Ազգային ժողովում այսօր կայացել է ոչ իշխանական ՀԱԿ-ի, «Բարգավաճ Հայաստան»-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգության» հանդիպումը, որից հետո Դաշնակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ասաց, թե իշխանություններին ներկայացրած 12 կետանոց պահանջները կամփոփեն հանրահավաքով՝ չհստակեցնելով, սակայն, ժամկետները:
«Հանրահավաքից հետո ինչ ենք անելու: Դա շատ կարևոր հարց է: Տեսակետները մենք դեռ չենք համաձայնեցրել: Հիմա մենք ունենք մեր պատկերացումները, մյուս քաղաքական ուժերը ունեն իրենց պատկերացումները և մարտավարական մոտեցումները: Սրանք, կարծում եմ, կքննարկվեն այն ժամանակ, երբ որ մենք արդեն հանրահավաքի բովանդակային մասին մոտենանք, և խնդիր կառաջանա խոսել նաև հանրահավաքից հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ»:
Ոչ իշխանական ուժերն այս պահին օրակարգում ունեցած 8 հարցերին 7-ի վերաբերյալ համակարծիք են: Չորս քաղաքական ուժերի տեսակետները չեն համընկնում միայն սահմանադրական բարեփոխումների անցկացման անհրաժեշտության հարցում: Ռուստամյանի խոսքով՝ ամեն ուժ պետք է հարգի մյուսի տեսակետը:
ԲՀԿ-ն, «Ժառանգություն»-ն ու ՀԱԿ-ը, ինչպես հայտնի է, դեմ են այս պահին սահմանադրական փոփոխություններ կատարելու՝ Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը: Դաշնակցության համար սկզբունքային է անցումը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին և կառավարման խորհրդարանական ձևին:
Ռուստամյանի փոխանցմամբ՝ այդ հարցում իրենք կհամագործակցեն անգամ իշխանության հետ․ - «Մենք հնարավոր համարում ենք համագործակցությունը բոլոր նրանց հետ, ովքեր կընդունեն մեր առաջարկությունների փաթեթը»:
Նա հավելեց, թե հանուն քառյակում լիակատար համերաշխության Դաշնակցությունը չի փոխի իր տեսակետը․ - «Նպատակահարմար չէ էսօր փոփոխությունները կատարել, բայց կարող էին միանալ Դաշնակցությանը»:
Ոչ իշխանական քառյակը մտադիր է Սահմանադրական դատարանում երկրորդ անգամ վիճարկել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի սահմանադրականությունը: Համապատասխան դիմումը, ըստ Ռուստամյանի, պատրաստ է․ - «Որոշեցինք դիմել Սահմանադրական դատարան, և այստեղ, իհարկե, երկու ուժերը՝ ՀԱԿ-ը և «Ժառանգություն»-ը, անկախ նրանից, որ նպատակահարմար չեն համարում ՍԴ դիմելը, որովհետև ակնկալիքն շատ չկա դրա հետ կապված, բայց պատրաստ են միանալ մեր նախաձեռնությանը, և միասին այս գործընթացը առաջ տանենք, իրականացնենք»:
Քառյակը նաև թևաթափ չի եղել իշխանության երեկվա արձագանքից․ նրանք համոզված են, որ արտագաղթի թեման անհրաժեշտ է քննարկել:
«Համաձայնեցրեցինք այն նամակի տեքստը, որով պետք է դիմենք Ազգային ժողովի նախագահ, պարոն Գալուստ Սահակյանին, որպեսզի նա հրավիրի խորհրդարանական լսումներ՝ «Արտագաղթ․ իրավիճակը, պատճառները, լուծումները» թեմայով», - փոխանցեց Ռուստամյանը:
Առաջիկայում քառյակը նաև «Նաիրիտ»-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու, սահմանապահ համայնքների մասին օրինագծեր կբերի խորհրդարանի օրակարգ: