Մատչելիության հղումներ

«Ժառանգության» խոսնակը հացադուլ է սկսել՝ պահանջելով ետ վերադարձնել հայ օդաչուներին


«Ժառանգության» խոսնակը հացադուլ է սկսել՝ պահանջելով հետ վերադարձնել հայ օդաչուներին
please wait

No media source currently available

0:00 0:03:04 0:00

Դավիթ Սանասարյանը կոնկրետ գործողություններ է պահանջում ԵԱՀԿ Մինսկի խմբից` հայ օդաչուների վերադարձի ուղղությամբ։

«Ժառանգություն» կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանը այսօր ժամը 13.45-ից հացադուլ սկսեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի առջև: Բողոքի ժամը խորհրդանշական է․ 5 օր առաջ 13.45 րոպեին ադրբեջանական զինուժը խոցեց հայկական ուղղաթիռը: Քանի որ Ղարաբաղյան խնդրով զբաղվող Մինսկի խումբը գրասենյակ չունի Երևանում, Սանասարյանը ԵԱՀԿ-ից է պահանջում անմիջապես գործողություններ ձեռնարկել և հետ վերադարձնել Ադրբեջանում խոցված ուղղաթիռի երեք օդաչուներին:

«Իհարկե ես Ադրբեջանից պահանջելիք չունեմ, բայց ԵԱՀԿ Մինսկի խումբը ունի մանդատ և այս հակամարտության կարգավորմամբ է զբաղվում: Ես կարծում եմ, որ և նրանց արձագանքը, և միջազգային հանրության արձագանքը ոչ ադեկվատ է: Արդեն քանի օր է անցել և որևիցե լուրջ գործողություն միջազգային հանրության կողմից չի արվել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սանասարյանը:

Նա նշեց, որ այս կոչը, բողոքը ուղղված չէ Հայաստանի իշխանություններին և խնդրեց վերջիններիս, որպեսզի սա որպես սադրանք չդիտարկեն: Իր կոչն ուղղված է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբին:

«Էն որ պատասխանը կլինի, դրանում էլ եմ վստահ, բայց էս պահի դրությամբ մենք ունենք երեք հերոս զինվորներ, ովքեր ընկած են էնտեղ, ու չգիտենք՝ ինչ վիճակում են ընկած, մենք ունենք նրանց հարազատներին, ում համար ամեն մի րոպեն շատ դաժան է: Եվ էսպես նստել, սպասել, որ ինչ-որ մի պահի մի բան է լինելու, ես համաձայն չեմ», - ասաց Դավիթ Սանասարյանը:

Զորացրված հետախույզ Սանասարյանը փոխանցեց, որ արդեն անցել են կոչերի, բանակցությունների, հայտարարությունների ժամանակները, և այս փուլում արդեն միջազգային այս կառույցը պետք է պարտավորվածություն զգա իր վրա կոնկրետ գործողությունների դիմելու, որպեսզի հայ օդաչուները վերադարձվեն Հայաստան:

«Էդ հանդիպումները, կոչերը մինչև դա էլ ավելի նորմալ պիտի անեին: Փաստորեն դուրս է գալիս, որ դրանք ձևական են, օդի մեջ են, և Ադրբեջանը իրենց շան տեղ չի դնում: Հիմա ես էստեղ եմ, ես չեմ ուզում, որ պատերազմ լինի, և որպեսզի ավելի բարդ իրավիճակ չստեղծվի, իրենք պետք է քննարկումները դադարեցնեն ու լուրջ գործով զբաղվեն»:

«Ժառանգության» խոսնակը ասաց, որ այս կոչն ուղղված է բոլոր այն կառույցներին, որոնք կարող են միջամտել և օգնել, որպեսզի Հայաստանը կարողանա հետ ստանալ իր երեք օդաչուներին՝ նշելով Կարմիր Խաչի անունը:

Հացադուլ հայտարարած Սանասարյանին մոտեցան տարածքը հսկող ոստիկանները: Վերջիններս մինչև այժմ ոչ մի պահանջ չեն ներկայացրել նրան՝ ասելով միայն, որ դեսպանը տեղում չէ:

Նա հավելեց, որ հացադուլն անժամկետ է լինելու. նա մնալու է ԵԱՀԿ գրասենյակի առջև այնքան ժամանակ, մինչև այդ կառույցը կոնկրետ քայլերի դիմի հայ օդաչուներին վերադարձնելու համար:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի ծառայությունից մեզ հայտնեցին, որ Սանասարյանի հետ հանդիպել է գրասենյակի ղեկավարի տեղակալ Ուիլյամ Հենլոն և փոխանցել, որ համաձայն իր մանդատի՝ ԵԱՀԿ-ն չի կարող զբաղվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով: Միակ բանը, որ, ըստ ԵԱՀԿ պաշտոնյայի, գրասենյակը իրավասու է անել, Սանասարյանի բողոքը փոխանցել ԵԱՀԿ քարտուղարությանը:

XS
SM
MD
LG