանցագործություններ։ Եթե կան քաղաքական ուժեր, որոնք այս դիրքորոշումը կիսում են, կարող են Գեղամյանի հայտարարությունը հեշտությամբ հերքել»,- նկատեց Փաշինյանը։
Փաշինյանն անդրադարձավ նաև որոշ գործընկերների այն դիտարկումներին, թե փաստաթղթից դուրս են մնացել այնպիսի կարևորագույն հարցեր, ինչպիսին, ասենք, Եվրասիական տնտեսական միությանը Հայստանի անդամակցությունն է: Նախ պատգամավորը հստակեցրեց իր դիրքորոշումը ԵՏՄ-ի հարցում՝ տեղեկացնելով, որ այսօր խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում դեմ է քվեարկել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը:
Ապա նա փոխանցեց, որ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացից չի հրաժարվում և պատրաստվում է հարցը սովորական ընթացակարգով բերել խորհրդարանի օրակարգ: Հետևաբար նրանք, ովքեր իսկապես ցանկանում են միանալ նախաձեռնությանը, իրենց առաջարկությունները կարող են ներկայացնել և ընդգրկել այդ որոշման նախագծում:
«Նրանք, ովքեր համարում են, որ թույլ էր, կարող են ուժեղ կետերը ներկայացնել, և մենք քննարկենք փաստաթղթում ներառելու հարցը, և եթե չեն ուզում փաստաթղթում ներառել, կարող են իրենք ինքնուրույն սեփական նախաձեռնությամբ նախագիծ դնել շրջանառության մեջ, և ես կպաշտպանեմ այդ նախագիծը»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև այն պնդումներին, թե իր նպատակը ընդդիմության դաշտում հստակեցում մտցնել էր՝ ի ցույց դնելով, թե իրականում որքանով են անկեղծ իշխանափոխության համար պայքարող ոչ իշխանական ուժերը:
«Ասում են, որ Ազատության հրապարակում տեղի ունեցող պրոցեսը հանգեցնելու է համակարգային իշխանափոխության։ Գուցե այս հարցի կոնտեքստում ես ինձ համար ստացա պատասխան, թե ինչքանով են այդ պնդումները համապատասխանում իրականությանը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։