Ազգային ժողովի «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցությունն արձագանքել է Սերժ Սարգսյանի պաշտոնանկության վերաբերյալ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի առաջարկին:
Հիշեցնենք՝ Փաշինյանը դիմել էր ԱԺ բոլոր ոչ իշխանական խմբակցություններին՝ աջակցություն հայցելով Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար:
«Հայ Ազգային Կոնգրես» խմբակցության փորձագետ և մամուլի հետ կապերի պատասխանատու Արմեն Խաչատրյանը հայտարարություն է հրապարակել, որում, մասնավորապես, ասվում է․ - «2012 թվականին խմբակցություն կազմավորելուց հետո առաջին իսկ նիստերի ժամանակ Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունը քննարկել է Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացը նախաձեռնելու հարցը: Նիստում, որին ներկա է եղել նաև Նիկոլ Փաշինյանը, միաձայն որոշում է ընդունվել առայժմ զերծ մնալ պաշտոնանկության գործընթացը նախաձեռնելուց: Որոշման հիմնավորումն այն էր, որ Ազգային Ժողովում պաշտոնանկության գործընթացի հաջողության համար անհրաժեշտ մեծամասնության բացակայության պայմաններում` նման գործընթացի նախաձեռնումը դատապարտված է ձախողման, ինչը միայն կուժեղացնի Սերժ Սարգսյանի դիրքերը»:
Մատնանշելով, որ Համաժողովրդական շարժման ձեռնարկած գործընթացները «դեռ չեն բերել Ազգային ժողովում քաղաքական ուժերի բալանսի արմատական փոփոխության», ՀԱԿ-ը նշել է, որ պաշտոնանկության գործընթացի նախաձեռնումը «դատապարտված է անփառունակ տապալման և կարող է միայն ծառայել ժողովրդի հիասթափմանն ու ռեժիմի դիրքերի ամրապնդմանը»:
«Հասկանալի չէ, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը փոխել իր նախորդ դիրքորոշումը և դիմել քայլերի, որոնք կօգտագործվեն իշխանությունների կողմից ներքաղաքակական պայքարում», - ասված է հայտարարությունում, - «Միևնույն ժամանակ, «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցությունը համարում է, որ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության համար կան բոլոր անհրաժեշտ իրավա-քաղաքական հիմքերը, (ընդորում տասնապատիկ ավելի ծանրակշիռ, քան պատգամավորի ներկայացրած նախագծում), և Համաժողովրդական Շարժման ծավալմանը զուգընթաց գործի կդնի պաշտոնանկության սահմանադրական գործիքը այն ժամանակ, երբ նման գործընթացի նախաձեռնումը կնպաստի ռեժիմի կազմաքանդման գործին»:
Ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան»-ից Միքայել Մելքումյանը «Ազատության»-ն ասել էր, որ ոչ իշխանական ուժերի օրակարգում այսօր Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարց չկա։
«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ փոխանցել էր, որ նախաձեռնության տակ չեն ստորագրելու, քանի որ նախագահ Սերժ Սարգսյանի հետ մի քանի տարի աշխատել են։