Նախարարը դատապարտյալներին խոստացել է օրենքի սահմաններում լուծումներ գտնել բարձրացված հարցին:
Հիշեցնենք, Նուբարաշենի մեկուսարանում գտնվող ցմահ ազատազրկման դատապարտվածները հունիսի 30-ին հացադուլ էին հայտարարել՝ պահանջելով հնարավորություն ընձեռել վաղաժամկետ ազատման համար:
Ցմահ ազատազրկվածների հարազատները, փոխանցելով հացադուլ հայտարարած անձանց դժգոհությունները, նշում էին, որ Քրեական օրենսգրքի 2011 թվականի փոփոխությունից հետո ցմահ ազատազրկման դատապարտվածները անհավասար պայմանների մեջ են գտնվում այն անձանց հետ, որոնք կարող են վաղաժամկետ ազատվել:
Ավելի վաղ դատապարտյալները նամակով դիմել էին Արդարադատության նախարարին, սակայն որևէ պատասխան չէին ստացել:
«Ես հորդորել եմ, իրենք դուրս են եկել հացադուլից: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, խոստացել ենք ուսումնասիրել խնդիրները և փորձել օրենքի սահմաններում ինչ-որ լուծումներ գտնել», - լրագրողներին ասաց նախարարը` շարունակելով. - «Ես կարծում եմ, որ մենք ամեն ինչ պիտի անենք, որպեսզի օրինական պահանջները բավարարվեն: Բնականաբար պահանջների մի մասը կարող են հակաօրինական լինել, չհամապատասխանել մեր օրենսդրությանը կամ ողջամտության սահմաններին: Լուծումը արդեն կթելադրի հետագա քայլերը»: