Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը անօրինական է համարում «Որոտան» ՀԷԿ-ի սեփականաշնորհումը


Ռոբերտ Քոչարյանը անօրինական է համարում «Որոտան» ՀԷԿ-ի սեփականաշնորհումը
please wait

No media source currently available

0:00 0:04:28 0:00
Ռոբերտ Քոչարյանը անօրինական է համարում «Որոտան» ՀԷԿ-ի սեփականաշնորհումը՝ ընդգծելով, որ այդ գործարքին մասնակցած անձինք վաղ թե ուշ պատասխանատվության են ենթարկվելու:

«Այդ գործարքի մեջ միակ դրական հանգամանքը Հայաստանի էներգետիկայում ամերիկյան ընկերության ներգրավումն է: Մնացածը որևէ կերպ չի տեղավորվում սթափ մտածողության սահմաններում: Հայաստանի էլեկտրաէներգիայի ամենագրավիչ միավորը վաճառվում է ծայրահեղ կասկածելի ձևով՝ անտեսելով օրենսդրության պահանջները /շրջանցելով խորհրդարանը/: Փաստորեն, «Որոտանի ՀԷԿՀ»-ի բոլոր էներգետիկ օբյեկտները վաճառվել են գույքի օտարման եղանակով: Այնպես, ասես վաճառվում է ընկերության հնացած գրասենյակային կահույքը: Ակնհայտ է նաև, որ Որոտանի վաճառքն այս պայմաններով կհանգեցնի էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման, իսկ դա նշանակում է, որ չինովնիկների սխալների /կամ անկշտության/ դիմաց վարձահատույց է լինելու ամբողջ Հայաստանը: Քանի դեռ ուշ չէ, հարկ է լրջորեն վերանայել համաձայնագիրը կամ ընդհանրապես հրաժարվել վաճառքից»,- Yerkir.am-ին տված հարցազրույցում ասում է Ռոբերտ Քոչարյանը և զգուշացնում.- «Գործարքի անօրինականությունն այնչափ ակնհայտ է, որ դրան առնչություն ունեցած անձինք դժվար թե խուսափեն պատասխանատվությունից, դա զուտ ժամանակի հարց է»։

Նկատենք, որ Որոտանի ՀԷԿ-ի հարցը ընդգրկված էր նաև խորհրդարանական քառյակի 12 պահանջներում: Ոչ իշխանական ուժերը մասնավորապես իշխանություններից պահանջել են բացառել «Որոտան ՀԷԿ»-երի համալիրի գույքի վաճառքն առանց Ազգային ժողովի հավանության:

«Որոտան»-ի խնդրից բացի Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է խորհրդարանական քառյակի մի քանի այլ պահանջներին: Մասնավորապես, խոսելով տեսանկարահանող սարքերի և կարմիր գծերի մասին՝ Հայաստանի 2-րդ նախագահը անհեթեթություն և ցինզիմ է որակում քաղաքացիների հաշվին մասնավոր անձանց հարստացումը։

«Փաստորեն, մեր երկրում մասնավոր ընկերությունները մենաշնորհային գործունեություն են իրականացնում քաղաքապատկան տարածքներում և, գտնվելով հակամենաշնորհային օրենսդրության ու ծառայությունների դաշտից դուրս, չվերահսկվող գերշահույթներ ստանում: Ավելին` բնակչությունից գումարների կորզման գործառույթն իրականացնում են Հայաստանի պետական կառույցները: Այսինքն` մասնավոր ընկերությունների գերշահույթը քրտնաջան աշխատանքով ապահովում են իշխանության մարմինները /ըստ մամուլի չհերքված հրապարակումների՝ այդ ընկերությունները փոխկապակցված են պաշտոնյաների հետ/: Սա անհեթեթություն ու ցինիզմ է, որը չի տեղավորվում բարոյականության որևէ սահմանում: Քաղաքացիների տուգանքները չպետք է դառնան մասնավոր անձանց հարստացման միջոց»,- ասում է Քոչարյանը՝ ընդգծելով, որ նախ տուգանքների չափը անհամադրելի է նվազագույն աշխատավարձի չափին, 2-րդ՝ խախտումների համար վճարվող գումարների գերակշիռ մասը պետք է մտնի պետական կամ համայնքային բյուջե, այլ ոչ թե մասնավոր անձի գրպանը, և 3-րդ՝ փողոցային կայանումը պետք է բացառապես Երևանի քաղաքապետարանի գործը լինի:

Խորհրդարանական քառյակը իր 12 կետերից մեկով պահանջել էր վերանայել տեսանկարահանող և լուսանկարող սարքերի, կարմիր գծերի գործող համակարգերը, սահմանել, որ տուգանքները չեն կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 10 տոկոսը, իսկ հավաքված գումարներից պետական բյուջե կատարվող մուտքերի կշիռը հասցնել առնվազն 75 տոկոսի:

Իր հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանն անդրադառնում է նաև 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու ոչ իշխանական ուժերի պահանջին՝ ընդգծելով, թե դա անկասկած նպաստավոր է:

Ինչ վերաբերում է ընդդիմությանը վերահսկողական լծակների տրամադրման պահանջին, ապա Քոչարյանն ասում է.- «Ստեղծված իրավիճակում, հաշվի առնելով կոռուպցիայի ծավալներն ու կառավարչական անարդյունավետությունը /ծանոթացեք Վերահսկիչ պալատի վերջին տարիների ստուգումների նյութերին/, դա, հավանաբար, կարող է իրական զսպիչ գործոն դառնալ չհիմնավորված, իսկ երբեմն աբսուրդային բյուջետային ծախսերի և պաշտոնատար անձանց անսահման ախորժակի դեմ»,- եզրափակում է Հայաստանի 2-րդ նախագահը:

Այսպիսով, կարելի է ասել, որ Ռոբերտ Քոչարյանը պաշտպանում է ոչ իշխանական ուժերի պահանջները, ավելին` որոշ դեպքերում հանդես է գալիս ավելի արմատական դիրքերից:

Պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե ինչպե՞ս է իշխող Հանրապետականը գնահատում Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած սուր գնահատականները, Հանրապետական խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հետևյալ պատասխանը տվեց.- «Որ սատարում է քառյակին, մենք ուրախ ենք, ուրեմն քառյակը բավականին լավ է աշխատում, եթե ունի նոր սատարողներ, եթե այդ սատարողները նոր են ի հայտ եկել. պետք է հասկանալ՝ արդյոք նոր սատարող են, թե վաղուց սատարում են։ Խնդիր չկա։ Ուրեմն մեր ընդդիմությունը կարողանում է ճիշտ նշանակետին խփել և ունի սատարողներ»։

Արձագանքելով Քոչարյանի այն գնահատականին, թե Որոտանի ՀԷԿ-ի վաճառքը իշխանությունն այնքան անօրինական ձևով է իրականցվել, որ վաղ թե ուշ դրա հետ առնչություն ունեցող անձինք պատասխանատվության են ենթարկվելու, Հովհաննես Սահակյանն ասաց, որ եթե որևէ մեկը անօրինականության մասին փաստեր ունի, ապա պետք է դիմի իրավապահ մարմիններին:

«Եթե ՀՀ որևէ քաղաքացի անկախ իր պաշտոնից, դիրքից, գտնում է, որ որևէ քայլ, գործողություն անօրինական է իրականացվում, ապա անհապաղ պետք է դիմեն դատարան կամ իրավապահ մարմիններին, որպեսզի այդ խնդիրը լուծվի»,- ասաց Սահակյանը։
XS
SM
MD
LG