Մատչելիության հղումներ

Սահմանային գոտու գյուղերի բնակիչները գիշերն անցկացրել են նկուղներում


Այս գիշեր սահմանային գոտու Մովսես, Ներքին Կարմիր աղբյուր և Այգեպար գյուղերի բնակիչները ավելի քան 6 ժամ անցկացրել են նկուղներում՝ ադրբեջանական կողմի կրակոցների վտանգի տակ:

Զոհեր չկան, սակայն գյուղերը հերթական անգամ նյութական վնասներ են կրել։

«Թշնամին կրակ է վարել տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից: Միայն մեր պատասխանից հետո դադարեցրել է կրակել: Իրենց կողմից՝ չեմ կարող ասել, եթե որևէ բան կա, ապա ամբողջ պատասխանատվությունը կրում են իրենք, որովհետև նախաձեռնել են հարձակումը», - «Ազատությանն» ասաց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Մեկնաբանելով վերջին շրջանում հրադադարի ռեժիմի խախտումները՝ Հովհաննիսյանը դրանց համար մի քանի պատճառ է նշում՝ բերքահավաքի շրջանից մինչև ներքին ու արտաքին քաղաքական։

Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը Ադրբեջանին է դիմում՝ հայտարարելով, թե ամեն մի ակտիվացմանը հայկական կողմը կպատասխանի հակահարվածով:

«Ինչքան փորձեն սադրել ու խախտել, այնքան պատասխանատվությունը իրենց վրա կմնա, կորուստների ու վնասվածքների համար էլ իրենք պատասխանատվություն կկրեն թե՛ իրենց, թե՛ մեր: Մենք չենք թողնի ոչինչ անպատիժ», - հավելեց Հովհաննիսյանը:

Ողջ գիշերը նկուղներում վախը սրտերում անցկացրած սահմանային գոտու բնակիչներն «Ազատության» հետ զրույցներում շեշտում են, որ խուճապի չեն մատնվել։

Ներքին Կարմիր աղբյուրի գյուղապետարանի աշխատակից Ռիմա Շառյանի ընտանիքը ևս նկուղում է պաստպարվել:

«Փոքր թոռնիկներ ունեմ, հատակին եմ գցել շորերը, որ պառկեն հատակին: Էրեխեք են, վախում են», - պատմում էր նա:

Ադրբեջանի կողմից գնդակոծված գյուղերը վնասներ են կրել՝ բնակելի տների, խանութների տանիքներն են վնասվել, ապակիներն են ջարդուփշուր եղել, գնդակներից պատերն ու դռները, տան կահույքն ու այլ իրեր են վնասվել։ Ռիմա Շառյանն ասում է, թե վնասները չեն հաշվարկել, կրակոցներն այնքան հաճախ են կրկնվում, որ վնասները հաշվարկելը կարծես թե դառնում է անիմաստ:

Ներքին Կարմիր աղբյուրի բնակիչներն ասում են, որ այս անգամվա գնդակոծությունը նման չէր նախորդներին՝ «զենքի տեսակներն են փոխվել»:

Ներքին Կարմիր աղբյուրցի Արմինե Հովակիմյանը մեզ հետ զրույցում ասաց, թե դեռ նյարդային վիճակում է։

«Մի ահավոր վիճակ՝ այսքան կրակել են՝ նման կարգի, նման մեծ զենքով չէր եղել», - ասում էր նա, - «Փոխել են խոշոր տրամաչափի զենք: Որտեղին խփել են՝ այ, այստեղ, օրինակ, դարպասին խփել են՝ մեծ անցքեր են մնացել, խոշոր»:

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, սակայն, նշում է, որ զենքերի փոփոխություն չկա, պարզապես կրակոցների ինտենսիվությունն է ավելացել։

Սահմանային գոտում մահվան վտանգի տակ ապրող այս մարդիկ կառավարությունից ավելի շատ ուշադրություն, արտոնություններ են ուզում, որոնք քիչ թե շատ կմեղմեն նրանց կյանքը վտանգավոր այդ հատվածում ու կզսպեն երիտասարդների արտագաղթը հայրենի բնակավայրերից։

Ադրբեջանական աղբյուրները ևս տեղեկացնում են անցած գիշեր սաստկացած սահմանային բախումների մասին:

Ադրբեջանական APA գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, պնդում է, որ անցած գիշեր հայկական կողմը գնդակոծել է ադրբեջանական զինված ուժերի դիրքերը Գերնաբոյի և Թովուզի շրջանների ուղղությամբ:

Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղում, ըստ նույն աղբյուրի, տուժել են նաև երկու խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ գյուղի 17 ամյա բնակիչ Ֆարիդ Մամեդովը: Նրա վիճակն, ըստ APA-ի, բավական ծանր է, Մամեդովին վաղ առավոտյան ուղղաթիռով տեղափոխել են Բաքվի հիվանդանոցներից մեկը:

Հայաստանի պաշտպանության նախարարության տվյալներով, ադրբեջանական կողմը այս գիշեր դիվերսիոն հարձակում է կազմակերպել Արցախում, սակայն հայկական զինուժի ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղել նրանց։ Հայկական կողմը դիվերսիան հետ մղելիս 1 զոհ է ունեցել, կա երկու վիրավոր։

XS
SM
MD
LG