Մատչելիության հղումներ

Լյուքս Ստեփանյանի սպանության գործով բողոքը Վերաքննիչ դատարանում է


Լյուքս Ստեփանյանի սպանության գործով բողոքը՝ Վերաքննիչ դատարնում
please wait

No media source currently available

0:00 0:03:01 0:00

Ամբաստանյալի փաստաբանի խոսքով՝ դատավճիռը միայն հաստատել է պաշտպանության նախարարի արած հայտարարությունը:

Հուլիսի 4-ին Իջևանի դատարանը 20-ամյա շարքային Դավիթ Խաչատրյանին դատապարտել էր 17 տարվա ազատազրկման՝ Լյուքս Ստեփանյանին սպանելու մեղադրանքով: Ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի մայիսի 15-ին Դավիթ Խաչատրյանը վիճաբանել է պահակախմբում ընդգրկված շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանի հետ:

Դավիթ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կրակել է Լյուքս Ստեփանյանի ուղղությամբ, սպանել է նրան, իսկ շարքային Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային մարմնական վնասվածք, որով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս է պատճառվել նրա առողջությանը:

Ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանը իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչելը չի նշանակում, որ Լյուքսի մահվան և Հրաչյայի ստացած մարմնական վնասվածքի մեջ ինքը մեղք չունի: Սակայն առաջին ատյանի դատարանը Խաչատրյանի ցուցմունքներն արժանահավատ չի համարել:

Ամբաստանյալը Վերաքննիչից խնդրում է բեկանել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և քրեական գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության, կամ իր նկատմամբ նշանակել նվազագույն պատիժ:

Ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպանը հիշեցրեց Լյուքս Ստեփանյանի դիակը Երևան տեղափոխելու՝ պաշտպանության նախարարի հայտարարությունների առնչությամբ տեղի ունեցածը և հայտարարեց, թե այդ իրավիճակում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունն է հիմք դարձել քննչական մարմնի համար:

«Պաշտպանության նախարարը այդ պահին հայտարարում է, որ այո, նախնական տեղեկություններով տեղի է ունեցել միտումնավոր կրակոց և սպանություն: Եվ սա բավարար էր, հարգելի դատարան, որպեսզի պաշտպանության նախարարի ենթակայության տակ գտնվող քննչական ծառայությունը ամեն հնարավոր և անհնարին քայլ ձեռնարկի, որպեսզի հաստատի պաշտպանության նախարարի այս խոսքը, որ միտումնավոր կրակոց է եղել», - հայտարարեց Դավիթ Խաչատրյանի պաշտպանը:

Փաստաբանն այս հայտարարություններն արեց՝ փորձելով հիմնավորել, որ 17 տարվա ազատազրկման վերաբերյալ առաջին ատյանի դատավճիռը անհիմն է:

Տուժող Լյուքս Ստեփանյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Սարգսյանն «Ազատության» հետ զրույցում անհիմն որակեց բողոքը:

«Մեր դիրքորոշումն այն է, որ դատարանը կայացրել է օրինական, հիմնավորված դատավճիռ: Տուժող կողմին, նրանց համագյուղացիներին այս դատավճիռն էլ չի բավարարել», - ասաց Արմեն Սարգսյանը:

Ի դեպ, այսօրվա դատական նիստին մասնակցում էր նաև այս գործով տուժող Հրաչյա Սարգսյանը: Նա առաջին ատյանի դատարանում ցուցմունք տալու հնարավորություն չի ունեցել, քանի որ վիրավորվելուց հետո առողջական լուրջ խնդիրներ է ունեցել: Սակայն դատարանն այսօր հարմար չհամարեց լսել տուժողին, թեև նա զգուշացրել էր, որ հաջորդ նիստերին վատառողջ լինելու պատճառով հավանաբար չի կարողանա ներկայանալ դատարան:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 22-ին:

XS
SM
MD
LG