Մատչելիության հղումներ

Սահմանադրությունը կատարելագործելով «համակարգային խնդիրները չեն լուծվի»


Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, Սահմանադրական դատարանի խորհրդական Գևորգ Դանիելյանի փոխանցմամբ՝ մեկ ամիս հետո պարզ կլինի, թե նախագծում կառավարման որ տարբերակը կներառվի՝ խորհրդարանակա՞նը, թե՞ գործող կիսանախագահականը:

Դանիելյանը, այդուհանդերձ, ընդգծեց, որ կառավարման ձևի փոփոխությունը չի կարող լուծել բոլոր առկա խնդիրները:

«Տարբեր կառավարման ձևի պայմաններում կարելի է և՛ ունենալ կատարյալ ժողովրդավարություն, և՛ հակառակը՝ ձախողումներ: Հանձնաժողովը գտնում է, որ որևէ պաշտոնյա չի կարող ունենալ լայն լիազորություններ առանց կոնկրետ պատասխանատվության: Եթե անգամ գտնում ենք, որ տվյալ իրավիճակում, հաշվի առնելով արտաքին ներգործության հնարավորությունները, ինչու չէ՝ պատերազմական վիճակը և այլն, մենք կարող ենք ունենալ ուժեղ պաշտոնյաներ, ապա պետք է դրան զուգահեռ լինի նաև հավասարարժեք պատասխանատվություն», - այսօր հրավիրած ասուլիսում ասաց նա:

«Քննարկումների արդյունքում, կարծում եմ, մեկ ամիս հետո մենք ավելի հստակ դիրքորոշում կհայտնենք, թե ինչպիսին է վերջնական մեր մոտեցումը կառավարման ձևի առնչությամբ», - հավելեց Դանիելյանը:

Ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ «Ազատության» հարցին ի պատասխան Դանիելյանն ասաց․ - «Ամենայն հավանականությամբ, եթե որևիցե վերանայումներ չլինեն, մենք այլևս մեծամասնական համակարգին չենք վերադառնա: Բայց այստեղ մի շատ կարևոր խնդիր կա․ համամասնական ընտրական համակարգը ևս ունի խոցելի դրսևորումներ: Հնարավորինս պետք է դա լինի կատարյալ»:

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մի շարք քաղաքական ուժերի քննադատությանը, թե՝ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը չի հասունացել, Դանիելյանը հակադարձեց․ - «Մենք ինքներս ևս ընդունում ենք, որ Սահմանադրության բարելավումն ինքնըստինքնյան խնդիրներ չի լուծում: Եթե դա չի ուղեկցվելու համահունչ իրավակիրառ պրակտիկայով, եթե իրավական մշակույթը և քաղաքական մշակույթը ևս չի բարելավվելու դրան զուգահեռ, ապա, կարծում եմ, ամենահաջող՝ զուտ տեքստային առումով սահմանադրական բարեփոխումները հազիվ թե արդյունք ունենան: Թերևս այս խնդիրը նկատի ունենալով է, որ հանձնաժողովը գտել է, որ համակարգված մոտեցում պետք է ցուցաբերվի: Եվ բոլորին, այդ թվում նաև իշխանություններին մենք պետք է մեր ծանրակշիռ մասնագիտական խոսքն ասենք, որ նաև պետք է վերանայվի քաղաքական, իրավական մշակույթը»:

Թվարկելով մի շարք խնդրահարույց հոդվածներ՝ նա ընդգծեց, որ այսօրվա իրավակարգավորումները թույլ չեն տալիս ապահովել սահմանադրական վերահսկողություն․ - «Հաճախ ասում ենք, որ Հանրապետության նախագահը պարտավոր է հետևել Սահմանադրության կատարմանը, բայց որևէ կառուցակարգ այս առումով գոյություն չունի: Սահմանադրությունը չի պատասխանում այն հարցին, թե ինչպիսին է պատասխանատվությունն այս գործառույթը իրականացնելու համար: Եվ որ ամենակարևորն է՝ ինչ կառուցակարգերով, ընթացակարգերով սա պետոք է իրականացվի»:

«Երբ նայում ենք վիճակագրությունը, տեսնում ենք, որ իսկապես խնդիրը կա: Ցավոք, վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանում հակասահմանադրական ճանաչված օրենքները, օրենքների առանձին դրույթները մի քանի անգամ ավելի շատ են, քան հարևան երկրներում՝ միասին վերցրած», - ասաց նա:

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի՝ հակասահմանադրական ճանաչված դրույթների նկատմամբ հանրությունը, ըստ որոշ պնդումների՝ պետք է դրսևորի «հակասահմանադրական հանդուրժողականություն»:

Այս առնչությամբ Դանիելյանն ասաց․ - «Երբ Սահմանադրական դատարանը թույլ է տալիս որևէ օրենսդրական դրույթի գործողությունը, ապա մի շատ կարևոր վերապահում է անում այն իրավական դիրքորոշումներով, որն ինքը արտահայտում է: Այսինքն սա արդեն այն իրավական ակտը չէ, որը եղել է մինչև Սահմանադրական դատարանի կողմից քննության առարկա լինելը: Որովհետև եթե օրենսդրական որևէ դրույթ նոր, այլ բովանդակությամբ է ընկալվել և կիրառվել, Սահմանադրական դատարանն ասում է՝ դա կարող է գործել, բայց այլևս ոչ այդ բովանդակությամբ, ոչ այդ ընկալմամբ, այլ այն իրավական դիրքորոշումներով, որը ես հայտնել եմ: Հանդուրժում ենք ոչ թե ապօրինի օրենքը, այլ այն օրենքը, որը արդեն այլ բովանդակությամբ է»:
XS
SM
MD
LG