Մատչելիության հղումներ

Նախարար. Լրացուցիչ կամավորների կարիք սահմանին առայժմ չկա


Նախարար. Լրացուցիչ կամավորների կարիք սահմանին առայժմ չկա
please wait

No media source currently available

0:00 0:05:41 0:00

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեսակցել է սահմանային վերջին միջադեպերից վիրավորված զինվորներին:

Այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել է Երևանի կայազորային կլինիկական հոսպիտալ՝ տեսակցելու վերջին շաբաթների ընթացքում ադրբեջանական զինուժի ոտնձգությունների հետևանքով վիրավորված զինծառայողներին։

Օհանյանի հետ զինվորական հոսպիտալ են այցելել նաև Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, իշխող Հանրապետական խմբակցության պատգամավորներ Կարինե Պողոսյանը, Ռուզաննա Մուրադյանը ու «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։

Նախարար Օհանյանը, ծանոթանալով վիրավորված զինծառայողների առողջական վիճակին, նրանց հորդորել է չհուսալքվել։

Շարքային Նորայր Միքայելի Քամալյանը պարգևատրվել է «Արիության մեդալով» և Ազգային ժողովի նախագահի անվանական ժամացույցով։ Պաշտպանության նախարարը խոստացավ բոլորին ներկայացնել պետական պարգևների:

Զինծառայողներին տեսակցելուց հետո նախարարը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանային գծում այս պահին վիճակը հարաբերական խաղաղ է, չնայած այն բանին, որ որոշակի կրակոցներ դեռ կան:

«Վերջին շաբաթվա լարվածության ընթացքում ՀՀ զինված ուժերը համապատասխան միջոցներ ձեռնարկեցին և զսպելու, և պատժելու, և պարտադրելու, որպեսզի իրենք զերծ մնան արկածախնդրություններից: Մենք հակառակորդի յուրաքանչյուր շարժ վերահսկում ենք և յուրաքանչյուր ստորաբաժանման տեղը գիտենք», - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց նախարարը:

Ըստ Օհանյանի՝ հայկական զինուժը պետք է ամրապնդի պաշտպանությունը․- «Այսօր վերախմբավորումներ, վերագնահատումներ ենք իրականացնում և հրամանատարների ղեկավարման համակարգում՝ ավելի նոր ձևերի ընտրության մեջ, և իհարկե ստորաբաժանումների մարտավարական գործողությունների մեջ»:

Պաշտպանության նախարարը հերքեց լրացուցիչ զորակոչի, կամ հնարավոր հավաքների մասին շրջանառվող լուրերը՝ ասելով, որ դրա կարիքն այս պահին չկա․- «Մենք մեր ստորաբաժանումները նույնիսկ բարձր մարտական պատրաստականության աստիճանի չենք բերել: Մենք առկա ուժերով որոշակի ուժեղացրել ենք ծառայությունը և այդ ուժերով կարողացել ենք կանխել իրենց բոլոր այդ արկածախնդրությունները: Լրացուցիչ կամավորների կարիք այս պահին չկա»:

XS
SM
MD
LG