Մատչելիության հղումներ

Դպրոցների բուֆետներում ամենօրյա վերահսկողություն չի իրականացվում


Ամենօրյա վերահսկողություն դպրոցների բուֆետներում չի իրականացվում
please wait

No media source currently available

0:00 0:03:35 0:00

Սննդամթերքի անվտանգության ծառայության աշխատակցի խոսքով՝ իրենց հարմար չէ ամենօրյա ստուգումներ անցկացնել բուֆետներում:

Հայաստանի 1400 դպրոցների գերակշիռ մասի բուֆետները վարձակալության են հանձնվում մասնավոր ընկերությունների և վերահսկվում են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից: Ամենօրյա վերահսկողություն դպրոցներում չի իրականացվում և երեխաների առողջությունը փաստորեն կախված է բուֆետը վարձակալած ընկերության բարեխղճությունից:

Թիվ 71 հիմնական դպրոցի տնօրեն Գայանե Դեմիրյանը հրաժարվեց խոսել բուֆետի մասին, քանի որ դպրոցի ղեկավարությունը չի վերահսկում երեխաներին մատուցվող սննդի որակը, միայն ժամանակ առ ժամանակ հետևում է սանիտարական վիճակին:

Դպրոցի բուֆետի աշխատակից Նազիկ Հայրապետյանը, ով տեսախցիկը տեսնելուց հետո միայն հագավ սպիտակ խալաթն ու գլխաշորը, նշեց, որ իրենք չունեն բանջարեղենային աղցաններ, միրգ, թարմ հյութեր, փոխարենը՝ վաճառում են մսով, նրբերշիկով կարկանդակներ, որոնք, սակայն, չեն պահվում սառնարանում:

Մեր այն հարցին, թե ինչո՞ւ մաքուր չեն սեղաններն ու առհասարակ բուֆետը, աշխատակիցն արձագանքեց․ - «Չես կարող ամեն վայրկյան դասերի ժամանակ մաքրես»:

Նազիկ Հայրապետյանն ասաց, որ Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության ծառայությունից տարին մեկ կամ երկու անգամ գալիս են ստուգումների, այլ վերահսկողություն չկա:

Ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Ղուլյանը «Ազատությանը» փոխանցեց, որ ստուգումները իսկապես տարվա մեջ մեկ-երկու անգամ են լինում, իսկ հավելյալ այցելություններ լինում են միայն բողոքների դեպքում:

Հարցին, թե որքանո՞վ է նպատակահարմար տասնյակ հազարավոր երեխաներին սնունդ մատուցող բուֆետներում այդքան հազվադեպ ստուգումներ անցկացնել, Ղուլյանը պատասխանեց․ - «Իսկ պատկերացնո՞ւմ եք ամենօրյա այցելություններ անել: Մենք մեծ ոլորտ ենք սպասարկում, մեզ, ճիշտն ասած, էդքան հարմար չի, երկրորդն էլ տնտեսվարողին մենք իրավունք չունենք էդ աստիճան չվստահելու»:

Ի տարբերություն թիվ 71 հիմնական դպրոցի, թիվ 114 ավագ դպրոցի տնօրեն Ռուզան Կոստանյանը վստահեցրեց, որ ինքը պարբերաբար հետևում է սննդի որակին, սանիտարահիգիենիկ վիճակին: Նա նաև հավելեց, որ իրենց մոտ վաճառվում են գազավորված ըմպելիքներ և չիպսեր, քանի որ դրանց պահանջարկը մեծ է:

Աշակերտների ծնողները «Ազատության» հետ զրույցում ասացին, որ արգելում են երեխաներին օգտվել բուֆետներից, քանի չգիտեն, թե ինչ որակի սնունդ է վաճառվում:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանն առաջարկել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը վերահսկողության լծակներ տրամադրել դպրոցների ղեկավարներին, սակայն առաջարկն այդպես էլ չի ընդունվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG