Մատչելիության հղումներ

Որդեկորույս մայրերը հանդիպել են վարչապետին


Որդեկորույս մայրերը հանդիպել են վարչապետին
please wait

No media source currently available

0:00 0:04:05 0:00

Որդեկորույս մայրերը հանդիպել են վարչապետին

Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների մայրերը ակնկալում են վարչապետի միջնորդությունը, որպեսզի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունի իրենց:

Տարիներ շարունակ Կառավարության առջև բողոքի ակցիաներ անցկացնող մայրերը նախագահ Սերժ Սարգսյանին անձամբ ուզում են ներկայացնել իրենց խնդիրները` ակնկալելով, որ նախագահը նաև որպես գերագույն հրամանատար, կարող է ինչ-որ փոփոխություններ կատարել։

Անցած շաբաթ օրը նրանք կառավարությունում հանդիպել են Հովիկ Աբրահամյանին, ներկայացրել իրենց որդիների մահվան հանգամանքները, պնդել, որ համաձայն չեն իրենց զավակների մահվան պաշտոնական վարկածներին և որ հորդորում են, որ Աբրահամյանը կմիջնորդի նախագահի առջև՝ գոնե մեկ անգամ հանդիպել նրանց ու լսել։

Աբրահամյանի՝ վարչապետ նշանակվելուց հետո մայրերը նամակ են հանձնել նրան, հանդիպում խնդրել, որը կայացել է միայն երկու ամիս հետո:խնդրել հանդիպել և միայն մոտ երկու ամսից է հաջողվել հանդիպել վարչապետին։

Պաշտոնական վարկածով ինքնասպանություն գործած Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը պատմում է, որ լսելով իրենց՝ Աբրահամյանը զարմանք է հայտնել տարիներ շարունակ բողոքող մայրերի խնդիրների չլուծման համար։

«Լավ, ես իմ երեխուն հետ չեմն բերի, բայց ինչո՞ւ ուրիշները պետք է վախենան բանակ գնալ: Այսօր ես պայքարում եմ, որ էլ զոհեր չլինեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մուրադյանը:

Վարչապետի հետ հանդիպած մայրերը վկայակոչում են Սերժ Սարգսյանի՝ երեք տարի առաջ արած հայտարարությունը, երբ նախագահական նստավայրի առջև Սերժ Սարգսյանը ճաղերի հետևից ասել էր, որ ամենից շատ ինքն է ուզում, որ մեղավորները պատժվեն։

Երեք տարի անց, սակայն, մայրերը պնդում են, որ սայլը տեղից չի շարժվում։

Մահացած զինվոր Վալերի Մուրադյանի մայրը հույս ունի, որ նախագահը ինչ-որ բան կարող է անել, եթե լսի իրենց. - «Կան որոշ մարդիկ ղեկավար անձանցից, որ ասում են` միգուցե նախագահին ճիշտ ձևով չեն տեղեկացնում: Հավատանք, որ նախագահին ճիշտ ձևով չեն ներկայացնում»:

Ամեն հինգշաբթի կառավարության շենքի առջև բողոքող սևազգեստ այս կանայք պնդում են, որ իրենց տղաներին սպանել են, մինչդեռ Դատախազությունն ու Պաշտպանության նախարարությունը ամեն ինչ անում են` կոծկելու սպանությունները։ Նանա Մուրադյանը որդու մահվան գործում առկա մի շարք հակասություններն է ներկայացրել վարչապետին, պնդել, որ նրա մարմնի վրա ծեծի հետքեր են եղել, ինչը նախաքննական մարմինը հաշվի չի առել։

Նանա Մուրադյանի որդու գործը դեռ դատարան չի մտել։ Չորսուկես տարի է նախաքննություն է ընթանում, գործով 4 զինվոր մեղադրվում են որդուն ինքնասպանության դրդելու համար։ Նանան տարակուսած է, թե ինչպես կարող է նախաքննությունն այսքան երկար տևել, ինչու չեն կարողանում գործը հասցնել դատարան։ Իսկ դա խոսում է միայն այն մասին, որ որդուն սպանել են. – «Իմ որդու պարանոցի վրա երկու պարանի հետք կար... Իմ տղային խեղդել ենմ հետո կախել են»:

Բանակում մահացած զինվոր Տիգրան Օհանջանյանի մայրը` Գոհար Սարգսյանը վարչապետին է ցույց տվել որդու դիահերձման ժամանակ իրենց կողմից արված լուսանկարները։ Փորձաքննությամբ ապացուցվել է, որ դրանք մոնտաժված չեն, իրական են։ Լուսանկարներում որդու մարմնի տարբեր հատվածներում վնասվածքներ կան։

Գոհարի որդու մահվան պաշտոնական վարկածը սկզբում եղել է հոսանքահարվելը, մինչդեռ դատական երեք ատյանները այս վարկածը հերքել են ու գործն ուղարկել նոր քննության։ 4 տարի շարունակ, սակայն, նախաքննությունը չի կարողանում պատասխանել, թե եթե որդին չի հոսանքահարվել, ապա ինչից է մահացել:

Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների մայրերը ամիսներ առաջ հանդիպումներ են ունեցել նաև պաշտպանության նախարարի և գլխավոր դատախազի հետ։ Նրանց հետ հույսեր չեն կապում, ասում են, որ միայն նախագահ Սարգսյանը կարող է լուծում տալ խնդիրներին։ Վարչապետն ասել է, որ կզեկուցի նախագահին:

XS
SM
MD
LG