Կրթության և գիտության նախարարության Կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանի խոսքով՝ ստուգումների արդյունքում միայն 30 տնօրեն և 100 մանկավարժ արդեն իսկ հեռացվել է աշխատանքից:
Առավել թվով խախտումներ հայտնաբերվել են ստուգված դպրոցներից մոտ հինգ տասնյակում: Դրանք հիմնականում վերաբերում են կադրային քաղաքականությանը․ աշխատանքի են ընդունվել մարդիկ, ովքեր չեն ունեցել համապատասխան դիպլոմ կամ ստաժ:
«62 ավագ դպրոցներում կազմել ենք 40 արձանագրություն: 30 դպրոցում արձանագրել ենք տնօրենների 51 խախտում, այսինքն՝ մի տնօրենը առնվազն երկու խախտում է արել: Հիմնականում էս խախտումները կամ ուսուցչի թափուր տեղի մրցույթի կարգի պահանջի խախտումն է կամ հենց իրենց ղեկավար կադրերի նշանակման», - նշեց Կարապետյանը:
Կրթության պետական տեսչության պետն ասում է, որ ոլորտում բացթողումները շատ են: Եթե իրենք ստուգեն Հայաստանի բոլոր՝ 1400 դպրոցները, ապա 3000-ից ավելի խախտումներ կհայտնաբերեն: Կարապետյանը ներկայացրեց կոնկրետ օրինակներ, որոնք զարմացրել են տեսչության աշխատակիցներին:
Նույն իրավիճակն է գրանցվել նաև մանկապարտեզներում․ ստուգված 22 մանկապարտեզներում 46 խախտում է հայտնաբերվել, կրկին աշխատանքի են ընդունվել սահմանված պահանջներին չհամապատասխանող մարդիկ:
Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը նշում է, որ երևույթը նորություն չէ, քանի որ դպրոցներում և մանկապարտեզներում պատահական մարդիկ չեն հայտնվում: Ծանոթ-բարեկամը, կոռուպցիան դեռևս մեծ դերակատարություն ունեն:
«Որքան ապիկար, խարդախ, մանիպուլյացիայի վարպետ, այնքան հեշտ են նրանք նշանակվում տնօրեն: Այդ տնօրենն էլ նույն ձեռագրով ուսուցիչներ է նշանակում: Սա կադրային քաղաքականություն է Հայաստանի հանրապետությունում ընդհանրապես», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բախշյանը:
Կրթության պետական տեսչության պետը նշում է, որ ինչպես մյուս ոլորտներում է կադրային քաղաքականությունն իրականացվում, այնպես էլ դպրոցում է:
Ամենամեծ թվով խախտումներ հայտնաբերվել են Երևանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում: Այն, ըստ Կրթության պետական տեսչության, Երևանի ամենավատ վիճակում գտնվող դպրոցն է, որտեղ շուրջ 70 տարի ոչինչ չի փոխվել:
Դպրոցի տնօրեն Կարինե Սաքանյանը, սակայն, համաձայն չէ այս պնդումներին: Նա հրաժարվեց մեզ ընդունել, իսկ հարցին, թե ի՞նչ սկզբունքով են իրենց դպրոցում մանկավարժների ընդունել աշխատանքի, Սաքանյանն արձագանքեց․ - «Նման խնդրի մասին իրավասու չեմ խոսելու ոչ էլ տրամադրություն ունեմ, ոչ էլ հարմար եմ գտնում: Թիվ 1 դպրոցը ես կասեի, համար մեկ, առաջին դպրոցն է բոլոր առումներով: Ոնց կարող է տնօրենը համաձայնվել, որ էդ դպրոցը ամենավատ դպրոցը կարող է լինել»:
Բախշյանը նշում է, որ գրեթե բոլոր տնօրենները անձնական նկատառումներից ելնելով են ընդունում և հեռացնում մանկավարժներին: Դրա վառ օրինակը, ըստ նրա, թիվ 27 դպրոցի լոգոպեդն էր: Հիշեցնենք, որ նրան տնօրենը հեռացրել էր թոշակի տարիքը լրանալուն պես, մինչդեռ դպրոցում դեռ 10 թոշակառու մանկավարժներ են աշխատում, որոնցից մեկը 74 տարեկան է: