Այսօր Ազգային ժողովի 34 պատգամավորներ «Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքը՝ հարակից փոփոխություններով, Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ դիմում են ներկայացրել Ազգային ժողովի նախագահին: Վերջինս, սահմանված կարգով, այն պետք է ուղարկի Սահամանադրական դատարան:
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ 500 էջից բաղկացած դիմումը ներառում է երեք հիմնական խնդրի վերաբերյալ հարցադրումներ:
«Առաջինը՝ օրենքների ընդունման ընթացակարգերի խախտումներ, որոնք, մեր գնահատմամբ, այնքան շատ են ու էական, որ կարող են հիմք հանդիսանալ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը՝ կից փաթեթով, Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու համար։ Երկրորդ խումբ հարցերը վերաբերում են բովանդակային պահանջներին՝ սկսած «սոցիալական նպատակային վճար» հասկացությունից, ավարտված դրանց հավաքագրմամբ, տեղաբաշխմամբ և քաղաքացիների, տնտեսվարող սուբյեկտների սեփականության իրավունքները ոտնահարելու հետ։ Եվ երրորդ խումբ հարցերը՝ Սահմանադրությանը համապատասխանող կենսաթոշակային համակարգ ունենալուն են ուղղված», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մինասյանը։
Մինասյանը տեղեկացրեց, որ այս դիմումով իրենք առաջարկում են մինչև դատաքննության ավարտը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին օրենք»-ի այն դրույթները, որոնցով նախատեսված են պարտադիր վճարումներ։
Պատգամավորի համոզմամբ հակասահմանադրական կետերը կենսաթոշակային նոր օրենքում պահպանվել են:
«Մենք գտնում ենք, որ ոչ միայն չի վերացվել հակասահմանադրական բնույթը, այլ պահպանվել է՝ չնայած անվանման փոփոխությանը։ Բայց, բոլոր դեպքերում, մենք ակնկալում ենք, որ դրանք կճանաչվեն Սահմանդրությանը հակասող ու անվավեր, և հնարավորություն կտրվի՝ մեր կողմից առաջ քաշված սկզբունքերին և մոտեցումներին համապատասխան նոր համակարգ ձևավորելու համար», - ասաց Մինասյանը։
Նշենք, որ այսօր «Դեմ եմ» նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին հորդորել է գնահատել «Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքը:
«Պահանջել ենք այն իրավական գնահատականը, որ Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օերենքով պետք է տա։ Ցավոք սրտի, Սահմանադրական դատարանի մասին օրենքն ունի բացեր, ըստ որի, դատարանն օժտված չէ պատժիչ ֆունկցիաներով, և դա ավելին քան հարմար է այն իրավախախտների համար, ովքեր փորձելու են շրջանցել և արդեն փորձել են շրջանցել Սահմանադրական դատարանի որոշումը», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Դեմ եմ» նախաձեռնության անդամ, իրավաբան Սրբուհի Ղազարյանը:
«Դեմ եմ»-ի մեկ այլ անդամ՝ Դավիթ Խաժակյանը նշում է, որ Սահամանադրական դատարանին ուղղված իրենց հայտարարության մեջ իրենք առաջին հերթին անդրադարձել են տարիքային խտրականությանը:
«Առաջին կետը, որ կարելի է նշել, դա հոդված 5-ի կասեցումն էր, որ կասեցրեց Սահմանադրական դատարանը․ դա վերաբերում էր տարիքային խտրականությանը։ Փաստորեն, այդ կետը պահպանվել է նոր օրենքում, ինչն ակնհայտորեն տարիքային խտրականություն է իրենից ենթադրում։ Կա նաև այլ կետ. նոր խտրականություն է ավելացել՝ դա արդեն բաժանումն է՝ 1996 թվից հետո ծնվածներ և քաղծառայողներ։ Այսինքն, այստեղ խտրականությունը դարձել է բազմաստիճան» - «Ազատության» հետ զրույցում ասաց Խաժակյանը։
Նշենք նաև, որ ոչ իշխանական պատգամավորների կողմից Սահմանադրական դատարան ուղարկված դիմումի տակ ստորագրել են առավելապես ԲՀԿ և ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչները: ՀԱԿ խմբակցությունից ստորագրել է միայն Նիկոլ Փաշինյանը։