Մատչելիության հղումներ

Օմբուդսմենի խորհրդական. Կառավարությունը խախտումով է հավանության արժանացրել վիճահարույց օրենքը


Օմբուդսմենի խորհրդական. Կառավարությունը խախտումով է հավանության արժանացրել վիճահարույց օրենքը
please wait

No media source currently available

0:00 0:03:25 0:00
Ըստ Հայաստանի օմբուդսմենի խորհրդական Տաթևիկ Խաչատրյանի, Հայաստանի կառավարությունը երկրի նախագահի հրամանագրի խախտումով է հավանության արժանացրել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:

Երեքշաբթի օրը, հիշեցնենք, Կառավարությունն արտահերթ նիստում հավանության արժանացրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը, ըստ որի հուլիսի 1-ից կենսաթոշակային նոր համակարգը պարտադիր է լինելու պետական մարմինների աշխատակիցների համար, իսկ մասնավոր հատվածի համար այն պարտադիր է դառնալու 2017-ի հուլիսի 1-ից:

«Օրենքի նախագիծը, որը կա այսօր այս տեսքով, լրիվ նոր խմբագրությամբ է և էապես տարբերվում է նախորդ օրենքից», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խաչատրյանը: - «Նախագիծը սահմանված կարգով և ժամանակում չի ուղարկվել Մարդու իրավունքների պաշտպանին` ներկայացման և կարծիքի: Չնայած նրան, որ կա նախագահի հրամանագիր 2007 թվականի, համաձայն որի մարդու իրավունքների և ազատությունների վերաբերյալ ցանկացած օրենքի նախագիծ նախքան Կառավարություն ուղարկվելը, պետք է ուղարկվի օմբուդսմենին: Դա չի իրականացվել: Եվ նախագիծը մենք ուշ ենք ստացել. այն ժամանակ, երբ դրվեց Ազգային ժողովում»:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի համոզմամբ` Հայաստանի իշխանությունների նախաձեռնած փոփոխությունները «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում հակասահմանադրական են, քանի որ խախտում են Հայաստանի Սահմանադրության 14.1 հոդվածում ամրագրված դրույթը՝ «Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև»:

Իշխանյանը պարզաբանեց, թե հակասահմանադրական է, երբ պետական մարմիններում աշխատող քաղաքացիները իրավունք չեն ունենա հրաժարվել կենսաթոշակային համակարգից, մինչդեռ մասնավոր սեկտորում ներգրավված անձինք կունենան այդ իրավունքը. - «Այստեղ ես տեսնում եմ մի կարևոր հարց, որը բացահայտվում է. որ քաղաքացիական ծառայողները շատ խոցելի են իրենց աշխատանքը կորցնելու վտանգի առաջ և, փաստորեն իշխանությունը օգտվում է դրանից` նրանց պարտադրելով կուտակային համակարգը: Եվս մի կարևոր հարց. փաստորեն Հայաստանում չկան արհմիություններ, որոնք պաշտպանեն աշխատողների շահերը, այդ թվում նաև` քաղաքացիական ծառայողների»:

Երեքշաբթի օրը, հիշեցնենք, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարեց, որ պետական ծառայողները չեն կարողանա հրաժարվել կենսաթոշակային նոր համակարգից:

«Ազատության» հարցին, թե մտահոգված չէ՞ արդյոք, որ խախտվում է քաղծառայողների սահմանադրական իրավունքը, Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն արձագանքեց. - «Գուցե հիմա պետծառայողները շահո՞ւմ են այս լուծմամբ… Ես շատ մասնագիտական խորը վերլուծություններ չեմ կարող անել այդ հարցի շուրջ»:
XS
SM
MD
LG