Մատչելիության հղումներ

Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը սպառնում է 16 տարուց մինչև ցմահ ազատազրկում


Բաքվում ընթացող դատավարության ժամանակ դատախազը պահանջել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների համար 16 տարուց մինչև ցմահ ազատազրկում, հայտնում է ադրբեջանական Azertac-ը:

Ըստ լրատվամիջոցի՝ դատախազը պահանջել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին դատապարտել ցմահ ազատազրկման:

Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, ինչպես նաև Մադաթ Բաբայանին և Մելիքսեթ Փաշայանին դատախազը պահանջում է դատապարտել 20 տարվա ազատազրկման:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, դատախազը պահանջել է Գարիկ Մարտիրոսյանին դատապարտել 19 տարվա, Դավիթ Ալավերդյանին 18, Լևոն Բալայանին 17 տարվա, իսկ Վասիլի Բեգլարյան, Գուրգեն Ստեփանյանին և Էրիկ Ղազարյանին 16 տարվա ազատազրկման:

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն Ադրբեջանը մեղադրում է պատերազմ սկսելու և իրականացնելու, ցեղասպանության, ահաբեկչության, իշխանության բռնի զավթման և այլ ծանր հանցագործությունների մեջ:

2023-ին Արցախի վրա ադրբեջանական հարձակումից ու Արցախի ժողովրդի էթնիկ զտումից հետո Ադրբեջանը գերեվարեց 16 հայերի, 8-ը ռազմաքաղաքական ղեկավարներն են, նրանց թվում է նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որի դատավարությունն առանձին է ընթանում: Մյուս 8-ը ռազմական գործողությունների հետևանքով գերեվարվածներն են:

2020-ի 44-օրյա պատերազմի ու Արցախի շրջափակման ժամանակ գերեվարված ու արդեն տարբեր պատժաչափերով դատապարտված հայերի թիվը 7-ն է:

Ընդհանուր առմամբ՝ Ադրբեջանում հաստատված 23 հայ գերիներ են պահվում:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG