Վերջին ամիսներին տասնյակ դատական գործեր են հարուցվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության դեմ՝ հաշմանդամության կարգ չտրամադրելու, դիմումները չուսումնասիրելու համար:
Հաշմանդամություն ունեցող մարդկանց շահերը պաշտպանող կազմակերպությունները հարյուրավոր գրություններ են ստանում քաղաքացիներից, ովքեր բողոքում են այդ կառույցի աշխատանքներից:
«Լիարժեք կյանք» ՀԿ-ն ուսումնասիրություններ է կատարել Լոռու, Արագածոտնի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերում՝ փորձելով պարզել, թե ինչ խնդիրներ կան՝ կապված այս մարզերում հաշմանդամության կարգի տրամադրման հետ:
Կազմակերպության հանրային հարաբերությունների պատասխանատու Լուսինե Սարգսյանի խոսքով՝ հաշմանդամության կարգ ստանալ փորձող մարդկանց հիմնական դժգոհությունը կոռուպցիոն դրսևորումների առկայությունն է. Բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը կոնկրետ գումար է պահանջում կարգ տրամադրելու համար:
«Մեր ելքային հարցումներին մասնակցած 55 քաղաքացիների մեծ մասը նշել է, որ իրենցից գումար է պահանջվել հաշմանդամության խումբ տրամադրելու համար՝ այդ պահանջված գումարը 25-80 հազար դրամ է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սարգսյանը։
«Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Մաղաքյանի խոսքով՝ բոլորին հայտնի է, որ կարգ ստանալու ամենակարճ ճանապարհը՝ նախարարության փորձագետներին իրենց պահանջած գումարը տալն է։
«Հիմնական խնդիրն այն է, որ մեր պետությունը միաժամանակ և՛ քաղաքականություն է մշակում, և՛ վերահսկողություն իրականացնում։ Բևեռները պետք է տարանջատվեն. պատվիրակված ծառայությունների խնդիր ունենք, գնահատման համակարգի խնդիր ունեքն, այսինքն՝ էս կառույցները պետք է մի կետից չղեկավարվեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մաղաքյանը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Սիմոնյանը չի հերքում, որ իրենց տարածքային կենտրոններում հնարավոր են կոռուպցիոն երևույթներ, սակայն նա կոչ է անում կոնկրետ ապացույցներ ներկայացնել։
«Բժիշկ-փորձագետների աշխատավարձը կրկնակի բարձրացել է, և չեմ կարծում, որ որևէ մեկը, որ այսօր Հայաստանում աշխատանք ունի, բարձր որակավորման մասնագետ լինի՝ իրեն թույլ տա էդպիսի բաներ։ Բայց նաև, մյուս կողից, չեմ կարող բացառել նաև նա։ Երբ փաստերը կլինի մենք փաստերով կխոսենք», - ասաց Սիմոնյանը։
Ոլորտի փորձագետների խոսքով՝ այս վերաբերմունքը պարզապես անընդունելի է, քանի որ հաշմանդամություն ունեցող մարդն ունի նաև ֆինանսական խնդիրներ, չունի աշխատանք և դիմում է՝ պետությունից աջակցություն ստանալու համար, այլ ոչ թե քաշքշուկների մեջ ընկնելու, դատարանում փորձագետների որոշումը բողոքարկելու համար:
Լուսինե Սարգսյանի խոսքով՝ կարգ ստանալու ճանապարհին կոռուպցիան միակ խոչընդոտը չէ․ - «Խնդիրներն են՝ փորձագիտական հանձնաժողովների սուբյեկտիվ մոտեցումը․ նույն ախտորոշման դեպքում կարող է հաշմանդամության մի խումբ սահմանվել, մյուս դեպքում՝ մի այլ խումբ սահմանվել։ Հիմնախնդիր է ոլորտում դեռևս հանձնաժողվերի տեղակայման վայրերի անմատչելիությունը, որովհետև մենք պարզեցինք, որ տարածքներ կան, որոնք գործում են նկուղային հարկերում և օրինակ՝ սայլակով տեղաշարժվող մարդուն, բնականաբար, անմատչելի են»։
Հասարակական կազմակերպության ներկայացուցիչները նշեցին, որ հետազոտությունը ուղարկելու են Կառավարություն: