Մատչելիության հղումներ

Սահմանամերձ գյուղերում խուճապ չկա, մարդիկ ուղղակի անհանգստացած են


«Ազատության» թղթակիցը հաղորդում է, որ Տավուշի մարզի Մովսես գյուղում այս պահին կրակոցներ չկան, սակայն առավոտյան դրանք հնչել են։

Գյուղացիները ցույց են տվել կրակոցներից վնասված մի քանի տներ։

Մարդիկ ցերեկը իրենց առօրյա կյանքով էին զբաղված, երեխաները խաղում էին փողոցներում։

Գյուղացիներն ասում են՝ նախորդ երկու օրերին են ինտենսիվ կրակահերթեր հնչել, քանի որ և հայկական, և ադրբեջանական դիրքերը անմիջապես դիմացի բարձրունքում են, և ավելի հեշտ է գյուղը կրակահերթերի տակ պահել ադրբեջանական կողմից։

Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում «Ազատության» այցելության պահին կրակում էին։ Կրակոցները մոտ 15-20 րոպե տևեցին։ Իջևանից դուրս գալիս ճանապարհին ոստիկաններ են կանգնած, որոնք խորհուրդ էին տալիս չանցնել Սարիգյուղից Բերքաբեր տանող ճանապարհով, քանի որ կրակում են։ Մեր թղթակիցը ստիպված է եղել Սարիգյուղից Բերքաբեր ոտքով իջնել՝ ողջ ճանապարհին լսելով կրակոցները։

Գյուղում խուճապ չկա, ուղղակի մարդիկ անհանգստացած են։ Բերքաբերի գյուղապետը ասաց, որ մարդկանց տարհանում, որպես այդպիսին, չկա, պարզապես ամեն մեկը ինքն է որոշում՝ հարևան գյուղ տանել իր ընտանիքը, թե՝ ոչ։

Բերքաբերում տուժածներ չկան, ուղղակի նախորդ օրերին կրակոցներից մի քանի տներ վնասվել են։

XS
SM
MD
LG