Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանին անհանգստացրել է այն փաստը, որ դպրոցների տնօրենների նշանակման առանց այդ էլ թերություններով լի գործընթացը, իր բնութագրմամբ, վերածվել է լիակատար ձևականության և անօրինության:
Բախշյանը ասում է, որ Կառավարության վերջերս կայացրած որոշման համաձայն՝ եթե եռամսյա ժամկետում չի կազմակերպվում տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը կամ մրցույթի կայացման դեպքում խորհուրդը չի կարողանում տնօրեն ընտրել, ապա տնօրենը նշանակվում է փոխվարչապետի կողմից:
«Մի արտոնյալ վիճակ է քաղաքապետի ու նախարարի համար, իսկ մարզպետներին փաստորեն մի կողմ են դրել․․․ Ու փոխվարչապետ․․․ փոխվարչապետը էլ բան ու գործ չունի, պիտի Հայաստանի հանրապետության 10 մարզերի չընտրված տնօրենների հավակնորդների գործերը ուսումնասիրի, որոշի, թե ով պիտի լինի տնօրեն: Սա է ամբողջ խայտառակությունը», - ասաց Բախշյանը:
Նա հիշեցնում է, որ 1999 թվականին Կառավարության որոշմամբ Համաշխարհային բանկի տրամադրած 15 միլիոն դոլարի վարկային ծրագրով սկիզբ դրվեց կրթության ոլորտի բարեփոխումներին: Իբրև առաջին քայլ՝ ներդրվեց դպրոցները խորհուրդներով կառավարելու նոր համակարգ, որի համաձայն տնօրենները պետք է ընտրվեն խորհուրդների կողմից, որպեսզի բարձրացվի դպրոցների կառավարման ինքնավարությունը: Դրա շնորհիվ տնօրենը պետք է ավելի ինքնուրույն լիներ, քանի որ չի նշանակվել որևէ պաշտոնյայի կողմից:
Բախշյանը փաստում է՝ այսպիսով Կառավարությունը ծախսեց 15 միլիոնը և վերադարձավ 90-ականների համակարգին: Փորձը ցույց տվեց, որ կառավարման նախորդ ձևը, ինչպես ցանկացած ընտրության պարագայում է, չաշխատեց Հայաստանում:
«Նշանակում են ինչ-որ մեկին, ով կամակատար կլինի, կենթարկվի, չի հարցնի՝ ինչո՞ւ, ինչո՞ւ եք զանգում էս վայրկյանին տնօրենին ու ասում՝ կոլեկտիվիդ կբերես էս ինչ տեղ հավաքի, միջոցառման: Ընտրություն չկա, կա կամայական մոտեցում», - շեշտեց Բախշյանը:
Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության քաղաքականության և վերլուծության բաժնի պետ Սուսաննա Մակեյանը նշեց, որ փոփոխության համաձայն, մրցույթի չկայացման դեպքում Երևանի հիմնական դպրոցների տնօրեններին նշանակելու է քաղաքապետը, մարզերինը՝ փոխվարչապետը, իսկ ավագ դպրոցներինը՝ կրթության նախարարը:
«Նախկինում, եթե ընտրությունը չէր կայանում, բոլոր դեպքերում առաջին պլանում էր կրթության և գիտության նախարարը», - նշեց Մակեյանը:
Նախարարության ներկայացուցիչը դժվարանում է խոսել փոփոխության նպատակահարմարության կամ արդյունավետության մասին․ - «Երբ որ սկսեն էս մեխանիզմով առաջարկները արվել, նշանակումները և պայմանագրերը կնքվել, կերևա՝ արդյունավետ էր, թե ոչ»:
Անահիտ Բախշյանը վստահ է, որ տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթներն այսուհետև արհեստականորեն ձգձգվելու են, չեն կայանալու, որպեսզի ի վերջո տնօրեն նշանակեն իրենց ցանկացած մարդուն:
Նման իրավիճակում է հայտնվել, օրինակ, Դիլիջանի թիվ 4 դպրոցը: Այն երեք ամիս է, ինչ տնօրեն չունի, նոր մրցույթ էլ չի հայտարարվել: Այս տեղեկությունը հաստատեց դպրոցի տնօրենի պաշտոնակատար Էլիզա Սևանյանը: