Մատչելիության հղումներ

Բնապահպանները մտավախություն ունեն, որ Սևանից նախատեսվածից շատ ջուր բաց կթողնվի


Սևանա լիճ
Սևանա լիճ

Բնապահպանները մտավախություն ունեն, որ մինչև տարեվերջ կառավարությունը ևս մեկ որոշում կկայացնի և Սևանից 270 մլն խորանարդ մետր ջրի փոխարեն բաց կթողնի 300 մլն խորանարդ մետր ջուր, քանի որ, ըստ բնապահպանների, Արարատյան դաշտի ձկնաբուծարանները Արարատյան դաշտավայրը պարզապես անապատի են վերածել:

«Համոզված չեմ, որ մի քանի օր հետո 270 ցուցանիշը չի բարձրանա 300 միլիոնի՝ պատճառաբանելով, որ ողջ Արարատյան դաշտավայրն իրոք ջրի կարիք ունի․ դա խիստ տեսանելի է։ Մենք որքան այցելություններ ենք կատարում, իրենք՝ բնակիչները, հենց ասում են, որ հորերում արդեն վաղուց ջուր չկա», - ասաց ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը։

Նա նշեց, որ ջրային ռեսուրսները Հայաստանում պարզապես ճիշտ չեն կառավարվում, ինչի արդյունքում տուժում է Սևանը։ Ղուկասյանը նաև հավելեց, որ Սևանից բաց թողնվող ջրի մոտ 60 տոկոսը անսարք խողովակաշարերի պատճառով մինչև գյուղացուն հասնելը կորչում է:

«Հասնել մինչև 60 տոկոս ջրային ռեսուրսների կորուստի՝ դա նշանակում է, պարզապես, ջրերը լցնել գետը և ուղարկել հարևան երկրներ, հետևաբար պետք է լուրջ վերահաշվարկ կատարել, լուրջ աշխատանքներ կատարել, որպեսզի գոնե 20 տոկոսով իջեցնել այդ ցուցանիշը», - փոխանցեց Ղուկասյանը։

Նա նաև ընդգծեց, որ տարիներ շարունակ, պարբերաբար վթարվում է Արփա - Սևան թունելը և այս պահին էլ թունելի ջուրը գնում է անհայտ ուղղությամբ, իսկ թունելը լիճ ջուր մատակարարող հիմնական աղբյուրն է։

«Հանուն կայուն մարդկային զարգազման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանի փոխանցմամբ՝ ջրառի ծավալների ավելացման մասին կառավարության վերջին որոշումից հետո բնապահպանները մտադիր են անկախ փորձագիտական խումբ ստեղծել, ուսումնասիրել ջրային ռեսուրսների կառավարման խնդիրը և առաջարկներ ներկայացնել կառավարություն՝ առաջիկա տարիներին Սևանից նման քանակությամբ ջրառից խուսափելու նպատակով:

«Իշխանության տեսակետն է՝ բնության, բնակլիմայական փոփոխություններ են եղել, կորուստներ ունենք և այլ, դրա համար պետք է Սևանից ջուր բաց թողնենք, իսկ էկոլոգների, հասարակական կազմակերպությունների, Բնապահպանական ճակատի տեսակետն է, որ դրանով ուղղակի փոքր ՀԷԿ-երի խնդիրն են լուծում, իրենց դաչաների խնդիրն են լուծում, որ Սևանը չթողնեն բարձրանա, և դա, ուղղակի հանցագործություն է, դավադրություն Սևանի նկատմամբ։ Պետք է այդ երկու ծայրահեղ տեսակետների մեջ գտնենք ավելի օբեկտիվ իրավիճակը», - ասաց Դանիելյանը։

Բնապահպանը նաև նշեց, որ պատշաճ չեն մաքրվում լճի ափամերձ տարածքները. արդեն լճի տակ անցած շինություններն ու ծառերը լճի մակարդակի իջեցման հետ, ճահճացման վտանգ են առաջացնում:

XS
SM
MD
LG