Մատչելիության հղումներ

Պարտադիր պահումների դեմ բողոքեցին մանկավարժները


Պարտադիր պահումների դեմ բողոքեցին մանկավարժները
please wait

No media source currently available

0:00 0:04:34 0:00
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը այսօր հարկ չհամարեց իջնել աշխատասենյակից և լսել պարտադիր կուտակային պահումների դեմ պայքարող մի քանի տասնյակ ուսուցիչներին, ովքեր բողոքի ակցիայի միջոցով նախարարից պարզաբանում էին պահանջում:

Հիշեցնենք, վեց օր առաջ՝ ապրիլի 23-ին, Աշոտյանը շրջաբերական էր իջեցրել կրթական հաստատություններին և հղում անելով նախորդ կառավարության դիրքորոշմանը՝ խորհուրդ էր տվել ի գիտություն ընդունել, որ մինչև սեպտեմբերի 30-ը ամբողջությամբ գործում է կուտակային կենսաթոշակային բարեփոխումների օրենքի 76-րդ հոդվածը, որը վերաբերում է տույժ-տուգանքներին: Հարկ է հիշեցնել, որ հենց այդ նույն օրը նորանշանակ վարչապետը հանդես էր եկել նույն հոդվածը կասեցնելու վերաբերյալ նախաձեռնությամբ, ինչի մասին, սակայն որևիցե բառ չկար փաստաթղթում:

Վրդովված ու վիրավորված ուսուցիչների հիմնական բողոքն այն է, որ առանց այդ էլ այսօր նրանք շատ ցածր աշխատավարձ են ստանում և փաստորեն նրանց ձեռքից առնում են, ինչպես իրենք ասացին, վերջին գրոշները: Հասմիկ Քոսակյանը և Օվսանա Հարությունյան այն քչերից էին, որ համարձակվեց ներկայանալ և տեսախցիկի առջև նաև բողոքել:

«Դիմեցինք հաշվապահություն, ասացինք՝ ուզում ենք ինչ-որ դիմում ներկայացնել, որ մենք դեմ ենք պարտադիր պահումներին։ Ասացին՝ իսկ ձեզ ո՞վ է հարցնում՝ դուք դեմ եք, թե՝ կողմ»,- ասաց Քոսակյանը։

«Պիտի մի օր մանկավարժը արթնանա և հասկանա, որ իր աշխատանքից հետագա սերունդների ճակատագիրն է կախված։ Եթե մանկավարժը այսօր ձևավորի ստրուկի հոգեբանություն ունեցող մարդ, սերնդե սերունդ նրանց ձայնը լռեցնելու են, ստրկացնելու են, ճնշելու են»,- ասաց Հարությունյանը։

Արդեն իրենց կոչերում շատ ուսուցիչներ համարձակություն դրսևորեցին և բավականին խիստ պահանջներ ներկայացրեցին նախարար Աշոտյանին:

«Ստեղծվում են ինչ-որ ֆոնդեր՝ առանց մեր կամքը հաշվի առնելու։ Ի՞նչ է դա նշանակում, պարոն Աշոտյան։ Եկեք և պատասխան տվեք ներքևում։ Մենք ձեզնից բարձր պաշտոններ չենք պահանջում, մենք ձեզնից ճոխ ավտոմեքենա, շքեղ առանձնատուն չենք պահանջում։ Դա ձեր մենաշնորհն է։ Պահանջում ենք մեր արդար քրտինքով վաստակած, թեկուզ ցածր, չնչին, գրոշի արժեք ունեցող, բայց մեր վաստակած աշխատավարձերը»։

«Աշոտյան, դուրս արի «Ֆեյսբուք»-ից և իջիր ներքև» կոչն էլ մնաց անպատասխան։ Նախարարը չիջավ: Փոխարենը հասարակայնության հետ կապերի բաժնի պետն ու աշխատակազմի ղեկավարը հորդորեցին ուսուցիչներին բարձրանալ վերև և պահանջները ներկայացնել հենց աշխատասենյակում։ Ուսուցիչներին, սակայն, այս տարբերակը չգոհացրեց:

Ուսուցիչներին քաջալերելու եկած «Դեմ եմ» շարժման ներկայացուցիչներն էլ իրենց խոսքում ասում էին, որ այս պահվածքով նախարարը պարզապես իր վերաբերմունքը ցույց տվեց կրթության ոլորտի ներկայացուցիչներին:

Ի դեպ, Արմեն Աշոտյանը այսօր ավելի վաղ երևանյան բուհերից մեկում ասել էր, որ այս ակցիան լավ առիթ է մանկավարժների հետ հանդիպման համար։ Այդուհանդերձ, նա այդ առիթը չօգտագործեց։ Նախարարը նաև ասել էր, որ նոր շրջաբերական կլինի, և դե ֆակտո հին շրջաբերականը իրավական ուժ չի ունենա։ Նա նաև նշել է, որ այն ուսուցիչները, ովքեր չեն ցանկանա պահումներով ստանալ աշխատավարձը, կարող են այդ մասին տեղեկացնել ղեկավարությանը։

Այսօր երեկոյան Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում հերթական գրառումը կատարեց՝ տեղեկացնելով, որ ցուցարարների հետ հանդիպման հրավերը մնում է ուժի մեջ։

«Ուզում ենք ևս մեկ անգամ շեշտել, որ նախարարի հետ հանդիպման հրավերը մնում է ուժի մեջ, իսկ քննարկումները, հատկապես կրթության ոլորտի խնդիրների վերաբերյալ, հարկ է կազմակերպել աշխատանքային միջավայրում»,- գրել է նախարարը։
XS
SM
MD
LG