Մատչելիության հղումներ

Ցմահ դատապարտյալներից 11-ը դադարեցրին հացադուլը


«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, արխիվ
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, արխիվ

Առավոտից 29 ցմահ դատապարտյալներ անժամկետ հացադուլ էին հայտարարել:

Այս պահի դրությամբ առավոտյան հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալներից 11-ը դադարեցրել են հացադուլը, ինչպես փոխանցեց Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը՝ «քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների տարած բացատրական աշխատանքների արդյունքում»:

«Օրենսդրական փոփոխություններ են սպասվում ցմահ դատապարտյալների, նրանց պահման պայմանների վերաբերյալ: Այդ մասին ՔՀԿ-ի աշխատակիցները տեղեկացրել են դատապարտյալներին, որից հետո նրանցից 11-ը դադարեցրել են հացադուլը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խաչատրյանը:

Այսօր առավոտից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 29 ցմահ դատապարտյալներ անժամկետ հացադուլ էին հայտարարել:

Նրանք պահանջում են իրենց գործերի վերանայում: Քանի որ դատարանները անմիջապես մերժում են ցմահ ազատազրկման դատապարտվածների գործերը վերանայելու մասին դիմումները, դատապարտյալները նաև հանդիպում էին պահանջում նախագահի ներկայացուցչի հետ:

Այս մասին «Ազատությանը» փոխանցեց ցմահ ազատազրկման դատապարտված Ստեփան Գրիգորյանի քույրը՝ Ռուբինա Գրիգորյանը:

Մոտ երկուևկես ամիս առաջ ցմահ դատապարտյալները դիմել էին Արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանին՝ խնդրելով քննարկել իրենց գործերի վերանայման հնարավորությունը: Նախարարը խոստացել էր լուծումներ գտնել:

«Քանի որ լուծումներ մինչև այսօր չեն գտնվել, նրանք կրկին դիմել են ծայրահեղ քայլի և հացադուլ են հայտարարել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի բռնությունների կանխարգելման վարչության պետ Երանուհի Թումանյանցը, ով այսօր այցելել էր դատապարտյալներին:

«Դեռ 2011 թվականին Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարվեց, որի համաձայն առավելագույն պատժի ժամկետը 15-ից դարձավ 20 տարվա կամ ցմահ ազատազրկումը: Մինչև 2011 թվականը ցմահ ազատազրկման դատապարտված մարդիկ համարում են, որ այս փոփոխությունն իրենց համար բարելավող նորմ է, քանի որ վերջերս եղան դեպքեր, երբ մեկ կամ երկու սպանության համար ամբաստանյալները դատապարտվեցին 17 կամ 18 տարվա ազատազրկման: Ցմահ ազատազրկման դատապարտվածները համարում են, որ այդ պատժին են արժանացել, քանի որ դատարանը համարել է, որ 15 տարին մեղմ պատժամիջոց է իրենց հանցագործության համար, մինչդեռ 20 տարվա ազատազրկման դատապարտելու հնարավորության դեպքում դատարանը իրենց ցմահ ազատազրկման չէր դատապարտի», - ասաց Թումանյանցը:

Հայաստանում 104 ցմահ դատապարտյալ կա, որոնցից ավելի քան 90-ը պատիժը կրում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Մոտ երկուևկես ամիս առաջ՝ հունիսի 30-ից հուլիսի 3-ը նույն դատապարտյալները հացադուլ էին հայտարարել, որը դադարեցրել էին Արդարադատության նախարարի հորդորով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG