Մատչելիության հղումներ

Վարչապետը գործարարներին հորդորում է դուրս գալ ստվերից


Վարչապետը գործարարներին հորդորում է դուրս գալ ստվերից
please wait

No media source currently available

0:00 0:03:09 0:00

Վարչապետը գործարարներին հորդորում է դուրս գալ ստվերից

Վարչապետը մինչև հուլիսի 1-ը ժամանակ է տվել հայաստանյան խոշոր գործարարներին՝ կա՛մ նրանք սեփական ցանկությամբ կսկսեն աշխատել հավասար դաշտում և դուրս կգան ստվերից, կա՛մ այդ նպատակին հասնելու համար կառավարությունը կօգտագործի իր լծակները:

Այսպիսի հայտարարություն վարչապետ Հովիկ Աբրահամյանն արեց այսօր կառավարության նիստի ժամանակ:

Երեկ, ինչպես հայտնի է, կառավարության նիստերի դահլիճում վարչապետը խոշոր գործարարաների հետ քննարկեց Հայաստանի տնտեսության վիճակը, հավասար մրցակցությանը և ստվերային տնտեսությանը վերաբերող հարցեր:

«Մենք պայմանավորվել ենք բոլորի հետ միասին, որ բոլորը պետք է աշխատեն հավասար դաշտում և բոլորը ամեն ինչ պետք է անեն, որպեսզի ստվերից դուրս գան: Դա եղել է մեր պայմանը, և մինչև հուլիսի 1-ը մենք տալու ենք հնարավորություն, որպեսզի իրենք ինքնուրույն, իրենց ցանկությամբ փորձեն աշխատել հավասար դաշտում: Եվ ես տվել եմ հանձնարարական Ֆինանսների նախարարին` բոլոր կառույցներով հետամուտ լինել այդ աշխատանքի գործընթացներին: Եվ ես գտնում եմ և նաև ունեմ համոզմունք, որ իրենք խաղի կանոնները պետք է փորձեն պաշտպանել: Եթե չպահպանեն, մենք փորձելու ենք նաև մեր լծակները օգտագործել, որպեսզի կարողանանք մեր առջև դրված խնդիրներին լուծում տանք», - կառավարության նիստում ասաց վարչապետը:

Հայաստանի իշխանությունները առաջին անգամը չէ, որ խոսում են երկրում գործարար մթնոլոտը բարելավելու, գործարարության մեջ հավասար պայմաններ ստեղծելու մասին:

Դեռ 2011-ի նոյեմբերին, ելույթ ունենալով Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարում, նախագահ Սերժ Սարգսյանն ուշագրավ հայտատարություն արեց. - «Գործարարությունը պետք է հետևողականորեն տարանջատվի պետական համակարգից և իշխանությունից»:

Սակայն Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի` այս փետրվարին հրապարակած զեկույցը պնդում է, որ Հայաստանում հարկային ու մաքսային ոլորտի պաշտոնյաները շարունակում են ապօրինաբար զբաղվել բիզնեսով՝ արդյունքում անօրինական առավելություններ ստանալով միևնույն շուկայում գործող այլ գործարարների նկատմամբ:

Այսօր կառավարության նիստից հետո էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին հիշեցրեցինք նախագահ Սարգսյանի մոտ երկուևկես տարվա վաղեմության այդ հայտարարությունը և հարցրեցինք՝ տևական ժամանակ է անցել, բայց իշխանությունները կրկին խոսում են գործարարության մեջ հավասար պայմաններ ստեղծելու մասին, արդյոք սա նշանակու՞մ է, որ անցած տարիները անարդյունքն են անցել:

«Չեմ կարծում: Որոշակի արդյունք տվեց, բայց դա պետք է ավելի զարգացնել», - արձագանքեց նախարարը:

Նա չհամաձայնեց, թե հուլիսի 1-ը վերջնաժամկետ է գործարարների համար. - «Պարզապես ինչ-որ մի սահմանագիծ է դրված, որից այն կողմ պետք է պետությունը իր վերաբերմունքը ցուցաբերի»:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանից հետաքրքրվեցինք գործարար հանրությունում հավատո՞ւմ են, որ դաշտում հավասար պայմաններ կստղեծվեն և իշխանությունների հետ այդ թվում ազգակցական կապեր ունեցող գործարարները չեն շարունակի օգտվել արտոնություններից:

«Գործարար համայնքը ցանկանում է հավատալ, որ սա հետևողական և հերթական քայլերից մեկն է, որը պետք է վերջապես բերի բիզնեսի մթնոլորտային դաշտի էական փոփոխության: Մենք մեկ օրում չենք փոխի, հուլիսի 1-ից էլ վերջնական չենք փոխի, բայց գործընթացը պետք է սկսվի, և մենք համոզվենք բոլորս, որ տնտեսության մեջ միակ խթանիչը դա հավասար մրցակցությունն է», - ասաց Ղազարյանը:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի ներկայացմամբ՝ Հայաստանում ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ իշխանությունն ու բիզնեսը շարունակում են սերտաճած մնալ․ - «Երեկվա հանդիպման ժամանակ ներկա էր Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Մենք գիտենք, որ իր բարեկամները ունեն բիզնեսներ: Եվ այստեղ, օրինակ, հարց է առաջանում՝ ինքը այնտեղ նստած էր որպես բիզնեսի ներկայացուցի՞չ, թե՞ որպես պետական պաշտոնյա: Այս խնդիրը կա, և դա միայն Գագիկ Խաչատրյանին չի վերաբերում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG