Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքել է ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունն այն մասին, որ «հայկական ուղղաթիռները գրոհ են իրականացրել իրենց դիրքերի ուղղությամբ և իրենք պատասխանել են»:
«Ուղղաթիռի բեկորների ուսումնասիրությունը թույլ կտա հաստատել, որ ուղղաթիռը զինված չի եղել: Իրավիճակի այս լարումը ադրբեջանական կողմից շարունակվում էր, երբ ուղղաթիռը արդեն ընկած էր: Ավելին` ադրբեջանական կողմի կրակահերթը նաև թույլ չէր տալիս, որ անգամ օդաչուներին մոտենան», - Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է Հովհաննիսյանը:
Տեղեկացնելով, որ «ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը», ՀՀ ՊՆ խոսնակը խոստացել է առաջիկայում տեղեկություններ հայտնել ուղղաթիռի անձնակազմի հետագա ճակատագրի մասին:
«Այս աննախադեպ լարման հետևանքները ադրբեջանական կողմի համար շատ ցավոտ կլինեն և կմնան Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին», - հավելել է Արծրուն Հովհաննիսյանը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե հայկական ուղղաթիռը խփվել է պատասխան կրակով, երբ գրոհում էր ադրբեջանական բանակի դիրքերը:
Առավել մանրամասն՝ քիչ անց: