Մատչելիության հղումներ

Փոստանջյանը պահանջում է պատասխանատվության կանչել ԱԺ նախագահին


«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյան, արխիվ
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյան, արխիվ

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը այսօր դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին՝ պահանջելով վերականգնել իր իրավունքներն ու պատասխանատվության կանչել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին։

Հիշեցնենք՝ մեկ շաբաթ առաջ Զարուհի Փոստանջյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը դատապարտող ԱԺ հայտարարության նախագիծ էր շրջանառության մեջ դրել։ Հայտարարության նախագիծը վերնագրված էր «ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնում կրկին նշանակված բանդիտի որակավորում ունեցող անձի՝ Սուրիկ Խաչատրյանի (հանրությանը առավել հայտնի Լիսկա մականվամբ) մասին»։

«Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Ազգային ժողովի նախագահը այս հայտարարությունը «Ազգային ժողովի կանոնակարգ»-ի համաձայն ամենաուշը հոկտեմբերի 2-ին պետք է դներ շրջանառության մեջ, նախագիծը պետք է գրանցվեր աշխատակազմի կողմից Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված հարցերի ռեեստրում և տեղադրվեր Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում։

«Սակայն, մինչ օրս հայտարարության նախագիծը չի դրվել շրջանառության մեջ: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ հայտարարում եմ, որ Գալուստ Սահակյանը, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, խոչընդոտում է իմ՝ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունները: Խնդրում եմ, օրենքով սահմանված կարգով, ընթացք տալ սույն դիմումին, միջոցներ ձեռնարկել վերականգնելու իմ իրավունքները և պատասխանատվության կանչել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին», - ասված է օմբուդսմենին ուղղված դիմումում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG