Մատչելիության հղումներ

«Դեմ եմ»-ը կառավարությունից ռեալ քայլեր է ակնկալում


Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 28-ին կհրապարակի Ազգային ժողովին ներկայացվելիք օրենքի նախագիծը, որպեսզի հանրությունը հստակ պատկերացնի, թե «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքին վերաբերող ինչ հարցեր են քննարկվելու խորհրդարանի հաջորդ քառօրյայում:

Երեկ կառավարության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ վարչապետը առաջարկել է ժամանակավորապես կասեցնել «այդ օրենքով պայմանավորված տույժերի հաշվարկը և հանձնարարել էր շահագրգիռ պետական մարմիններին՝ սեղմ ժամկետներում նախապատրաստել օրենքի նախագիծ»:

Ընդամենը 9 օր է մնացել, որ այս օրինագիծը մշակվի, ու «Դեմ եմ» շարժումը ուզում է հավատալ, որ նոր կառավարությունը չի խաբի ժողովրդին և ԱԺ-ին կներկայացնի հանրության իրական պահանջները:

«Դեմ եմ»-ի երեկվա բողոքի ակցիային միացած վարչապետին քաղաքացիական նախաձեռնությունն էլ առաջարկների իր փաստաթուղթը հանձնեց: Արդեն այսօր շարժման անդամները լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին, որ սպասելու են այս նախագծի հրապարակմանը, որից հետո թերևս ինչ-որ հստակեցում կմտնի նորանշանակ վարչապետի դիրքորոշման վերաբերյալ:

«Կետերը հստակ ասել ենք և նախագիծն էլ տվել ու ասել ենք՝ ապրիլի 28-ի նախագիծը մենք ևս ուզում ենք տեսնել»,- ասաց Մանե Թանդիլյանը։

«Չի լինի նախագծում, նշանակում է, որ այս կառավարությունը ևս գնաց նախորդի ուղով, պետք չէ հույս դնել այս կառավարության վրա, և ուղղակի պետք հանրային ճնշմամբ, պայքարի ուժով, ստիպելով... բայց խորհուրդ կտամ, որ նախորդի սխալները գործող կառավարությունը ուղղակի չկրկնի և առաջացած այս կատաստրոֆիկ անվստահության մակարդակը մի քիչ իջեցվի և որոշակի վստահություն ձեռք բերվի հանրության մոտ։ Դրա համար իրենք պետք է շատ ռեալ ու կոնկրետ քայլ անեն։ Ընդ որում այդ քայլը ոչ թե զիջում է, ընդամենը Սահմանադրական դատարանի որոշման պահանջի կատարումն է, որը, ես կարծում եմ, պատվաբեր գործ է և ոչ ամոթալի»,- իր հերթին ասաց Դավիթ Մանուկյանը։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ նախագահական նստավայրի դիմաց հավաքված քաղաքացիներին խոստացավ, որ խնդրին լուծում տրվելու է հնարավորինս շուտ: Առաջին քայլն ինքն արդեն իրականացրել է, և վստահեցրեց հավաքվածներին, որ հասնելու են հաջողության միասնական քննարկումների արդյունքում:

«Իմ մոտեցումն է, որ չսպասեն մինչև սեպտեմբերի 30-ը, շատ կարճ ժամկետում՝ մինչև հունիսի վերջ ունենանք մի որոշում, որը ընդունելի կլինի և ձեր կողմից, և քաղաքացիական հասարակության և քաղաքական ուժերի կողմից»,- ասաց վարչապետը։

«Հիմա, հիմա» գոչող ակտիվիստներին Հովիկ Աբրահամյանն ասաց. - «Ձեր դիրքորոշումը կառուցողական չէ, հիմա մենք ոչ մի որոշում չենք կարող կայացնել»։

«Դեմ եմ» շարժումը վարչապետին հայտնեց, որ քննարկման առարկա չէ ՍԴ-ի որոշումը, և եթե կառավարությունը ցանկանում է կառուցողական քննարկումներ, ապա այն պետք է սկսվի այն պահից, երբ ՊԵԿ-ը անջատի ինքնաշխատ հաշվիչ, Կենտրոնական դեպոզիտարիան էլ մարդու փոխարեն ֆոնդ ու կառավարիչ չընտրի:

Վարչապետը խոստացավ, որ կառավարությունը գնալու է փոխզիջումների: Այդուհանդերձ կոռեկտ չհամարեց հենց այս վայրում հենց այս պահին իրենից դիրքորոշում սպասող քաղաքացիների պահանջը.- «Երեք օրվա վարչապետ եմ, մի քիչ ըմբռնումով մոտեցեք»,- ասաց նա։

«Ազգային ժողովում դուք երկու անգամ բոյկոտեցիք քննարկումները, որը չորս խմբակցությունները ներկայացրել էին, դրա համար փողոց ենք դուրս եկել։ Ես առավոտյան ակնկալում իրավական ակտ, պաշտոնական հրապարակում, պարոն Աբրահամյան, միայն դա»,- ասաց իրավաբան Մերի Խաչատրյանը։

Այս առավոտյան նման հրապարակում կառավարության պաշտոնական կայքէջում չկար: «Դեմ եմ»-ը շարունակում է սպասել վարչապետի դիրքորոշմանը, ինչպես նաև ապրիլի 28-ին ԱԺ ներկայացվելիք փաստաթղթի հրապարակմանը, սակայն սա ամենևին չի նշանակում, որ դադարեցնում են պայքարը: Ինչպես այսօր արդեն ասաց շարժման անդամ Արսեն Մանուկյանը, խոստումները հավատ չեն ներշնչում, այլ կոնկրետ գործողությունները:

«Ինձ համար որպես քաղաքացի դեռ ոչինչ չի փոխվել»,- ասաց Մանուկյանը։

Խոսելով հետագա գործողությունների մասին՝ «Դեմ եմ» շարժման անդամ Գևորգ Գորգիսյանը ասաց, որ այս պահին թիմը նաև աշխատում է «Դեմ եմ» համակարգի ներդրման վրա՝ այսինքն, հավաքագրել, համակարգել մարդկանց, ովքեր մտահոգված են խնդրով և պատրաստ են միանալ շարժմանը: Ինչպես նաև առաջիկայում պատրաստվում են դիմել դատարան:

«Պատրաստվում ենք դատական հայցով գնալ դեպոզիտարիայի դեմ, հիմա աշխատում ենք նաև այդ ուղղությամբ»,- ասաց Գորգիսյանը։
XS
SM
MD
LG