Մատչելիության հղումներ

Ֆրանսուա Օլանդը հասկանում է Հայաստանի դիրքորոշումը Ղրիմի հարցում


Ֆրանսուա Օլանդը հասկանում է Հայաստանի դիրքորոշումը Ղրիմի հարցում
please wait

No media source currently available

0:00 0:06:29 0:00

Ֆրանսուա Օլանդը հասկանում է Հայաստանի դիրքորոշումը Ղրիմի հարցում

Ֆրանսուա Օլանդը չի դատապարտում Հայաստանի դիրքորոշումը Ղրիմի հարցում, այլ փորձում է հասկանալ: Այս մասին այսօր Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Ֆրանսիայի նախագահը՝ պատասխանելով «Ֆիգարո»-ի թղթակցի այն հարցին, թե հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ֆրանսիայի նախագահն անձամբ դատապարտել է Ղրիմի բռնկացումը, արդյոք իրեն չի շփոթեցնո՞ւմ Հայաստանի դիրքորոշումը այդ հարցում:

Ֆրանսուա Օլանդն ասաց, թե Ֆրանսիայի համար շատ կարևոր է տարածքային ամբողջականության սկզբունքը, ինչը և արտահայտված է Ղրիմի հարցում:

«Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը այս հարցում, ապա յուրաքանչյուր ոք հասկանում է, որ այն կայացվել է որոշակի քաղաքական և աշխարհագրական համատեքստում, ինչը Հայաստանին մղեց պահպանել կապերը Ռուսաստանի հետ: Ես չեմ ուզում դատել, իմ խնդիրը հասկանալն է, ինչը և ես արել եմ այս ամբողջ այցի ընթացքում: Բացի այդ իմ խնդիր էր հասկանալ, թե ինչպես պետք է արձագանքի Եվրոպան Հայաստանի դիրքորոշմանը»,- ասաց Օլանդը։

«Ֆիգարո»-ի թղթակիցը Ղրիմի բռնակցմանը վերաբերող հարց ուղղեց նաև Հայաստանի նախագահին՝ հետաքրքրվելով, թե ինչո՞ւ Հայաստանը դարձավ մեկն այն սակավաթիվ երկրներից, որը ճանաչեց Ղրիմի անքեսիան Ռուսաստանի կողմից: Սերժ Սարգսյանն նախ ասաց, թե գրեթե 250 տարի Հայաստանը բարեկամություն է անում Ռուսաստանի հետ, ապա խոսեց Մաքսային միությանը միանալու և դրա օգուտների մասին:

«Ես կարծում եմ, որ որևէ մեկի համար տարօրինակ չէր Հայաստանի ցանկությունը՝ անդամակցել Մաքսային միությանը, որովհետև իրոք տնտեսական փոխկապակցվածությունը այսօր շատ բարձր մակարդակի վրա է։ Բացի դրանից մենք ունենք Ռուսաստանի հետ երկկողմ բարեկամության պայմանագիր, մենք գտնվում ենք անվտանգության միևնույն համակարգում և գումարած դրան Մաքսային միությունը որոշակի առավելություններ է տալիս անդամ երկրներին, օրինակ, հնարավորություն է տալիս Հայաստան ներկրելու մրցունակ գներով էներգակիրներ, ինչը հնարավորություն է տալիս մեր սահմանափակ հնարավորությունների պայմաններում ունենալ մրցունակ ապրանքներ։ Սա է մեր որոշման շարժառիթը»,- ասաց Հայաստանի նախագահը։

Սերժ Սարգսյանը միևնույն ժամանակ նշեց, թե անդամակցությունը Մաքսային միությանը չի նշանակում, որ դադարեցնում են կամ իսպառ վերացնում են Եվրամիության հետ հարաբերությունները:

«Ընդհակառակը պարոն Օլանդի հետ հենց այդ մասին էինք խոսում, որ շատ ցանկալի կլիներ, որ ասոցացման առանձնակի առաջարկություն լինի Հայաստանի Հանրապետության համար»,- ասաց նախագահը։

Համատեղ ասուլիսի ժամանակ Հանրային հեռուստաընկերության լրագրողը Հայաստանի նախագահին խնդրեց մեկնաբանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը, ինչպես նաև ամերիկացի համանախահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ:

Սերժ Սարգսյանն ասաց, թե բոլոր հակամարտությունները չի կարելի դիտարկել մեկ հարթության մեջ, հետևաբար հակամարտությունների լուծման մոտեցումները տարբեր են: Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրին, ապա Հայաստանի նախագահն ընդգծեց, թե մեկ անգամ չէ, որ համանախագահները հայտնել են իրենց միասնական կարծիքն այն մասին, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող ժողովրդի ազատ կամաարտահայտության միջոցով:

«Ինքնորոշման իրավունքի իրականացման սկզբունքը այլընտրանք չունի, և այս մասին բազմաթիվ անգամ հայտարարել են Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Ռուսաստանի նախագահները, արտգործնախարարները, նրանց ներկայացուցիչները, Մինսկի խումբը։ Վերջին այդպիսի մոտեցումը հանրությանը ներկայացրեց Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ով որևէ նոր բան չասաց։ Ասաց հիմնականում այն, ինչ ասել էր իր նախագահը տարբեր առիթներով։ Նույն մոտեցումը կար նաև համանախագահների հայտարարության մեջ՝ նվիրված հրադադարի 20-ամյակին»,- ասաց նախագահ Սարգսյանը։

Ասուլիսի ընթացքում չշրջանցվեց նաև Հայոց ցեղասպանության հարցը: Մասնավորապես, հայկական հեռուստաընկերություններից մեկը հարց ուղղեց Ֆրանսուա Օլանդին՝ ասելով, թե չի կարծո՞ւմ, որ եթե Թուրքիան իսկապես անկեղծ ցանկանում է կարգավորել հարաբերությունները, ապա պետք է քաղաքական կամք դրսևորի և վավերացնի ստորագրված արձանագրությունները:

Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախաշեմին տարածած հայտնի հայտարարությանը, Օլանդն ասաց, թե ինքը տեսնում է այդ հայտարարության դրական կողմերը, ամեն դեպքում, իր համոզմամբ, դա բավարար չէ, և 1915 թվականին տեղի ունեցած ջարդերը պետք է կոչվեն ցեղասպանություն:

«Այն, ինչին պետք է հասնել, ցեղասպանության ճանաչումն է»,- ասաց Օլանդը՝ ընդգծելով, որ բոլորին է հայտնի իր կարծիքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ։

Համատեղ ասուլիսից հետո Ֆրանսիայի և Հայաստանի նախագահները մասնակցեցին Միսակ Մանուշյանի անվան պուրակի բացման արարողությանը, որից հետո այցելեցին «Երևան մոլ» առևտրային կենտրոնում առաջիկայում բացվելիք ֆրանսիական «Կարֆուր» ընկերության հիպերմարկետի շինհրապարակ: Այնտեղ Սերժ Սարգսյանն ու Ֆրանսուա Օլանդը ծանոթացել են իրականացվող աշխատանքների ընթացքին: Նախագահների ներկայությամբ ստորագրվել է «Նախնական վարձակալության պայմանագիր «Երևան մոլի» և «Կարֆուր» ընկերության միջև»:

Ի դեպ, այսօր նախագահի նստավայրում ունեցած իր ելույթում Սերժ Սարգսյանը ողջունեց Ֆրանսիայի կողմից Հայաստանում կատարված ավելի քան 1 միլիարդ դոլարի հասնող ընդհանուր ներդրումները, մոտ 180 ֆրանսիական ընկերությունների ներգրավվածությունը Հայաստանի տնտեսությունում, որոնց թվում են «Պեռնո Ռիկար»-ը, «Օրանժ»-ը, «Կրեդիտ Ագրիկոլ»-ը, «Վեոլիա»-ն, «Սոր»-ը, «Ալկատել»-ը։ Այս ընկերություններին է միանում նաև «Կարֆուր»-ը:

Երկու երկրների ղեկավարներն այսօր այցելել են նաև «Երևան մոլ»-ում տեղակայված ֆրանսիական «Օրանժ» ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոն: Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներին այստեղ ներկայացրել են «Օրանժ»-ի կողմից մատուցվող ծառայությունների տեսականին:

Այս այցերով էլ այսօր ավարտվել է Ֆրանսիայի նախագահի պետական այցը Հայաստանը: Ֆրանսուա Օլանդը Երևանից մեկնել է Թբիլիսի:
XS
SM
MD
LG