Մատչելիության հղումներ

Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանը կդիմի Արդարադատության խորհրդին


Պաշտպանը պնդում է, որ դատավոր Լևոն Ավետիսյանը համակողմանի ու հավասարակշռված դատավարություն չի անցկացնում և խախտելով միջազգային ու տեղական իրավական նորմերը՝ շարունակում է կալանքի տակ պահել ազատամարտիկին։

Ազատամարտիկների բողոքի ակցիաներ նախաձեռնելուց հետո խարդախության մեջ մեղադրված ու ազատազրկված Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը բողոք-դիմում է պատրաստել ուղղված Արդարադատության խորհրդին:

Պաշտպանը պնդում է, որ դատավոր Լևոն Ավետիսյանը համակողմանի ու հավասարակշռված դատավարություն չի անցկացնում և խախտելով միջազգային ու տեղական իրավական նորմերը՝ շարունակում է կալանքի տակ պահել ազատամարտիկին։

Ղարաբաղյան պատերազմի վետերան, պաշտոնաթող գնդապետ Վոլոդյա Ավետիսյանն արդեն կալանքի տակ է 9 ամիս։

Այսօր տեղի ունեցավ նրա գործով հերթական դատական նիստը: Նիստին ներկա Ավետիսյանի մարտական ընկերները, հարազատներն ու աջակիցները դատախազ Հենրիկ Պապիկյանին դիմավորեցին սուլոցներով, գոռում-գոչյուններով։

Ավետիսյանի պաշտպան Զաքարյանը, հայտնելով դատավորի դեմ Արդարադատության խորհուրդ դիմելու մտադրության մասին, ևս մեկ միջնորդությամբ բացարկ հայտնեց դատավոր Լևոն Ավետիսյանին։

Դատավորը, իր հերթին, հայտարարեց, թե իրեն չի մտահոգում պաշտպանի մտադրությունը՝ իր դեմ բողոքելու վերաբերյալ, և որոշ ժամանակ անց մերժեց բացարկ հայտնելու մասին միջնորդությունը։ Սա նրա դեմ բերված երրորդ միջնորդությունն էր։ Զաքարյանը անցած դատական նիստերին ևս նման միջնորդություն էր արել և մերժում ստացել։

Այս մերժումից հետո պաշտպան Զաքարյանը մեկ այլ միջնորդություն ներկայացրեց՝ պահանջեց ազատ արձակել Ավետիսյանին ավելի քան 50.000 դոլար արժողությամբ գրավի դիմաց։ Նա նշեց, որ նման ծանրության հանցագործությունների դեպքում եվրոպական նախադեպերով եվրոպական դատարանը պահանջում է ազատ արձակել մեղադրյալին հատկապես, երբ նա պատրաստ է գրավ վճարել իր ազատ արձակման դիմաց։

Դատավորը այս միջնորդության վերաբերյալ իր որոշումը կհրապարակի հաջորդ դատական նիստին։ Նշենք, որ նախորդ նիստերին նա Ավետիսյանին կալանքի տակ պահելը մի դեպքում հիմնավորել էր նրանով, որ պաշտոնաթող գնդապետը կարող է վկաների վրա ճնշումներ գործադրել, մյուս դեպքում՝ որ կարող է խուսափել դատաքննությունից:
XS
SM
MD
LG