Հղիության և ծննդաբերության փոխհատուցմանը կարգը, բացառությամբ մեկ միլիոն դրամից ավելի աշխատավարձ ստացող մայրերի, չի փոխվի:
«Առաջարկվում է պահպանել մայրության կամ հղիության և ծննդաբերության նպաստի չափը և միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու կարգը՝ սահմանելով մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին աշխատավարձի առավելագույն շեմ նվազագույն ամսական աշխատավարձի տասնհինգապատիկի չափով, որը կազմում է շուրջ մեկ միլիոն դրամ», - այսօր ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Ընդամենը մեկ շաբաթ առաջ Կառավարությունը հայտարարում էր, թե սուղ միջոցների պատճառով հաջորդ տարվանից ստիպված է լինելու աշխատող կանանց մայրության արձակուրդի ընթացքում ավելի քիչ գումարներ տրամադրել: Իսկ տրամադրվելիք գումարներն ուզում էր պայմանավորել հղիների աշխատանքային ստաժով:
Նախարարն ասաց, թե այս վերջինից էլ հրաժարվել են․ - «Մայրության նպաստի իրավունքը ձեռք բերելու նախորդող տասներկու ամիսների համար աշխատող կինը որքան եկամուտ որ ստացել է, այդ եկամուտը կբաժանվի տասներկուսի՝ ստանալով միջին ամսական աշխատավարձը»:
Հայաստանում, ըստ նախարարի, ընդամենը 400 աշխատող կին կա, որ մեկ միլիոն դրամից ավելի գումար է ստանում: 1974 թվականից հետո ծնված 110 հազար կանայք դրանից պակաս եկամուտ ունեն:
Մեկ միլիոնից ավելի վաստակող կանանց ճակատագիրը Կառավարությունն ու խորհրդարանի Հանրապետական մեծամասնությունը թողել են գործատուի բարի կամքին․ - «Դա կլինի գործատուի՝ աշխատողների հետ կոլեկտիվ կամ անհատական պայմանագրերի շրջանակներում»:
Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը (ՀՀԿ) ասաց․ - «Հարգելի գործատուներ, մինչև 4.6 մլն շեմը վճարում է պետական բյուջեն: Դրանից ավելը՝ եթե դուք այդքան շատ եք սիրում ձեր աշխատողներին, պրեմիաներ եք տալիս, բարի եղեք ծննդաբերության համար վճարել: Օրենքի նախագծում մենք թողել ենք կամավոր հիմունքներով: Ես կարծում եմ՝ եթե մենք այստեղ սահմանադրական որևէ պրոբլեմ չունենանք, այս դրույթը մենք կդարձնենք պարտադիր: Ինչո՞ւ, երբ դրույթը չկար, բոլոր գործատուները հաճույքով վճարում էին տասնյակ միլիոնավոր դրամանոց պրեմիաներ, որպեսզի նպաստնի գումարը մեծ լինի: Երբ որ գալիս է ժամանակը, որ պետք է իրենք վճարեն, տեսնենք մեր գործատուները ի՞նչ կասեն»:
«Ազատության» հարցին, թե նշված 400 կանանցից քանիսն են պետական աշխատող, Արտեմ Ասատրյանը արձագանքեց․ - «Ցտեսություն»:
ՀՅԴ խմբակցության անդամ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Աղվան Վարդանյանի կարծիքով՝ օրենքի փոփոխությունների նախնական տարբերակից հրաժարվելը կանանց բողոքի ցույցերի արդյունքն էր:
«Շատ կարևոր է, որ հանրային մեծ ընդվզում եղավ, և կանայք իրենց իրավունքները պաշտպանեցին: Քննարկումներ եղան, և Կառավարությունը ստիպված եղավ նահանջել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վարդանյանը:
Փոփոխություններն ընդունվելու դեպքում 2016-ի հունվարից նպաստ կստանան նաև չաշխատող կայանք: Կառավարությունը նախատեսում է նրանց վճարել 138 հազար դրամ: