Մատչելիության հղումներ

Ալեք Ենիգոմշյանի համախոհները դժգոհ են ոստիկանապետի որոշումից


Ալեք Ենիգոմշյանի համախոհները դժգոհ են ոստիկանապետի որոշումից
please wait

No media source currently available

0:00 0:04:57 0:00

Ալեք Ենիգոմշյանի համախոհներն ու ընկերները դժգոհ են ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի որոշումից՝ ծառայողական քննությամբ պարզել կիրակի օրվա միջադեպի հանգամանքները:

Իրավապաշտպանները պնդում են, որ կույր մարդուն փողոցի երթևեկելի մասում անօգնական թողնելը քրեական հանցագործություն է։

Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը համոզված է՝ բոլոր հատկանիշները կան քրեական գործ հարուցելու համար, մինչդեռ ոստիկանապետը, ծառայողական քննություն նշանակելով, ուզում է կոծկել աշխատակիցների հանցանքը։

«Դա ուղղակի աչքակապություն է, որպեսզի ինչ-որ կերպ քնեցնեն գործը։ Երբ որ ոստիկանները հրահրում են, տղաներից 1-2-ը կարող է նաև պատասխանեն հարվածներին, այդ տղաները վեց տարի դատվում են։ Ալեք Ենիգոմշյանի հետ եղած տղան կարող էր քաշքշուկի ժամանակ մի հատ էլ ինքը քաշեր, էդ ոստիկանը ընկներ, վեց տարի պիտի նստեր։ Ցանկացած այլ միտք արտահայտողին սսկում են տեռորով։ Այսինքն՝ ոստիկանին չկպնես, ոստիկանը ինչ ուզի, քո գլխին կարող է անի»,- ասաց Սարուխանյանը։

ԱՍԱԼԱ-ի նախկին անդամ, լիբանանահայ Ենիգոմշյանը նախօրեին «Ազատության» հետ զրույցում «քաղաքական ուղերձ» էր որակել այս միջադեպը՝ համոզմունք հայտնելով, որ իրեն տուն տանող վարորդին բերման ենթարկելն ու իրեն անօգնական թողնելը նախապես ծրագրված սադրանք էր:

Նախախորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանի գնահատմամբ՝ ոստիկաններն անմարդկային են գործել, միջադեպը ցույց տվեց՝ նոր որակի ոստիկանության մասին Վլադիմիր Գասպարյանի խոսքերը օդում են մնացել։

«Փողոցում թողնել ու գնալ անպաշտպան մարդուն... այդպիսի ոստիկանները իրավունք չունեն աշխատելու այս համակարգում։ Այս ոստիկանները համակարգի տիպիկ դրսևորումն են։ Գասպարյան Վովայի աշխատանքը կարելի է գնահատել հենց նրանց վարվելակերպով»,- ասաց Հակոբյանը։

Տարբեր ակցիաներից հետո բազմաթիվ անգամներ ոստիկանությունում հայտնված Վիլեն Գաբրիելյանը, ով «Նավակ ճոճող» կեղծանունով է հայտնի, հիշեցնում էր Վլադիմիր Գասպարյանի խոսքերը, թե ոստիկանն իր որակով նոր համազգեստին պիտի համապատասխանի։

«Երբ դուրս ես գալու բողոքելու իշխանության դեմ, առաջինը քո դիմաց հայտնվում է ոստիկանը։ Անկախ նրանից, իր հրամանը ապօրին է, թե՝ ոչ, ինքը հլու հնազանդ կատարում է այդ հրամանը։ Պետք լինի՝ կխփի, կբռնի»,- ասաց Գաբրիելյանը։

«Ընդդեմ անմարդկային ոստիկանության» կարգախոսի ներքո Ենիգոմշյանի համախոհների և ընկերների երթը մեկնարկեց Ազատության հրապարակից դեպի Ոստիկանություն և Գլխավոր դատախազություն։

Ոստիկանության շենքի առջև Վլադիմիր Գասպարյանի խոսնակ Աշոտ Ահարոնյանը ցուցարարներին խոստացավ, թե ամենաուշը երեք օրից հայտնի կդառնան ծառայողական քննության արդյունքները, ուսումնասիրվում են նաև փողոցում տեղադրված տեսախցիկների նկարահանումները։

«Ծառայողական քննությունը կատարվում է անաչառ, պրոֆեսիոնալ»,- վստահեցրեց Ահարոնյանը։

Ոստիկանության պաշտոնյան չասաց, թե կույր մարդուն փողոցում անօգնական թողնելը քրեական հանցանք է, թե՝ ոչ։ Եթե ներքին հետաքննությունը քրեորեն պատժելի արարքներ հայտնաբերի, նյութերը կուղարկվեն Հատուկ քննչական ծառայություն, հակառակ դեպքում գործը կարող է փակվել, օրինակ, ընդամենը նկատողությամբ:

Ցուցարարները, սակայն, զայրացան, չեն հավատում, որ մի ոստիկան անաչառ քննելու է իր մեկ այլ գործընկերոջ վարքը։

Եթե դժգոհ մնաք, բողոքեք Հատուկ քննչական ծառայությանը, խորհուրդ էր տալիս ոստիկանության պաշտոնյան: Վլադիմիր Գասպարյանի խոսնակից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ ոսկու շուկայի տնօրենը չկանչվեց պատասխանատվության։ Նա տեսախցիկների առջև կոտրում էր աշխատակիցների վաճառասեղանները, պատժում ցույցերին մասնակցելու համար, բայց իրավապահները հանցակազմ չգտան։

«Դուք հիմա խոսում եք ոչ թե իրավաբանության տեսանկյունից, այլ ձեր սուբյեկտիվ պատկերացումով»,- ասաց Ահարոնյանը։

Ի դեպ, երթի ավարտին ոստիկանները բերման են ենթարկել Նախախորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանին: Իրավապահները նրան մոտեցել են կանգառում, երբ արդեն տուն էր վերադառնում: Երեք ժամ ոստիկանական բաժանմունքում մնալուց հետո ակտիվիստն ազատ է արձակվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG