Մատչելիության հղումներ

Նոր միջադեպ. Հակառակորդը ետ է շպրտվել, հայկական կողմը երկու զոհ ունի


Նոր միջադեպ. Հակառակորդը ետ է շպրտվել, հայկական կողմը երկու զոհ ունի
please wait

No media source currently available

0:00 0:04:03 0:00

«Հանդիպելով կազմակերպված դիմադրության՝ հակառակորդը, կրելով բազմաթիվ կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր»,- հայտնում է ՊՆ-ն։

Ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտման հետևանքով՝ հայկական կողմը երկու զոհ ունի։

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հակառակորդը այսօր ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ։

«Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության՝ հակառակորդը, կրելով բազմաթիվ կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր։ Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն»- ասվում է նախարարության հաղորդագրությունում։

Զոհված զինծառայողների ինքնությունը առայժմ չի հրապարակվում:

Ադրբեջանական լրատվամիջոցներն, իրենց հերթին, այսօր հաղորդագրություն են տարածել այն մասին, որ հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, ինչի արդյունքում ադրբեջանական կողմը մեկ զոհ է ունեցել։ Միջադեպը արձանագրվել է Աղդամի շրջանի Չիրագլի գյուղի մոտակայքում։ Զոհվել է զինծառայող Ահմեդ Գարյագդլի Էլդար Օղլին։

Հատկապես վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանային հատվածը գտնվում է խիստ լարված վիճակում։ Հայկական կողմի պնդմամբ` Ադրբեջանը գրեթե ամեն օր խախտում է հրադադարի ռեժիմը, գնդակոծում ոչ միան սահմանային դիրքերն, այլև մոտ գտնվող բնակավայրերը։

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն «Ազատության» հետ զրույցում կրկին պնդեց, որ հայկական կողմը, ի տարբերություն ադրբեջանականի, կրակ է բացում միայն ի պատասխան հակառակորդի կրակոցների։

« Դա նորություն չէ, 20 տարի է` էդպես է»,- ասաց Հովհաննիսյանը։

Մամուլի խոսնակը նաև հայտարարում է, թե մեկ օր առաջ Տավուշի Այգեձոր գյուղում տեղի ունեցածը դիվերսիոն փորձ չէ: Նրա խոսքով՝ երեկ այդ տեղամասում դիվերսիա չի անձանագրվել։

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Այգեձորի բնակիչ 49-ամյա Վալերի Ճաղարյանին կրակել են դիվերսիոն փորձի ընթացքում։ Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ Ճաղարյանն այժմ թեթև վնասվածքներով գտնվում է Բերդի հոսպիտալում։

Վալերի Ճաղարյանը գյուղի արոտավայրերում որոնել է իր կորած անասուններին։ Այգեձորցին գտնվել է սահմանին մոտ, երբ, ըստ շրջանառվող տեղեկությունների, տեսել է զինվորական հագուստով մեկին, ով կրակ է բացել իր վրա։

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակն ասում է, որ այդ միջադեպի հետ կապված կատարվում է հետաքննություն, որն էլ կտա մի շարք հարցերի պատասխաններ։

Թե՛ Պաշտպանության նախարարությունը, թե՛ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչները հայտարարում են, որ երեկվանից հակառակորդը գնդակոծում է բնակավայրերը։

Իջևանի շրջանի Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը մեզ հետ զրույցում ասում է, որ այսօր առավոտյան ևս հակառակորդը կրակ է բացել գյուղի ուղղությամբ։

«Նոր կես ժամ առաջ կրակեցին։ Օրվա ընթացքում հիմնականում կրակում են գյուղի վրա, այգիների վրա»,- փոխանցեց Մադաթյանը։

Հակառակորդի թիրախը, վերջին շրջանում, Բերդի տարածաշրջանն է։ Բայց, եթե նախկինում գնդակոծվում էին միայն Բերդի տարածաշրջանի գյուղերը, այժմ կրակի տակ են նաև Իջևանին մոտ գնվող գյուղերը։

Բերքաբերի գյուղապետն ասում է, որ հատկապես վերջին շրջանում կրակոցները չեն դադարում, բայց երեկ գիշեր տեղի ունեցածը աննախադեպ էր. ողջ գիշեր, անընդմեջ հակառակորդը կրակ է բացել գյուղի ուղղությամբ։

«Տներին կպել ա, այգիների կպել ա, կանգնած էինք գլխներովս անցնում գնում տալիս ա, չգիտենք էլ որտեղ ա կպնում։ Կարևորն այն է , որ էնպես ենք անում, որ երեխեքին չկպնի»,- «Ազատության» հետ զրույցում ասաց գյուղապետը։

Թե՛ Բերքաբերը, թե՛ Բերդի տարածաշրջանի Մովսես, Չինարի, Այգեպար գյուղերը վերջին գնդակոծություններից վնասներ են կրել։ Բերքահավաքի այս շրջանում սահմանի մոտ ապրողները չեն կարողանում բերք հավաքել։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունը անցած շաբաթ Չինարիի գյուղացիների խնդրանքով սահման էր մեկնել՝ աջակցելու բերքահավաքին։ Ինչպես հայկական կողմն է նշում՝ ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով բերքահավաքը ընդհատվել էր։ Կարմիր Խաչը որոշում էր կայացրել դադարեցնել առաքելությունը՝ ափսոսանք հայտնելով դրա համար։

Բերքաբերի գյուղապետն ասում է, թե գյուղացիներն անելանելի վիճակում են՝ ստիպված բերքը գիշերն են հավաքում։

«Էլ չեմ ասում, որ խոտը վառվեց կորավ, բերքն էլ էսի՞մ, կարանք հավաքե՞նք, չենք կարա՞։ Գիշերներն են մարդիկ մտնում, որ բերք հավաքեն, ցերեկով՝ կրակում են»,- փոխանցեց Բերքաբերդի գյուղապետ Արթուր Մադաթյանը։

Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանն էլ նշում է, որ հիմնականում բերքը հավաքում են համեմատաբար ապահով վայրերում։

«Դե ունենք ապահով դիրքեր, այնտեղ ենք հավաքում, վտանգավոր տարածքը մնում ա, դե բա ի՞նչ անենք, հիմա մարդկանց տանենք գնդակի բերա՞ն»,- ասաց Ավալյանը։

Այգեպարն ավելի վատ վիճակում է։ Գյուղապետի խոսքով՝ իրենք այս տարի անգամ ցանք չեն արել՝ վտանգավոր է։

«Ավելի վտանգավոր կրակոցներ են ու մարդիկ արդեն այգի էլ չեն մտնում, սկի գյուղում չեն կարում շարժվեն, ինչ մնաց այգիներում»,- փոխանցեց Ավալյանը։

«Հայաստանի Պաշտպանության նախարարությունը, ինչպես և նախկինում, բերքահավաքի ժամանակ պատրաստ է զորք հատկացնել՝ գյուղացիների անվտանգությունն ապահովելու համար»,- «Ազատությանը» փոխանցեց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

XS
SM
MD
LG