Մատչելիության հղումներ

Վարչապետը խոստանում է «ամեն ինչ անել»՝ պատժամիջոցների ազդեցությունը մեղմացնելու համար


Վարչապետը խոստանում է «ամեն ինչ անել»՝ պատժամիջոցների ազդեցությունը մեղմացնելու համար
please wait

No media source currently available

0:00 0:03:42 0:00

«Ամեն ինչ անելու ենք, որ ռուս-ուկրաինական հարաբերությունների հետևանքով Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները չանդրադառնան Հայաստանի տնտեսության վրա»,- այսօր այդ մասին Դիլիջան կատարած այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

«Մենք մեր գործը պետք է անենք և պետք է փորձենք ներգրավել օտարերկրյա ներդրումներ՝ Հայաստանի տնտեսությունը զարգացնելու համար։ Հայաստանի քաղաքացու բարեկեցությունը ուղղակի կախված է մեր տնտեսության զարգացումից։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի մեր տնտեսությունը զարգանա, որից կածանցվի մեր մնացած բոլոր հաջողությունները»,- ասաց վարչապետը։

Գործադիրի ղեկավարը չբացառեց, որ ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության նկատմամբ պատժամիջոցները կարող են պատճառ դառնալ, որ ընկերությունը հրաժարվի հետաքրքրվել «Նաիրիտ» գործարանով։

«Ամեն ինչ հնարավոր է, որ բայց մենք չունենք պատասխան, որ հրաժարվում է։ Պատասխանը երևի կունենանք օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին»,- ասաց Աբրահամյանը։

Անցած 100 օրերի գործունեության արդյունքում կառավարության կազմում փոփոխություններ վարչապետն առայժմ չի նախատեսում։

«Փոփոխություններ միշտ հնարավոր են, բայց ես առայժմ որևէ փոփոխության անհրաժեշտություն չեմ տեսնում»։

Դիլիջանում վարչապետին ուղեկցող Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանից հետաքրքրվեցինք սահմանամերձ գյուղերում հակառակորդի ուղիղ նշանառության տակ գտնվող հողատարածքներում ցորենի հունձքն իրականացնելու աշխատանքներից։ Հունձքն անվտանգ իրականացնելու նպատակով մտադրություն կա տեղում ապահովել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայությունը։

«Ես ինքս դիմել եմ Կարմիր Խաչի ներկայացուցիչներին, ասեմ, որ Տավուշի մարզում ընդհանուր առմամբ 6100 հա հացահատիկային կուլտուրաներ են մշակվել, որից 5200 հա-ի բերքահավաքը կատարված է, իսկ մնացածը Մովսես, Չինարի և Ներքին Կարմիրաղբյուրի հատվածներում է։ Կարմիր Խաչի ներկայացուցիչների հետ նախապես ունենք պայմանավորվածություն, որ պետք է ներկա լինեն»,- ասաց մարզպետը։

Խոսելով վերջին օրերին սահմանամերձ գյուղերում տիրող իրավիճակի մասին՝ Հովիկ Աբովյանն ասաց.- «Հարաբերական անդորր է եղել, տարբեր տեղերում եղել են կրակոցներ, բայց արտառոց ոչ մի դեպք չի եղել։ Կարմիր Խաչը խոստացել է, որ Այգեպարի պատի հարցում ինչ-որ մասնակի աշխատանքներ կկատարեն, մենք ամսի 10-ից պետք է սկսենք այդ աշխատանքները»։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Դիլիջան էր այցելել՝ ծանոթանալու այնտեղ կառուցվող միջազգային դպրոցի և ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի կառուցման աշխատանքներին։ Միջազգային դպրոցի տնօրինության հետ հանդիպման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ կառավարությունը անելու է հնարավորը՝ աջակցելու Հայաստանում նման ծրագրերի կայացմանը։

XS
SM
MD
LG