Մատչելիության հղումներ

Փաշինյանին պատրաստ են միանալ Զարուհի Փոստանջյանն ու Ալեքսանդր Արզումանյանը


Փաշինյանին պատրաստ են միանալ Զարուհի Փոստանջյանն ու Ալեքսանդր Արզումանյանը
please wait

No media source currently available

0:00 0:03:36 0:00

Արտահերթ նիստ անցկացնելու համար Փաշինյանին 24 ժամում 44 պատգամավորի ստորագրություն է պետք։

Նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու՝ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արտահերթ կարգով քննարկելու նախաձեռնության տակ այս պահին միայն նախկին արտգործնախարար, պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն է ստորագրել, քիչ առաջ «Ազատության»-ն ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ավելի վաղ նրա նախաձեռնությանը միանալու պատրաստակամություն էր հայտնել նաև «Ժառանգություն»-ից Զարուհի Փոստանջյանը։

Փաշինյանը նախագահին պաշտոնանկ անելու ութ պատճառ է նշում. առաջին պատճառը, ըստ պատգամավորի, Մարտի 1-ի գործը հետաքննող փաստահավաք խմբի լուծարումն է։ Փաշինյանի կարծիքով, միայն մեկ զոհի մասով զեկույցի հրապարակումից հետո բազմաթիվ աղաղակող փաստեր ի հայտ եկան, ինչը կասկածի տակ դրեց տեղի ունեցածի պաշտոնական վարկածը։

Պատգամավորը եզրակացնում է, որ Սերժ Սարգսյանը փաստահավաք խումբը լուծարել է՝ իրեն, Ռոբերտ Քոչարյանին և նրանց աջակցող բազմաթիվ անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու նպատակով։

Երկրորդ պատճառը, ըստ նրա, հայ-թուրքական արձանագրություններն են. պատմական փաստերը ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին կետի տակ ստորագրելով՝ Սերժ Սարգսյանը, Փաշինյանի կարծիքով, կասկածի տակ է դրել Հայոց ցեղասպանության փաստը։

Երրորդ պատճառը Ռուսաստանից մատակարարվող գազի գնի և դրա համար առաջացած պարտքերն են, որի պատճառով Հայաստանը վաճառեց «ՀայՌուսգազարդ»-ում ունեցած վերջին 20 տոկոս բաժնեմասը։

Փաշինյանը նշում է, որ Սերժ Սարգսյանը գազի սակագնի բարձրացման մասին վաղուց է իմացել, բայց թաքցրել է, որ դա չազդի ընտրություններում «Հանրապետական» կուսակցության արդյունքների վրա։

Պատճառների թվում Փաշինյանը նաև նշում է Շանթ Հարությունյանի մասին դատավճռից առաջ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե նա «հանցագործ է», Գևորգ Կոստանյանին գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրելը, միլիոնատերեր Հովիկ Աբրահամյանին՝ վարչապետ, Գագիկ Խաչատրյանին՝ ֆինանսների նախարար, Սուրիկ Խաչատրյանին առանց Կառավարության որոշման Սյունիքի մարզպետ նշանակելը։

Համաձայն Հայաստանի Սահմանադրության 57-րդ հոդվածի՝ Հանրապետության նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար:

Նիկոլ Փաշինյանը շեշտում է, որ ցանկում ներառել է միայն «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի պահանջներին համապատասխանող կետերը, մինչդեռ պաշտոնանկության համար հիմքեր տվող գործողությունները շատ ավելին են։

Նիկոլ Փաշինյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ նախագիծն արդեն ուղարկել է ոչ իշխանական խմբակցություններին, վերցրել է նաև ստորագրությունների համար անհրաժեշտ ձևաթուղթը։

Արտահերթ նիստ անցկացնելու համար նրան 24 ժամում 44 պատգամավորի ստորագրություն է պետք։ Քանի որ շաբաթ և կիրակի օրերը ոչ աշխատանքային են, 24 ժամը կլրանա երկուշաբթի ժամը 13-ին։

Ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան»-ից Միքայել Մելքումյանը «Ազատության»-ն ասել էր, որ ոչ իշխանական ուժերի օրակարգում այսօր Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարց չկա։

«Ժառանգություն»-ից Թևան Պողոսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ նախագիծը հենց նոր է վերցրել, և խմբացության կարծիքը կասեն երկուշաբթի՝ երբ քննարկեն։

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ փոխանցեց, որ նախաձեռնության տակ չեն ստորագրելու, քանի որ նախագահ Սերժ Սարգսյանի հետ մի քանի տարի աշխատել են։

Հայ ազգային կոնգրես խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի նախագիծը ստացել է, բայց դեռ չի քննարկել, ասաց խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։

Դաշնակցության պատգամավորների տեսակետը ճշտել չհաջողվեց, ավելի վաղ պատգամավոր Աղվան Վարդանյանը «Ազատության»-ը փոխանցել էր, որ նախագիծը ստանալուն պես այն կքննարկեն։

Այսօր Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել այս հայտարարությունները. - «Երբ որ ձևաթղթի մարման ժամկետը կլրանա, այն ժամանակ նոր կտեսնենք»։

Պատգամավորը «Ազատության»-ը ասաց, որ երկուշաբթի՝ ժամկետի լրանալուց հետո, գործընթացի մասին իր կարծիքը կհայտնի մամուլի ասուլիսում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG