«Ազատության» հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավար անդամ, ԱԺ պատգամավոր Ստեփան Մարգարյանը, ով երեկ մասնակցել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և ԲՀԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպմանը, փոխանցեց, որ քառյակի հանրահավաքի օրը դեռևս համաձայնեցված չէ:
Նա չցանկացավ ասել, թե հանրահավաքում կբարձրացվի նաև իշխանափոխության պահանջ: Ասաց, թե հանրահավաքի օրակարգը միասնական որոշման արդյունքում է ընդունվելու․ - «Հանրահավաքում մենք հիմնականում ամփոփելու ենք 12 կետերը: Լրացուցիչ այլ հարցեր. դա կհամաձայնեցնենք: Չի բացառվում նաև խոսենք սահմանադրական փոփոխությունների մասին: Այստեղ մի քիչ նրբություն կա, որովհետև վերջնական որոշում Դաշնակցությունը չունի, ինքը պայմաններ է առաջարկել իշխանություններին` սահմանադրական փոփոխությունների մեջ ընդգրկելու իրենց տեսակետը, և դրանից է կախված իրենք կմիանա՞ն մեզ, թե՞ ոչ: Խոսքը վերաբերում է սահմանադրական փոփոխությունների շուրջ մեր տեսակետին: Բայց հիմնական ակտուալ թեման լինելու է 12 կետերի կատարման քննարկումը»:
Հարցին, թե հնարավոր է, որ հանրահավաքում հնչեն իշխանափոխության կոչեր, քանի որ քառյակի պահանջները կատարված չեն, նա արձագանքեց. - «Մենք ամփոփում ենք այն, ինչ ասել ենք: Մենք տեր ենք կանգնելու այն կետերին, ինչը հայտարարել ենք, ինչը կարևորել ենք: Դրանք ամփոփելուց հետո ինչպիսի՞ որոշում կկայացնենք, ես ճիշտ չեմ համարում հիմա ասել: Բայց կարծում եմ, որ միասնական որոշման մենք կգանք»:
Հարկ է նշել, որ մինչ հոկտեմբերի սկզբին նախատեսված հանրահավաքը ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն նախատեսում են մարզային այցելություններ իրականացնել: Ինչպես նշեց Ստեփան Մարգարյանը՝ նախ ուզում են հասկանալ, թե արդյոք ժողովուրդը տեղյակ է իշխանությունների նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներին:
«Մենք ուզում ենք հասկանալ, թե ինչպես է վերաբերվում հասարակությունը, և այդ ամեն ինչը ամփոփել հանրահավաքում», - ասաց Մարգարյանը՝ հավելելով, որ անպայմանորեն ներկայացնելու են, որ սահմանադրական բարեփոխումների միջոցով իշխանությունը փորձում է վերարտադրվել: - «Մեր գնահատականը դա է: Այլ բան ես չեմ տեսնում: Որովհետև չկա այնպիսի բացատրություն, որը համոզիչ լինի, թե ինչու ենք հիմա գնում սահմանադրական փոփոխությունների»:
Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսը, ի դեպ, չի բացառում, որ իրենց միասնական շարժման արդյունքում սահմանադրական հանրաքվեն կարող է վերաճել Սերժ Սարգսյանի անվստահության հանրաքվեի: Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի փոխանցմամբ՝ իրենք ամեն ինչ անելու են «սահմանադրական բարեփոխումների միջոցով իշխանությունը վերարտադրելու սցենարը կանխելու համար»․ - «Եթե Սերժ Սարգսյանը այնուամենայնիվ գնա այս անհասկանալի գործընթացի իրականացմանը, որը այլևս ոչնչով բացատրել չի կարելի, քան իր վերարտադրման ցանկությամբ, բնական է, որ սահմանադրական հանրաքվեն վերածվելու է իր նկատմամբ անվստահության հանրաքվեի»:
Ստեփան Մարգարյանը չի ցանկանում «առաջ ընկնել» ու ասել, թե կարող է արդյոք սահմանադրական բարեփոխումների շուրջ ոչ իշխանական ուժերի պայքարը հանգեցնել Սերժ Սարգսյանի հրաժարանակի պահանջին․ - «Եթե մենք համոզվում ենք, որ ժողովուրդը ընդունում է այս փոփոխությունները և գնում է, այդ դեպքում որևէ քաղաքական ուժ այլ ուղղությամբ չի կարող տանել այդ շարժումը: Բայց եթե ժողովուրդը չհամոզվեց ու դեմ եղավ, մենք ժողովրդի հետ ենք լինելու, ավելին՝ մենք ժողովրդի առաջից ենք գնալու»:
Նշենք, որ երեկ Լևոն Տեր-Պետրոսյանի և Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպմանը չեն մասնակցել «Ժառանգություն»-ը և Դաշնակցությունը: Մարգարյանի պարզաբանմամբ՝ հանդիպման ֆորմատը նախատեսված է եղել երկու ուժերի միջև:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ կուսակցությունում թեև չեն քննարկել իրենց մասնակցության հարցը ՀԱԿ-ի և ԲՀԿ֊-ի մարզային այցելություններին, բայց ամենայն հավանականությամբ կմասնակցեն: Կմասնակցեն նաև հոկտեմբերին նախատեսված հանրահավաքին:
Խնդիրն այլ է ՀՅԴ-ի դեպքում․ չի բացառվում, որ սահմանադրական փոփոխությունները յուրօրինակ ջրբաժան դառնան քառյակի համար: Դաշնակցությանը քառյակի կազմում միակ քաղաքական ուժն է, որ կողմ է սահմանադրական փոփոխություններին, ուստի, եթե մարզային այցելությունների ժամանակ շոշափվելու են սահմանադրական փոփոխությունները, Դաշնակցությունը չի մասնակցի դրանց:
Դաշնակցության խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի խոսքով՝ նույնը վերաբերում է նաև հանրահավաքին:
Նա հավելեց, որ նախնական քննարկումների ժամանակ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը իրենց մի շարք առաջարկություններն ընդունել է․ - «Եթե մեր առաջարկներն ընդունվում են, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի սահմանադրական փոփոխությունները անցնեն, իրականացվեն»: